Հայաստանի և Ռուսաստանի կառավարությունների միջև ՀՀ-ին պետական արտահանման վարկ տրամադրելու համաձայնագրի կնքման առաջարկությանը համաձայնություն տալու մասին հարցն ընդգրկված է ՀՀ կառավարության նիստի օրակարգում:
Ըստ համաձայնագրի՝ 100 մլն դոլարի չափով ներգրավվող պետական արտահանման վարկը կտրամադրվի 20 տարի ժամկետով, որից 5-ը՝ արտոնյալ, տարեկան 3 տոկոս տոկոսադրույքով: Ընդ որում, ՀՀ կողմից նախատեսվում է համաֆինանսավորում համաձայնագրի շրջանակներում կնքվող պայմանագրերի արժեքի 10 տոկոսի չափով՝ ավանսային վճարումների տեսքով:
Համաձայնագրի դրույթների հիման վրա ՀՀ պաշտպանության նախարարության և «Ռոսոբորոնէկսպորտ» ԲԲԸ միջև կստորագրվեն առանձին պայմանագրեր վերոնշյալ ժամանակակից սպառազինության և տեխնիկայի ՀՀ-ին տրամադրելու կարգի, ժամկետների, այդ ռազմական տեխնիկայի կիրառմանը վերաբերող տեղեկատվության տրամադրման պայմանների, կողմերի պարտավորությունների, դրա նորոգման և տեխնիկական սպասարկման պարտավորությունների, ձեռքբերման համար վճարումների և այլ հարցերի վերաբերյալ:
Նախագծի հիմնավորման համաձայն` համաձայնագրի կնքումը համապատասխանում է ՀՀ ռազմավարական շահերին և դրա իրագործումը կծառայի ՀՀ անվտանգության ամրապնդման նպատակներին:
Հիշեցնենք, որ վերջերս Ադրբեջանի բանակը սկսել էր 15 հազար անձնակազմով խոշոր վարժանքները: Զորավարժության մեկնող շարասյան մեջ նկատվել էին չեխական արտադրության 152 մմ տրամաչափի DANA ինքնագնաց հրետանային համակարգեր (ԻՀՀ) և 122 մմ տրամաչափի RM-70 համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր (ՀԿՌՀ):
DANA ինքնագնաց հրետանային համակարգի առավելագույն հեռահարությունը շուրջ 19 կմ է: Արդիականացված տարբերակի հեռահարությունը կարող է հասնել մինչև 25.5 կմ-ի: Համակարգը կշռում է շուրջ 29 տոննա, շարժման առավելագույն արագությունը՝ 80 կմ/ժ:
Դատելով հրապարակված տեսանյութից և լուսանկարներից՝ Ադրբեջանը գնել է 2016 թ. արդիականացված Dana M1M հաուբիցներ: Հավելելենք, որ այս արդիականացված տարբերակի նախատիպն է միայն ցուցադրվել 2016 թ.: Չեխիան նախատեսում էր 33 միավոր արդիականացնել 2018-20 թթ.:
Ամենայն հավանականությամբ՝ Ադրբեջանի համար որոշակի քանակություն ավելի սեղմ ժամկետներում է արդիականացվել: Դատելով սրանից՝ կասկած չի մնում, որ Ադրբեջանը գնել է հենց Չեխայից և ոչ թե որև երրորդ երկրից:
RM-70 ՀԿՌՀ-ն կրում է 40 ուղղորդիչով 122 մմ տրամաչափի հրթիռ: Համակարգի արագ լիցքավորման համար մեքենայի թափքին տեղադրված է 40 ուղղորդիչով պահուստային փաթեթ: Համակարգը չեխական «Tatra» 815 բեռնատարի բազայի վրա է: Համակարգի առավելագույն հեռահարությունը ստանդարտ հրթիռներով՝ մինչև 21 կմ: Այն գրեթե նույնական է խորհրդային/ռուսաստանյան արտադրության «Գռադ» ՀԿՌՀ-ին:
Ադրբեջանի կողմից սպառազինությունների մրցավազքի շարունակական ու գիտակցված հրահրումը հանգեցնում է նրան, որ ՀՀ-ը ստիպված է լինում գնել նորանոր զենքեր` բյուջեի դեֆիցիտի, արտաքին մեծ պարտքի, տնտեսական ծանր վիճակի (բարելավման հեռանկարներ չկան) պայմաններում Երևանին մնում է միայն դիմել Բաքվին զենք վաճառելու համար հայ հասարակության շրջանում լայնորեն քննադատվող ՌԴ-ին՝ նոր վարկեր ստանալու և ռազմական բալանսը պահպանելու համար։
Մոսկվային այս իրավիճակը լիովին ձեռնտու է․ շատ լավ տիրապետելով ՀՀ-ի տնտեսական առկա վիճակին, հեռանկարներին ու ներուժին ՌԴ–ը ռազմական վարկերի միջոցով մեծացնում է ՀՀ-ի ռազմատեխնիկական կախվածությունը Մոսկվայից, ինչն էլ բերելու է մոտակա տասնամյակների ընթացքում քաղաքական, աշխարհաքաղաքական միակողմանի կախվածության։
Այս իրավիճակը շտկելու համար ՀՀ–ը պետք է ունենա միջոցներ՝ կառուցի նորմալ տնտեսություն, տնտեսապես հզորանա, որպեսզի լրացուցիչ եկամուտներ հատկացնի սեփական ռազմական արդյունաբերության կառուցման համար (Ադրբեջանը գնում է այդ ճանապարհով) ու մի շարք զինատեսակներում կամ գոնե արկերի մասով դառնա ինքնաբավ երկիր։
Դրան զուգահեռ Երևանը պետք է ռազմատեխնիկական նոր կապեր ստեղծի. կրկին ֆինանսներ ունենալու պարագայում, այլ երկրների հետ: Դրանք կարող են լինել արտատարածաշրջանային՝ Չինաստան, Հնդկաստան, Արևելյան Եվրոպայի երկրներ, Լատինական Ամերիկա (այդտեղ ազդեցիկ հայ համայնքեր կան), իսկ ռազմական համագործակցությունը բխում է քաղաքական սերտ կապերից։
Արտյոմ Բալասանով