Ադրբեջանի զինուժի կրակոցից հոկտեմբերի 10-ին կրծքավանդակի շրջանում հրազենային վիրավորում ստացած եւ մահացած պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Չապլին Արմենի Մարգարյանի գործով նոր փաստեր են ի հայտ եկել:
Այս առնչությամբ, ՀՀ գլխավոր դատախազության տարածած հաղորդագրության մեջ ասվում է.
«2017թ. հոկտեմբերի 10-ին հակառակորդի կողմից արձակած կրակոցից կրծքավանդակի շրջանում հրազենային վիրավորում էր ստացել պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Չապլին Արմենի Մարգարյանը, ով մահացել էր զինվորական հոսպիտալ տեղափոխվելուց հետո: Նույն օրը հակառակորդի կողմից ապօրինաբար դիտավորությամբ Չ. Մարգարյանին կյանքից զրկելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ վեցերորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 13-րդ կետով:
Դեպքի հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ եւ լրիվ պարզման ուղղությամբ ձեռնարկված անհետաձգելի քննչական եւ այլ դատավարական գործողությունների արդյունքում ձեռք են բերվել բավարար փաստական տվյալներ առ այն, որ Չ. Մարգարյանի մահվան պատճառ են հանդիսացել նաեւ մարտական հենակետերում ինժեներական աշխատանքներ իրականացնելիս անվտանգության կանոնները չպահպանելը եւ այդ կանոնների պահպանման նկատմամբ մարտական հենակետի պատասխանատուի կողմից առերեւույթ ցուցաբերված անփույթ վերաբերմունքը:
Հաշվի առնելով այդ հանգամանքը՝ ՀՀ զինվորական դատախազության Լոռու կայազորի դատախազության դատախազի հանձնարարությամբ, ՀՀ քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 2-րդ մասի (ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունքը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ) հատկանիշներով նախատեսված առերեւույթ հանցագործություն կատարելու կասկածանքով ձերբակալվել է հենակետի պատասխանատու, ՀՀ ՊՆ N զորամասի 1-ին հրաձգային գումարտակի հրամանատարի թիկունքի գծով տեղակալ, մայոր Տ.Պ.-ն:
Նախաքննությունը շարունակվում է: