Վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության այսօրվա՝ նոյեմբերի 30-ի, նիստում հանձնարարեց տոնական եւ նախատոնական օրերին մաքսային ծառայության եւ առեւտրային բանկերի աշխատանքային գրաֆիկ սահմանել:
Նրա խոսքով, իրականացված ուսումնասիրությունները փաստում են, որ տոնական եւ նախատոնական օրերին կտրուկ ակտիվանում է արտաքին տնտեսական գործունեություն իրականացնող տնտեսավարողների գործունեությունը, ընդլայնվում են ներմուծման ու արտահանման ծավալներն ու հաճախականությունը, ֆիզիկական անձինք առավել հաճախ են հատում մաքսային սահմանը:
«Այդ պատճառով՝ անհրաժեշտ է ապահովել տոնական եւ նախատոնական օրերին արտահանմամբ եւ ներմուծմամբ զբաղվող գործարարներին ու քաղաքացիներին մաքսային մարմնի, ինչպես նաեւ առեւտրային բանկերի կողմից համապատասխան ծառայությունների մատուցումը, այդ թվում՝ մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների մաքսային ձեւակերպումները ժամանակին, առանց ընդհատումների եւ պատշաճ մակարդակով կազմակերպումը»,- ասաց Կարեն Կարապետյանը:
Ելնելով վերոնշյալից՝ վարչապետը հանձնարարեց Պետական եկամուտների կոմիտեի նախագահին եւ առաջարկում եմ Կենտրոնական բանկի նախագահին, դեկտեմբերի 2-ից սկսած՝ մինչեւ հունվարի տոնական օրերի ավարտը, տնտեսվարողներին մատուցվող մաքսային ծառայությունների անընդհատությունն ու անխափանությունն ապահովելու նպատակով՝ շաբաթ, կիրակի եւ տոնական օրերին բոլոր մաքսատներում, ինչպես նաեւ առեւտրային բանկերում սահմանել աշխատանքների կազմակերպման հերթապահություն՝ նախապես հաստատված աշխատանքային գրաֆիկին համապատասխան: