Որոշ դեպքերում դժվար է լինում հասկանալ, թե երբ հիվանդը բժշկական միջամտության կարիք ունի։ Չափազանց կարևոր է իմանալ, թե որոնք են այդ իրավիճակները, և ինչ է հարկավոր անել այդ պահերին։ Այս տեղեկատվությունը կարող է փրկել ձեր կամ ձեր մտերմի կյանքը։
Marketium.ru-ն ներկայացրել է 5 իրավիճակ, երբ առանց հապաղելու անհրաժեշտ է շտապօգնություն հրավիրել։
Կրծքի հատվածում թույլ ցավ եք զգում, և առկա են շնչառության հետ կապված խնդիրներ։ Բոլորին է հայտնի, որ կրծքավանդակի հատվածում ուժեղ ցավը կարող է կապված լինել սրտի նոպայի հետ։ Բայց ուշադիր եղեք, դա միակ նշանը չէ։ Կանանց շրջանում նշանները կարող են այդքան էլ ակնհայտ չլինել։ Հենց այդ պատճառով շատ կանայք սրտի նոպայի ցավը շփոթում են նյութափոխանակության խնդիրների հետ։ Սրտի նոպայի մյուս նշաններից են ճնշումը կրծքավանդակի հատվածում, սրտխառնոցը, գլխապտույտը, սառը քրտինքը, շնչահեղձությունը։ Եթե կասկածում եք, որ առկա են սրտի նոպայի նշաններ, առանց հապաղելու շտապօգնություն զանգահարեք։
Առկա է ուժեղ ցավ որովայնում։ Սա կարող է ապենդիցիտի և նույնիսկ ձվարանների կիստայի նշան լինել։ Որովայնի ցավը կարող է առաջանալ մի խումբ այլ երևույթների հետևանքով՝ սկսած անառողջ սննդից՝ մինչև քրոնիկ հիվանդություններ։ Ապահովագրվելն ավելորդ չի լինի։ Ապենդիցիտը ոչ միշտ է արտահայտվում ցավով որովայնի ներքևի հատվածում։ Երբեմն ցավ կարող է նկատվել պորտի հատվածում, կամ կարող եք անհարմարություն զգալ շարժվելու ընթացքում։ Ձվարանների կիստան սովորաբար ուղեկցվում է նմանատիպ զգացողություններով։ Եթե ցավն առաջանում է անսպասելի, շարունակում է ուժեղանալ և կենտրոնացած է որովայնի աջ ներքին հատվածում, ուղեկցվում է փսխումով և ջերմաստիճանի բարձրացմամբ, շտպաօգնություն զանգահարեք։
Գլուխը հարվածել եք։ Գլխի լուրջ վնասվածքները կարող են իսկապես լուրջ հետևանքներ ունենալ։ Այդ պատճառով, եթե ընկել են կամ ավտովթարի ենթարկվել, հարկավոր է անհապաղ դիմել մոտակա հիվանդանոց։ Հարկավոր է համոզվել, որ առկա չէ ներքին արյունահոսություն։ Հարկավոր է նաև շտապօգնություն զանգահարել, եթե կորցրել եք գիտակցությունը։ Գլխի լուրջ վնասվածքի նշաններ են նաև ցավն իրանում, արյունահոսությունը քթից, ալարկոտությունը, գլխապտույտը։
Առկա է կտրվածք, և արյունահոսությունը չի դադարում։ Մի մոռացեք, որ նույնիսկ փոքր քերծվածքը կարող է ուժեղ արյունահոսության պատճառ դառնալ։ Որոշ վնասվածքներ կարող են ուղեկցվել նաև նյարդի վնասմամբ։ Եթե արյունահոսությունը չի դադարում, զանգահարեք շտապօգնություն։ Դիմեք բժշկի, որպեսզի մշակեն վնասվածքը՝ վարակից խուսափելու համար։
Ուժեղ գլխացավ ունեք։ Սա կարող է անևրիզմի կամ կաթվածի նշան լինել։ Կարող են նկատվել նաև տեսողության և խոսքի հետ կապված խնդիրներ։ Առանց ժամանակ կորցնելու շտապօգնություն զանգահարեք։
Հիշեք, որ ներկայացված տեղեկատվությունը բացառապես ինֆորմատիվ բնույթ ունի։ Այն չի կարող փոխարինել բժշկի խորհրդատվությանը։ Միայն մասնագետը կարող է ճիշտ ախտորոշել խնդիրը և ցուցումների առկայության դեպքում՝ բուժում նշանակել։
Նյութի աղբյուրը` 168.am