«Առավոտ» թերթը գրում է. «Ասել, որ «հելոուինը» իմ սիրած տոնն է, եւ ես այդ «մեռելային» խաղի մեջ ինչ-որ մեծ իմաստ եմ տեսնում, իհարկե, մեծ չափազանցություն կլինի: «Սեւ հումորն» ինձ ամենեւին հոգեհարազատ չէ, եւ բարեբախտաբար, ոչ իմ զավակները եւ ոչ էլ իմ շրջապատում երեխաները նման հիմարություններով չեն զբաղվում:
Բայց ինձ, ճիշտն ասած, զարմացնում է մեր հոգեւոր դասի ակտիվությունը բացառապես «հելոուինի» հարցում: Միթե սա է մեր հասարակության ամենակարեւոր խնդիրը: Ես երբեք չեմ լսել, որ հոգեւորականն ասի՝ «սիրելի օլիգարխ, սիրելի պաշտոնյա, եղի՛ր հեզ, խոնարհ, ժուժկալ, համեստ, զուսպ, մի՛ եղիր շատակեր, ագահ, ինքնասիրահարված, բռի եւ տգետ»:
Այդ բարի խորհուրդը, որը, կարծում եմ, միանգամայն համահունչ է Աստվածաշնչի ոգուն, որեւէ հոգեւորական չի հնչեցնում: Հակառակը՝ եթե հիշյալ ամբարտավան անձը որոշում է եկեղեցի կառուցել, սկսվում են ձոները՝ «ո՜վ մեծն բարերար», «ո՜վ ազգային գործիչ» եւ այլն:
Հետեւաբար այն դասի մեջ, որը կազմում է Հայաստանի «վերնախավը», մեր հոգեւորականները որեւէ թերություն չեն տեսնում: Բայց ահա, երբ գործը հասնում է երեխաներին, որոնք «հելոուին» են խաղում, նրանք լցվում են այնպիսի մի ցասումով, կարծես թե հենց այդ խաղը դադարի, Հայաստանի բոլոր հոգեւոր խնդիրները կլուծվեն:
Բայց դա դեռ քիչ է. նրանք պահանջում են, որ իրենց բոլոր զրուցակիցները նույն ձեւի անեծքներ հնչեցնեն «hելոուինի» հասցեին, կրկնեն իրենց գործածած ածականները՝ «սատանայական», «դիվային», «գեհենական» եւ այլն: Այդ ձեւով հոգեւորականները կարծում են, թե դաստիարակում են երիտասարդությանը: Բայց իրականում նման դոգմատիկ, «քառակուսի» մոտեցումներով նրանք վանում են երեխաներին, փակում են մարդկանց սրտերը Աստծո բարիքների առջեւ:
Մանավանդ, որ այդքան խիստ լինելով ինչ-որ հիմար խաղի հանդեպ՝ նրանք չափազանց «լիբերալ» են, երբ խոսքը սեփական «համքարության» մասին է: Հոգեւորականը իր հաճույքի, զվարճանքի համար կենդանիներ է սպանում եւ հետո հպարտորեն նկարվում է իր սպանած լեշերի հետ: Այստեղ նրա «գործընկերների» ցասման պաշարները սպառվում են՝ դե, ինչ արած, մարդ է, հո բոլորը Պողոս առաքյալ չեն կարող լինել: Բայց երբ խոսք է գնում ուրիշների մասին, հոգեւոր դասն այնքան խիստ է դառնում, որ նրան, թերեւս, կնախանձեին իսպանական հավատաքննիչները:
Ինձ թվում է՝ այս կյանքում կա միայն մեկ սատանայական, դիվային երեւույթ՝ դա անհանդուրժողականությունն է՝ համոզմունքը, թե միայն քո ընտրած ճանապարհն է ճիշտը, եւ բոլորը պարտավոր են այդ ճանապարհով գնալ: Այդ համոզմունքն է, որ դժոխային է դարձնում թե՛ նրա կրողի եւ թե՛ նրա շրջապատի կյանքը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում