«Փաստ» օրաթերթը գրում է. «Գեղարքունիքի մարզի Ծովագյուղի համայնքի բնակիչները հուսախաբ են եղել: Նրանք հնդկացորեն մշակել, բայց վաճառել չեն կարողանում: «Փաստ» օրաթերթի թղթակցի հետ զրույցում բողոքեցին հնդկացորենի մշակությամբ զբաղվողները: Բերքատվության ցուցանիշներն այս տարի գոհացուցիչ չեն եղել: Եղանակային պայմանների պատճառով կանխատեսած բերքը չեն ստացել:
Նախորդ տարի մեկ հեկտարից 20 ցենտներ հնդկացորեն են ստացել, այս տարի՝ 8:
«Տարին չորային էր, բերք չկարողացանք ստանալ»,– ասացին նրանք:
Ծովագյուղում այս տարի 150 հեկտար հնդկացորեն են մշակել: 50 հեկտարից բերքահավաք ընդհանրապես չեն կատարել:
«Կարկուտը խփեց, սաղ ջարդեց: Էդ դաշտերին ձեռք չենք տվել ընդհանրապես»,– դժգոհեցին ծովագյուղցիները:
Այստեղ հնդկացորենի վերամշակման գործարան կա: Արդեն վերամշակված հնդկացորենը ծովագյուղցիները իրացնել չեն կարող: Դեռ նախորդ տարվանից էլ կա կուտած, որը գյուղացիների խոսքով, փչանում է ամբարներում ու ավտոտնակներում։
«Մշակել ենք ու չի վաճառվում: Բոլորս հույսեր էինք կապում գործարանի հետ, բայց այդտեղ մենակ վերամշակում են, չեն գնում»,– նշեցին տեղացիները:
Համայնքի ղեկավար Վահրամ Գևորգյանի խոսքով՝ տեղական արտադրողը տուժում է ներմուծվող ապրանքի պատճառով:
«Ներկրված հնդկացորենի գինը 320 դրամ է, մենք ստիպված ենք մեր ապրանքի գինն իջեցնել: 320 դրամով ձեռ չի տալիս, որ մենք վաճառենք: Գոնե 500 դրամ պետք է լինի, որ մենք կարողանանք շահույթ ունենալ»,– շեշտեց Գևորգյանը:
Ծովագյուղում արդեն երկու տարի է ինչ այլընտրանքային մշակաբույսը փոխարինում են ավանդականին: Առաջին տարում 100 հեկտար են ցանել, հետո՝ ավելացրել»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում