Լաս Վեգասում ավարտվել է «Միսս տիեզերք»՝ թվով 66-րդ միջազգային գեղեցկության մրցույթը, որի տիտղոսակիր է դարձել ՀԱՀ ներկայացուցիչ Դեմի Լի Նել-Փիթերսին։
Ի դեպ, սա աշխարհի ամենահեղինակավոր ու ամենաշատ գովազդվող մրցույթն է։ 1996-2015 թթ․ այն պատկանել է է ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփին։
«Միսս Տիեզերք» մրցույթի պատմությունը սկիզբ է առնում 1952-ից։ Մրցույթի հաղթողը ստանում է թանկարժեք թագ, մեկ տարի Նյու Յորքում ապրելու հնարավորություն ու գովազդային պայմանագիր, որի շրջանակում նա շրջագայում է աշխարհում ու մասնակցում զանազան բարեգործական միջոցառումների։
250 հազար դոլարանոց Mikimoto գահը հաղթողին է փոխանցել նախորդ հաղթողը՝ ֆրանսուհի Իրիս Միթենարը։
Եվ այսպես, ի՞նչ գիտենք նոր «Միսս տիեզերքի» մասին։
Նել Փիթերսն ուսումնասիրել է բիզնես վարչարարություն ՀԱՀ Հյուսիս-արեւմտյան համալսարանում։ Նա մասնակցում է Unbreakable հաղորդմանը, որը կանանց սովորեցնում է ինքնապաշտպանական տեխնիկաներ։ Տեսաուղերձում, որը հրապարակվել էր ավելի վաղ մրցույթի կայքում, աղջիկը խոստավանում է, որ «Միսս ՀԱՀ» տիտղոսը ստանալուց շատ չանցած կողոպուտի է ենթարկվել, նրան սպառնացել են զենքով։
Հաղթողի անունը հայտարարելուց առաջ ավանդական կարճ հարցազրույցում հաղորդավարը Դեմի Լիին հարց է տվել՝ «Ձեր ո՞ր հատկանիշով եք ամենից շատ հպարտանում ու ինչպե՞ս եք այն կիրառել մրցույթի ժամանակ»։
Աղջիկը պատասխանել է, որ իր ամենակարեւոր հատկանիշն ինքնավստահություն է համարում։ Նա շեշտել է, որ «Միսս Տիեզերքի» տիտղոսակիրը պետք է կարողանա ոչ միայն իր վախերը հաղթահարել, այլեւ ուրիշ կանանց օգնել այդ հարցում։ Աղջիկը նաեւ վստահություն է հայտնել, որ համապատասխանում է այդ չափանիշներին:
Նյութի աղբյուրը` NEWS.am STYLE