Երկար դադարից հետո տարեվերջին, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը: Ավարտելով իրենց այցը տարածաշրջան՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարեցին Հայաստանի և Ադրբեջանի նախագահների՝ հանդիպելու պատրաստակամության մասին: Հոկտեմբերի 6-ին՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, և հոկտեմբերի 7-ին՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպումներից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդես եկան համատեղ հայտարարությամբ: Միջնորդներն ընդգծեցին, որ հանդիպել են երկու պետությունների նախագահների հետ՝ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների սպասվող հանդիպման նախապատրաստական աշխատանքներն ավարտելու համար:

«Երկու նախագահներն էլ հակամարտության խաղաղ լուծման համար բանակցությունները վերսկսելու պատրաստակամություն են հայտնել: Սպասվող գագաթաժողովի մասին տեղեկատվությունը կհրապարակեն համապատասխան կողմերը մոտ ապագայում»,- ասված էր ԵԱՀԿ ՄԽ համանախագահների համատեղ հայտարարության մեջ:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը տարածաշրջանային այցից օրեր առաջ՝ սեպտեմբերի 23-ին, ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի շրջանակում՝ առանձին, հետո՝ եռակողմ հանդիպում էին ունեցել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հետ: Հանդիպման հիմնական նպատակն էր՝ քննարկել հակամարտության գոտում ներկա իրավիճակը, ուղիներ փնտրել բանակցային գործընթացը վերսկսելու համար և նախապատրաստվել Հայաստանի և Ադրբեջանի նախագահների գագաթաժողովին:

«Ռուսաստանը գլոբալ քաղաքականության մեջ» ամսագրի գլխավոր խմբագիր Ֆյոդոր Լուկիանովը «168 Ժամի» հետ զրույցում ասաց, որ, անկախ նրանից՝ նախագահները կհանդիպե՞ն, թե՞ ոչ, տարածաշրջանում ոչ խաղաղություն, ոչ պատերազմ իրավիճակը կշարունակվի, քանի որ ստատուս-քվոյի պահպանումը ձեռնտու է և՛ հակամարտության կողմերին, և՛ միջնորդներին, ինչպես նաև չկա երկու կողմի համար ընդունելի կարգավորման լուծում:

 

Նա ընդգծեց, որ այս պահին հակամարտության որևէ տեսակի լուծում տեսանելի չէ: «Տեսականորեն հակամարտությունն ունի երկու լուծում: Խաղաղ կարգավորման փոխընդունելի տարբերակ այս պահին, փաստորեն, գոյություն չունի: Սրա բացակայության պայմաններում նախագահները որքան էլ հանդիպեն, որևէ արդյունք չի լինելու, արդյունքը լինելու է միայն այն, որ համանախագահներն աշխատեցին և կազմակերպեցին նախագահական հանդիպում, որը կլինի նախագահական հանդիպումների շարքում՝ հերթականը, բայց՝ ոչ որոշիչը:

Պարզ է, որ կոնկրետ կարգավորում այդ հանդիպմանը չի քննարկվելու, որովհետև, հատկապես ապրիլյան պատերազմից հետո Հայաստանը պատրաստ չէ տարածքներ վերադարձնել Ադրբեջանին, իսկ Ադրբեջանը հարցին մոտենում է ամեն ինչ կամ ոչինչ դիրքերից: Նման մոտեցումների առկայության պայմաններում հանդիպումը լինելու է շփում ոչ մի լուրջ թեմայի մասին»,- ասաց Ֆյոդոր Լուկիանովը:

Այս պայմաններում, վերջինիս խոսքով, լարվածության բռնկում, որպիսին տեղի ունեցավ անցյալ տարի ապրիլին, չի բացառվում: Սակայն, ըստ նրա, պետք է հաշվի առնել, որ լարվածության աճ այս հակամարտությունում տեղի է ունեցել սովորաբար արտաքին ուժերի միջամտության դեպքում, իսկ ներկայումս որևէ արտաքին ուժ չի ցանկանում պատերազմ Ղարաբաղում:

Նա ընդգծեց, որ ԱՄՆ-ը, Ռուսաստանը, Թուրքիան շատ ավելի լուրջ այլ աշխարհաքաղաքական առաջնահերթություններ ունեն, Ղարաբաղի բռնկումը կխոչընդոտի այդ առաջնահերթությունների իրագործմանը: Սրանից ելնելով՝ ռուս փորձագետը պնդում է, որ նույնիսկ լարվածության բռնկումը Ղարաբաղյան գոտում քիչ հավանական է: «Ներկայումս եթե լինի պատերազմ Ղարաբաղում, այն հրահրված է լինելու ներքին դրդապատճառներով: Արտաքին միջամտություն պետք չի լինի փնտրել»,- նշեց Լուկիանովը:

Ռուս քաղաքագետը նշեց, որ Ռուսաստանի քաղաքականությունը, քաղաքական շահերը Հարավային Կովկասում չեն փոխվել, ուստի շարունակվելու է նույն քաղաքականությունը, ինչ նախկինում:

«Քան դեռ ԼՂ հակամարտությունը լոկալ է, Ռուսաստանը միջամտելու է դիվանագիտական միջոցներով, փորձելով ՄԽ մյուս համանախագահների հետ թույլ չտալ կոնֆլիկտի էլ ավելի մեծ բռնկում: Ռուսաստանին պատերազմը շահավետ չէ, ուստի Ռուսաստանը շարունակելու է իր վերահսկման, հավասարակշռման քաղաքականությունը: Եթե հայկական կողմը ռազմական միջամտություն է ակնկալում, այդպիսին չի լինելու:

Այս տարածաշրջանը Ռուսաստանի ուշադրության կենտրոններից մեկն է, քանի որ աշխարհում կատարվող քաղաքական գործընթացներն իրենց պրոյեկցիան են գտնում այս տարածաշրջանում, սա շատ բարդ իրավիճակ է, հենց այդ պատճառով եմ նշում, երբ լինում են արտաքին խթաններ՝ հակամարտություններ այլ գոտիներում, Արևմուտք-ՌԴ վատ հարաբերություններ, իրավիճակն այստեղ ևս լարվում է, ուստի զգույշ է պետք լինել, բայց այս պահին դրա համար նախադրյալներ չկան»,- ասաց Լուկիանովը:

Հարցին, թե նույնիսկ հայ-ռուսական միացյալ զորախմբի առկայության դեպքում Հայաստանի սահմանին սպառնացող վտանգներին միջամտություն չի՞ լինի ռուսական կողմից, Լուկիանովը պատասխանեց՝ ոչ, քանի դեռ հակամարտությունը լոկալ է ու հնարավոր է չեզոքացնել խաղաղ միջոցներով:

Իսկ եթե, ըստ նրա, Ռուսաստանը կանգնի ընտրության առջև, դա կլինի բարդ ընտրություն և բարդ որոշում Ռուսաստանի համար: Ըստ նրա՝ Ռուսաստանը փորձում է ակտիվ դիվանագիտությամբ կանխել նման վտանգները կամ վտանգների պահին գործի դնել իր կապերը երկու երկրների հետ:

Անդրադառնալով ռուս-թուրքական հարաբերություններին և այդ ձևաչափում ԼՂ հակամարտության հարցի քննարկմանը՝ ռուս վերլուծաբանն ասաց, որ խնդիր չէ, երբ Ռուսաստանն ու Թուրքիան քննարկում են ԼՂ հակամարտության կարգավորման ուղիները, դա կարող են շատ երկրներ անել:

Նրա խոսքով՝ Թուրքիան ևս որոշակի շահեր ունի տարածաշրջանում, Ռուսաստանը՝ ևս, նման քննարկումներն անհրաժեշտություն են:

Սակայն, նրա վստահեցմամբ, իրավիճակը քննարկումներից այն կողմ չի անցնում, քանի որ Թուրքիայի և Ռուսաստանի շահերը չեն համընկնում, այս հարցում համագործակցություն երկու երկրների միջև հնարավոր չէ: Լուկիանովի կարծիքով՝ հնարավոր է միայն պայմանավորվածություն, որ լարվածություն պետք չէ ո՛չ Ռուսաստանին, ո՛չ Թուրքիային, որպեսզի անակնկալներ չլինեն:

Հարցին, թե ինչո՞ւ է համանախագահների հայտարարություններից դուրս եկել Վիեննայի և Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման հարցը, Լուկիանովը պատասխանեց, թե կարելի է միայն ենթադրել, որ չկան բովանդակային բանակցություններ, որոնց դեպքում այս համաձայնությունների կատարման մասին կարելի էր խոսել:

Սակայն, ըստ քաղաքագետի, համանախագահների օրակարգից դրանք դուրս չեն եկել և կվերադառնան բանակցային սեղան, երբ կողմերը պատրաստ լինեն դրանք քննարկել:

Իր հերթին՝ Մոսկվայի «Կարնեգի» հետազոտական կենտրոնի գիտական խորհրդի անդամ, քաղաքական վերլուծաբան Ալեքսեյ Մալաշենկոն ասաց, որ նախագահական հանդիպումից որևէ առաջընթաց չի ակնկալում, քանի որ սա բարդ ու խճճված հակամարտություն է:

 

Նրա խոսքով, երբ չկան տևական, դրական բանակցություններ, նախագահական մեկ հանդիպմամբ ճեղքում չի կարող գրանցվել: Մալաշենկոյի կարծիքով, նման հակամարտությունների կարգավորման բանակցությունները ևս երկար ժամանակ են պահանջում, քանի որ համաձայնեցման ենթակա մանրուքները չափազանց շատ են, իսկ հանդիպման դեպքում նախագահները պետք է ըստ էության սկսեն զրոյական կետից:

«Տևական ժամանակ նախարարական մակարդակով բանակցություններ և հանդիպումներ չէին եղել, ավելին, նախարարները մեկը մյուսի ետևից՝ մեղադրում են միմյանց ստեղծված իրավիճակի համար: Դժվար է նման իրավիճակում որևէ առաջընթաց կանխատեսելը, չկա և չի կարող լինել առաջընթաց»,- ասաց Մալաշենկոն:

Նրա կարծիքով՝ ռազմական գործողությունների վերսկսում և ապրիլյան սցենարի կրկնություն հնարավոր է, դրա տարբեր մասշտաբներով կրկնությունների ականատեսներն ենք մենք վերջին երկու տասնամյակների ընթացքում: Սա, նրա գնահատմամբ՝ այս հակամարտության համար բնականոն է դարձել, սա պատերազմ չէ: Պատերազմական գործողությունների վտանգ ռուս վերլուծաբանը չի տեսնում, քանի որ դա արտաքին ուժերն առաջին հերթին թույլ չեն տա, իսկ բախումներ, լարվածություն շատ կլինի և երկարատև, քանի որ ԼՂ հակամարտության լուծում չկա:

Նրա խոսքով՝ սա երկարատև և երկյարաձգված հակամարտություն է, որը գուցեև չունենա լուծում: Փորձագետը հիշեցրեց, որ ապրիլյան պատերազմը տեղի ունեցավ բանակցությունների տևական դադարի ընթացքում, երբ կողմերն այլևս հույսեր չէին կապում բանակցային գործընթացի հետ: Ներկայումս, նրա կարծիքով, ևս դադարի մեջ է բանակցային գործընթացը՝ իր հետ բերելով մի շարք վտանգներ և անցանկալի սցենարներ:

Մալաշենկոն համաձայն է իր գործընկերոջ արտահայտած մտքին: Նա ևս գտնում է, որ ռազմական լայնածավալ բախումների վերսկսումը լուրջ փորձություն ու մարտահրավեր կդառնա Ռուսաստանի համար, որտեղ Ռուսաստանը պետք է իր համար անցանկալի և ոչ ձեռնտու ընտրություն կատարի: Այս պարագայում, Մալաշենկոյի խոսքով, կփոխվի Ռուսաստանի ավանդական տարածաշրջանային քաղաքականությունը, որով Ռուսաստանը գուցե շատ լծակներ կորցնի:

 

Նյութի աղբյուրը՝ 168.am