«Ռեալի» և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ՖԻՖԱ-ի վարկածով ճանաչվել է 2017 թվականի լավագույն ֆուտբոլիստ, իսկ Զինեդին Զիդանը` լավագույն մարզիչ:
«Metro»-ն գրում է, որ սրանից բացի, ուշադրություն է հրավիրում նաև այն, թե ով ում օգտին է քվեարկել տարվա լավագույնների ընտրության ժամանակ:
Ըստ պարբերականի, հատկապես աչք է ծակում ՄՅՈւ-ի և Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի քվեարկությունը` «Լավագույն մարզիչ» անվանակարգում:
«Գաղտնիք չէ, որ ֆուտբոլիստները սովորաբար քվեարկում են հենց իրենց մարզիչների օգտին: Օրինակ, «Չելսիի» հարձակվող Էդեն Ազարը քվեարկել է Անտոնիո Կոնտեի օգտին, բայց Մխիթարյանը Մոուրինյուի օգտին քվեարկելու փոխարեն` նախապատվությունը տվել է «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանին, չնայած նրան, որ Մոուրինյուն էլ նախորդ մրցաշրջանում 3 տիտղոս է նվաճել: Այս կերպ, Մխիթարյանն անարգել է պորտուգալացուն»,- գրել է կայքը:
Հիշեցնենք` Մխիթարյանը քվեարկել էր «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի (1-ին տեղ/ 5 միավոր), «Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրիի (2-րդ տեղ/ 3 միավոր) և «Մոնակոյի» գլխավոր մարզիչ Լեոանարդո Ժարդիմի օգտին (3-րդ տեղ/ 1 միավոր):
Նշենք` «Metro»-ի հետ միասին այս հանգամանքը գրավել է նաև շատ այլ միջազգային լրատվամիջոցների ուշադրությունը: