«Ժողովուրդ» թերթը գրում է. «Պաշտպանության նախարարությունում պաշտոնատար անձանց կողմից վերցվող կաշառքի ամենատարբեր դրսեւորումները շարունակվում են: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Ռուբեն Մանուչարյանը, լինելով ՀՀ ՊՆ Ն զորամասում պաշտոնատար անձ, զորամասի պայմանագրային զինծառայող Հայկ Խոսրովյանի անգործությունը պարտակելու համար նրանից յուրաքանչյուր ամիս գումար է պահանջել:
Դեպքով սկսել են զբաղվել իրավապահները: Ըստ նախաքննությունը իրականացնող մարմնի՝ 2016 դեկտեմբերի 18-ին ՀՀ ՊՆ զորամասում պաշտոնատար անձ Ռուբեն Մանուչարյանը Հայկ Խոսրովյանին այլ պահանջներ է ներկայացրել, որ նա կատարի:
Մասնավորապես Խոսրովյանից զորամասի անձնակազմին տեղափոխող ավտոմեքենայի համար 4 հատ ձմեռային անվադող է ուզել, ինչը 2016 թվականի դեկտեմբերի 19-ին Խոսրովյանը կատարել է եւ 117 հազար դրամ ընդհանուր արժողությամբ 4 հատ անվադողեր է տրամադրել:
Իրավապահները բացահայտել են նաեւ, որ ՀՀ ՊՆ զորամասի պաշտոնյա Ռուբեն Մանուչարյանը նաեւ Ռոբերտ Զաքարյանի ՝ ՊՆ զորամասում պայմանագրային զինվորական ծառայության նշանակելու գործում հրաման արձակելու համար Ռոբերտ Զաքարյանից պահանջել եւ ստացել է 250 հազար դրամ գումար:
Ասել է, թե զորամասում պայմանագրային զինծառայողները անգործության են մատնված, եւ պաշտոնատար անձինք համապատասխան գումարի դիմաց աչք են փակում այդ հանգամանքի վրա»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում