ԵՊՀ դիմաց այսօր առավոտից տարկետման իրավունքի սահմանափակման դեմ դասադուլ հայտարարած ուսանողներն այժմ երթով շարժվում են դեպի ՀՀ Կրթության եւ գիտության նախարարություն: NEWS.am-ի թղթակիցն հաղորդում է, որ «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ ԿԳ նախարարությունից ակնկալում են իրենց բարձրացրած խնդրի վերաբերյալ վերջնական պատասխան, որից հետո կկարողանան որոշել իրենց առաջիկա քայլերը:
ԿԳՆ շենք ուսանողներն իրենց հետ տանում են փուչիկներ եւ «Տարկետում լինելու ա» գրությամբ պաստառ: Թե ինչու են տանում փուչիկներ, Դավիթ Պետրոսյանը չմանրամասնեց՝ նշելով, որ փուչիկները կոնկրետ գործողություն են իրականացնելու:
Ուսանողները դասադուլով պահանջում են պահպանել ներկայում գործող ակադեմիական տարկետման իրավունքի սկզբունքները: Նշենք, որ Պաշտպանության նախարարության առաջարկած «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագծով առաջարկվում է խիստ սահմանափակել այդ իրավունքը:


