ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում տեղի ունեցած միջադեպի հետևանքով կուրսանտ, պահակային Արմեն Մելքումյանը, ով մեղադրվում է իրեն ամրակցված ինքնաձիգից կուրսանտ Սիփան Գագիկի Մովսիսյանի սպանելու մեջ, 2 ամսով կալանավորվել է: Այդ մասին «Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց ՀՀ ՊՆ քննչական ծառայության ավագ սպա Մերի Սարգսյանը:

Արմեն Մելքումյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով (Սպանություն), կատարվել են քննչական անհետաձգելի գործողություններ, նշանակվել Ս.Մովսիսյանի դիակի դատաբժշկական փորձաքննություն:

Հիշեցնենք, որ ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտից 01.06.13թ., ժամը 21:40-ի սահմաններում պաշտպանության նախարարությունը հեռախոսագիր է ստացել, որ նույն օրը` ժամը 21:05-ի սահմաններում պահակակետի հերթափոխի ժամանակ, 3-րդ կուրսի կուրսանտ, պահակային Արմեն Մելքումյանն իրեն ամրակցված ինքնաձիգով կրակոց է արձակել պահակադիր, նույն կուրսի կուրսանտ Սիփան Գագիկի Մովսիսյանի ուղղությամբ՝ վերջինիս պատճառելով հրազենային վիրավորում:

Նույն օրը «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն հեմոռագիկ տրավմատիկ շոկ, կրծքավանդակի աջ կեսի թափանցող միջանցիկ հրազենային վիրավորում, հեմոթորոքս ախտորոշմամբ ընդունված Ս.Մովսիսյանը ժամը 22:20-ի սահմաններում մահացել է: