«Կայարան» հեռուստասերիալը դիտողներն արդեն մի քանի օր է, ինչ հետեւում են դերասանուհի Գայանե Ավետիսյանի հերոսուհու հետ կապված զարգացումներին, որոնք հեռուստասերիալում նոր անակնկալների կհանգեցնեն: Գայանեն առաջինը Life.panorama.am-ին է պատմել գրեթե մեկ տարի հեռարձակվող սերիալում նոր կերպարի եւ սիրված թիմում աշխատելու մասին:
« «Կայարան» հեռուստասերիալի պրոդյուսեր Ելենա Արշակյանի կողմից առաջարկ ստացա ընդգրկվել իրենց թիմ եւ անմիջապես սիրով համաձայնեցի, քանի որ Ելենայի հետ բացի լավ ընկերներ լինելուց, նաեւ միասին սովորել ենք եւ ունենք համատեղ աշխատանքային փորձ դեռ «Որբերը» եւ «Աննա» հեռուստասերիալների ժամանակ: Այսինքն` ես գիտեի, թե ուր եմ գնում եւ ում հետ պետք է աշխատեմ, ուստի անգամ մտածելու կարիք չունեցա: Ինչպես եւ վստահ էի, Ելենան աշխատում է պրոֆեսիոնալ ու ամենակարեւորը մարդկային դերասանների հետ»,- նշեց Գայանեն:
Խոսելով նոր կերպարի մասին` դերասանուհին պատմեց.
«Շատ հետաքրքիր կերպարով եմ ներկայանում: Իմ հերոսուհին` Սառան, Հայաստանի լավագույն փաստաբաններից է, նա գլխավոր հերոսի` Առնոյի կյանքը փորձում է ոչ միայն փոխել, այլ նաեւ փրկել: Սառան շատ հետաքրքիր կնոջ կերպար է, ով լինելով շատ էմոցիոնալ, կարողանում է կառավարել իր զգացմուքները, նա կարողանում է ցույց տալ կնոջ ուժեղ կողմերը` իրականում լինելով թույլ: Բավականին հոգեբանական դեր է, այստեղ խաղալու շատ բան կա, ինչն արդեն հետաքրքիր է: «Կայարանն» արդեն մեկ տարի է, ինչ եթերում է, ու Ելենայի հետ զրուցելիս հասկացել եմ, որ Սառայի կերպարով սերիալում նոր շունչ ու գույն է մտել, նրա ներգործությունը շրջադարձային է լինելու: Ի դեպ` ընդգծեմ, որ այս նախագծի համար կտրուկ ոճափոխության եմ դիմել, որը ավելի համապատասխան կլիներ դերին: Ամեն ինչ անում եմ, որպեսզի ստանամ մի կերպար, որն իրականությանը մոտ է»:
Գայանե Ավետիսյանը դերասանական կազմից եւս շատ գոհ է: Նա մասնավորապես խոսեց Ալեքսանդր Բաբասյանի մասին, ով մարմնավորում է Առնոյի կերպարը:
«Իմ կերպարային գիծը հիմնականում զարգանում է Ալեքսանդր Բաբասյանի հերոսի հետ: Ալեքսանդրի հետ վաղուց ենք ծանոթ, նա իմ շատ լավ ընկերն է, բայց որպես խաղընկեր միասին փորձ չունեինք: Խոստովանում եմ, որ մեր առաջին իսկ խաղից հետո հասկացա, որ նա շատ հետաքրքիր խաղընկեր է, ինչը դերասանի համար անչափ կարեւոր է, չէ որ նրա խաղից է կախված նաեւ քոնը: Ինձ շատ հարմարավետ է նրա հետ խաղալը, նա դերասան է, ով պատրաստ է ամեն վայրկյան իմպրովիզի գնալ, իսկ ավելի կարեւոր է, որ դրանք դիմիացինին ոչ միայն չեն վնասում, այլեւ օգնում են: Հեռուստասերիալի հետեւորդներին կասեմ, որ իմ միջոցով մեկ ուրիշ Առնոյի են տեսնելու»,- ժպիտով նշեց Գայանեն:
Դերասանուհին գիտակցում է արդեն մեկ տարի գործող նախագծում ներգրավվելու բարդությունը, այս առումով Գայանեն մեծ պատասխանատվություն է զգում.
«Իհարկե, շատ ավելի դժվար է մտնել մի նախագիծ, որն ունի արդեն ձեւավորված ու լավ վարկանիշ, ի դեպ` սա նաեւ այն պատճառներից մեկն էր, որ համաձայնեցի ընաթցքում մուտք գործել նախագիծ: Հստակ հասկանում եմ պատասխանատվությանս չափը, բայց փորձս, մասնագիտական հմտություններս, նաեւ աշխատանքիս նկատմամբ մեծ սերն ինձ օգնում է, որպեսզի հասկանամ, թե ինչի համար եմ էկրանին: Իսկապես շատ կարեւոր է, երբ դերասանը հասկանում, թե ինչի համար է էկրանին եւ որն է իր դերը, դա կարեւոր է հենց դերասանի համար, քանի որ, եթե անընդհատ սպառվի տարբեր նախագծերում, այլեւս ասելիք չի ունենա: Երեւի թե, ես կարողացել եմ պահել այդ կարեւոր սահմանը: Միշտ ասել եմ ու կրկնեմ, եթե զգամ, որ ինչ-որ տեղ անելիք չունեմ, ապա հաստատ այդտեղ չեմ լինի: Իսկ «Կայարան»-ում ես զգում եմ, որ անելիք ունեմ: Ուրախ եմ, որ ընդամենը մի քանի օր է, ինչ իմ մասնակցությամբ սերիաները եթերում են, բայց արդեն իսկ լավ արձագանքներ կան: Շնորհակալ եմ իմ նոր թիմին, որը շատ բացառիկ է, քանի որ ամեն մեկն անում է իր գործը եւ դա անում է իսկապես շատ լավ»,- ավարտեց նա: