Լոնդոնում շարունակվող London Chess Classic սուպերմրցաշարում դեկտեմբերի 6-ին տեղի կունեան 5-րդ տուրի պարտիաները:
Հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը սպիտակներով կխաղա ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավի հետ: Տուրի բոլոր պարտիաները կմեկնարկեն Երեւանի ժամանակով 18:00-ին:
Նախորդ 4 տուրերում հայ գրոսմայստերը ոչ ոքի է խաղացել ԱՄՆ-ը ներկայացնող Ֆաբիանո Կարուանայի, ռուսաստանցիներ Յան Նեպոմնյաշչու ու Սերգեյ Կարյակինի, հնդիկ Վիշվանաթան Անանդի հետ եւ 2 միավորով բաժանում է 2-9-րդ տեղերը: Միանձնյա առաջատարն է 2.5 միավոր ունեցող Ֆաբիանո Կարուանան, որը նախորդ տուրում սեւերով հաղթել էր Սերգեյ Կարյակինին՝ տանելով այս մրցաշարի միակ հաղթանակը:
Հիշեցնենք, որ London Chess Classic-ը Grand Chess Tour-ի վերջին փուլն է:
London Chess Classic, 5-րդ տուր
Լեւոն Արոնյան (Հայաստան) - Մաքսիմ Վաշյե-Լագրավ (Ֆրանսիա)
Մագնուս Կարլսեն (Նորվեգիա) - Ուեսլի Սո (ԱՄՆ)
Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ) - Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան)
Մայքլ Ադամս (Անգլիա) - Հիկարու Նակամուրա (ԱՄՆ)
Յան Նեպոմնյաշչի (Ռուսաստան)- Սերգեյ Կարյակին (Ռուսաստան)