Երևան նյուզ լրատվական կայքի Life Style բաժնի խմբագրակազմը վերլուծում և ամփոփում է հայկական շոուբիզնեսի անցուդարձն ու վերլուծական և քննադատական նյութերով անդրադառնում իրողություններին։
Կարեն Բոքսյանի (չկայացած) մենահամերգը
Լոս Անջելեսում կայացման ուղի փնտրող հայ, բայց թուրքա-ադրբեջանական հնչյուններով երգեր կատարող երգիչների ծաղկեփունջը վաստակավոր Արմենչիկի կլկլուն հետքերով ու Տիգրան Ասատրյանի պսպղուն մռութով խեղկատակի նման ձգտում է ներկայանալի դառնալ նաև Հայաստանում, ինչի վառ օրինակը Կարեն Բոքսյանի տապալված մենահամերգն է։ Մայր հայրենիքում հանդիսատեսին գրավելու համար ճվալուց բացի երգել էլ է պետք։ Երևանյան հանդիսատեսը, Բոքսյանին նոկաուտի ենթարկելով, դուրս թողեց իր հետաքրքրությունից:
Հնարավոր չէ այլ կերպ որակել չգիտակցված այն քայլը, որով հոկտեմբերի 14-ին՝ Երևանի ծննդյան օրը կազմակերպիչները, գերագնահատելով Բոքսյանին, հանձն էին առել մենահամերգի իրականացմանը։ Կազմակերպիչները նախ պետք է հարգալից վերաբերմունք դրսևորեին Երևանի ու երևանցիների հանդեպ քաղաքի օրը` նրանց մատուցելով Երևանին արժնավայել արտիստի համերգ, նամանավանd այն պարագայում, երբ որոշել էին միջոցառումը անցկացնել Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։
Բոքսյանը, որպես ռեստորանային կամ ինչպես շատերն են նշում <<վետերոկի երգիչ>>, թույլ տվյալներով ու ինքնասիրահարված կեցվածքով իրեն թույլ է տալիս գումարներ շռայլել երգերի ձայնագրությունների ու տեսահոլովակների վրա, ինչը սակայն անիմաստ ու աննպատակ է համերգային բեմերի դեպքում, քանզի ռեստորանից մեծ բեմ բարձրանալու համար երգիչը պետք է ճանապարհ անցնի ու հաշվի նստի հասարակական կարծիքի հետ։
Կարեն Բոքսյան անունը որպես երգիչ անհայտ է հանդիսատեսին նախ այն պատճառով, որ նա, ձգտելով վաստակել սիրված երգչի համբավ, արհամարհում ու անտեսում է հային ու հայկականը՝ չջանալով անգամ մեկ նմուշ ստեղծագործություն կատարել, որը հեռու կլինի ադրբեջանաթուրքական ելևէջներից ու կլինի հայկական, ազգային ու հայալեզու այնքան, որ հուզի և ուրախացնի հայ մարդուն աշխարհի յուրաքանչյուր կետում։
Իսկ մինչ այդ մեզ մնում է արձանագրել ու նշել, որ Կարեն Բոքսյանի մենահամերգը գնահատվում է չկայացած ու չստացված, իսկ որպես փաստ ընդունում և արձանագրում նաև Երևանյան դրամարկղերից ու անհատ գործակալներց ստացված այն տեղեկատվությունը, որի համաձայն տոմսերի վաճառքը չի գերազանցել 25%-ի սահմանը և հանդիսատեսի ապահովման խնդիրը լուծվել է հեռու մոտիկ ծանոթներով, հրավիրատոմսեր բաժանելով և հյուրերին համոզելով դահլիճ բերելու ճանապարհով, ինչն ընդունված և ծանոթ տարբերակ է մի շարք երգիչ—երգչուհիների համար։
շարունակելի․․․