Ես ու Վիգենը տարբեր էինք, Սիլվայի հանդեպ մեր զգացածը՝ նույնպես, չնայած երկու դեպքում էլ <<Սեր>> եմ անվանում: Իմ Սիլվան ուրիշ էր: Իմ Սիլվան այն հազվադեպ հանդիպող աղջիկներն են, որոնց հնարավոր չէ չսիրահարվել առաջին հայացքից և չսիրել հետո, երբ կճանաչեիր նրա արժանիքներն ու որակները: Իսկ Վիգենի Սիլվան մեկն էր: Իմ Սիլվային ես չէի դավաճանել: Իմ Սիլվան ինձ վիրավորելու և ինձանից հիասթափվելու պատճառ չուներ: Ես նրան չէի նեղացրել և չէի էլ նեղացնի, որովհետև թքած ունեի թաղանթի բացակայության վրա: Ինձ համար իմ Սիլվայի աչքերն էին կարևոր: Այն աչքերը, որոնց մեջ այնքա՜ն կանացի իմաստություն կա: Ես առավելություն ունեի Վիգենի նկատմամբ, որովհետև իմ սիլվաներն ավելի շատ էին, քան նրա մեկը: Ամեն օր ես կարող էի հանդիպել նրանցից մեկին և, ոչ թե կրկին սիրեի, այլ շարունակեի սիրել: Ի տարբերություն Վիգենի, ես ձեռքիցս բաց չեմ թողնի նրան, չեմ ամուսնանա ուրիշի հետ և չեմ տառապի դպրոցի բակում:
Հույսն ուժ տվեց ինձ, անհուսությունը՝ խենթացրեց եղբորս: Վիգենն արդեն լռում էր միակի անունը: Զգում էի ինչ է մտածում: Ուզում էր գնալ, բախել Սիլվայի բնակարանի դուռն ու տեսներ նրան: Ուղղակի տեսներ ու վերանար աշխարհից: Ապրեր ապրածն ու վերադառնար աշխարհ՝ շարունակելու փայփայել Նահապետ պապի աճեցրած որդնած խնձորը:
Վախը խանգարում էր Վիգենին գնալ: Տնօրենի սանիկի գրկում Սիլվային տեսնելու սարսափը շղթայում էր նրա ոտքերը:
Խանդը լինելու իրավունք չունի: Եթե կա, ուրեմն քիչ է սերը: Ուրեմն սիլվայիցդ մի կտոր ինքնակամ տալիս ես ուրիշին: Ուրեմն թերացնում ես արժեքը սիլվայիդ սիրո:
Ձեռքերիս վրայով ձմեռվա պաշարը տանող մրջյունները հուշեցին, որ Վիգենը հեռախոսով համար է հավաքում:
- Ու՞մ ես զանգում,-հարցրի՝ մտածելով, որ Սիլվային:
- Նարեին:
- Էլ մի զանգի, արի գնանք տներով:
- Էսօր տուն գնալ չկա, կարգին գիշերա… ալո, մենք դպրոցի հայաթն ենք, արի,- ասաց ու անջատեց:
- Ինչի՞ կանչեցիր:
- Որ իմանամ՝ ինչիա՞ Սիլվայից հարցրել:
- Ստե՞ղ: Չե՞ս կարա տանն իմանաս:
- Տանը տնեցիք ձենս կլսեն ու կխառնվեն:
- Այսինքն ջղայնանալու ես, հա՞:
- Չգիտեմ:
- Լավ: Սպասի քեզ մի բան ասեմ ու գնամ:
- Կարաս ասես ու մնաս:
- Եթե ասածս օգուտ տա, կմնամ:
- Ասա, լսում եմ:
- Դու, Սիլվայի հետ կապված, Նարեի վրա ջղայնանալու իրավունք ընդհանրապես չունես:
- Ունեմ:
- Ասե՞մ ինչի չունես:
- Չէ:
- Գնացի:
- Լավ, ասա:
- Նարեն մեղավոր չի, որ Սիլվային սիրելով իրա հետ ամուսնացար ու մեղավոր չի, որ մինչև հիմա սիրում ես:
- Մեղավորա:
- Ո՞նց:
Նորից ասաց իմ չսիրելի, իր շա՜տ սիրելի նախադասությունը:
- Որ մի քիչ ուղեղդ աշխատացնես, կջոկես՝ ոնց:
- Ինչքան էլ աշխատացնեմ, չեմ ջոկի, ասա:
- Վիգե՞ն,- անհարմար պահի եկավ Նարեն:
- Ստեղ ենք,- կնոջը պատասխանեց Վիգենն ու ցածրաձայն դիմեց ինձ,- չգնաս:
- Իզուր ես ջղայնանալու,- շշուկով դիմեց Վիգենին:
- Մի բան պետքա անեմ, որ սիրտս հանգստանա,- խեղճ հայացքով ինձ նայեց:
- Հող կեր,- խղճացող հայացքով նայեցի նրան:
Շարունակում էինք նայել իրար, երբ Նարեն մոտեցավ, մի քանի պարտադիր հարց տվեց և, պատասխան չստանալով, զարմացած լռեց: Փորձում էի նաև հայացքով համոզել Վիգենին, որ փոխի մտադրությունը: Անօգուտ էր:
- Ինչի՞ ես Սիլվայից հետաքրքվել:
- Ուղղակի,- պատասխանեց Նարեն՝ ասես կանխազգալով, թե ինչ է լինելու:
Վիգենի դեմքին թույլ ժպիտ նկատեցի, որի գռեհկությունից հասկացա, որ կնոջ պատասխանի դատարկությունը դուր էր եկել և զայրանալու համար կառչելու տեղ թողել:
Այդ գիշեր տեսա ու լսեցի բաներ, որոնք պետք էին ինձ Նարեին ճանաչելու համար: Իրական Նարեն այն հեզ ու համեստը չէր: Վիգենը զայրացավ միայն խոսակցության սկզբում, հետո զայրացավ կինը:
Սառը զեփյուռ զգացի, որը շատ արագ վերածվեց մրրիկի և սարսուռ գցեց մարմնովս մեկ:
Վիգենը, փաստորեն, ճանաչում էր կնոջը և արեց այնպես, որ ես էլ ճանաչեմ ու հասկանամ իրեն, բայց ես, հասկանալու փոխարեն, միայն խղճացի: Նարեի ձայնը խլացնում էր դիմացի շենքից հնչող տարեդարձի երաժշտությունը և թույլ չէր տալիս գոնե թուքս կուլ տալու համար փակել բաց մնացած բերանս: Չգիտեի ինչ անել… սկսեցի նաև ինձ խղճալ, քանի որ ականատեսն էի հարազատ, բայց անճանաչելի դարձած ընտանիքի խոհանոցում եփվող անհամ ուտեստի պատրաստմանը: Մեկ բան էր ակնհայտ և ուրախացնող: Չէի խղճում Սիլվային: Սիլվան արդեն խեղճ քառյակից չէր:
- Դուք տուն-տեղ չունե՞ք: Զզվցրին էլի, չեն թողնի մի օր հանգիստ քնենք: Քրքրվեք դուք, որ…,- մեզ ուղղված տարեց կնոջ անեծքները խլացան շրխկոցով փակվող փայտե պատուհանից այնկողմ:
Ալևս չկարողացա զսպել ինձ:
- Վիգեն, խայտառակ եղանք: Եկենք տուն գնանք:
- Քե՞զ ինչ կա, ա՛յ խաբարբզիկ: Քո հաճույքի համար մեզ կռվցրիր, հիմա էլ տուն գնանք, հա՞:
Նարեի պատասխանը հատեց Վիգենի համբերությունն, ում ապտակը չուշացավ: Նորից հիշեցի Սիլվային: Հիշեցի նրա հանգստությունը, երբ պատասխանեց ապտակ ստանալուց հետո: Նարեն չշփոթվեց և վերջնականապես անցավ կանացի պարկեշտության վարդագույն սահմանը:
Հեռանում էի դպրոցի բակից՝ լսելով <<մարմանդ գետի>> անտանելի խշշոցը:
5.
Չենթարկվող ցանկությունս արգելեց տուն գնալ: Կանգնած էի այն շենքի բակում, որտեղից մեկ տարի առաջ տաքսով հեռացանք ես ու եղբայրս: Ննջարանի վառվող լույսն ուրախացնող էր: Թակեցի բնակարանի դուռը: Սպասումից շնչառությունս արագացավ և կանգ առավ, երբ բացված դռան մեջ տեսա նրան:
Ժամանակն ամենավատ բժիշկն է, որովհետև վերքը բուժելու փոխարեն կարողանում է միայն սպիացնել և ցավը թողնել ներսում: Իսկ այդ ցավն ուռուցքի պես գունդ է դառնում ու արյանդ հետ զբոսնում ամբողջ մարմնովդ մեկ, հասնում սրտիդ ու նստում հանգստանալու: Տարեցի նմանվող այդ գունդն ի վերջո դուրս է գալիս սրտիցդ միայն մի բանի համար. որ նորից ամբողջական պտույտ կատարի և նորից նստի հանգստանալու: Իսկ հանգստանում է նա հետզհետե ավելի ու ավելի երկար: Սարսափելի է միտքը, որ տարեցը հանկարծամահ կլինի նստած ժամանակ:
Մերկությունը թաքցրեց դռան հետևում ու գլխի շարժումով ներս հրավիրեց: Առանց նրան նայելու մտա հյուրասենյակ, իսկ նա շտապեց ննջարան: Կանգնած էի հյուրասենյակի համարյա կենտրոնում, երբ թիկունքից մոտեցող ձեռքերը գրկեցին ինձ… Մրջյունները սկսեցին խուճապահար վազել ու ցնդեցին հանկարծ… Կանգ առավ ամենը… Նախանձելի էր պահը հավերժության համար… Վերցրի ձեռքերն ու դրեցի սրտիս… Մեռավ տարեցը… Անվերադարձ մեռավ… Մեռավ ու կյանք տվեց ուրիշին… Ինչպես ամեն ծնվող, այս ուրիշն էլ մեղավոր էր… Ստիպեց ինձ շրջվել: Փակ էին աչքերը… Մազերից մի փունջ ընկած էր դեմքի աջ կողմում… Արագ էր շունչը… Սպիտակ վերնաշապիկը խանգարում էր տեսնել սիրտը, որտեղ նույնպես նորն էր ծնվում… Սպասում էին շուրթերը… Իսկ նորածինները սպասել չգիտեն… Վերջապես լիարժեք վայելեցինք սերը… Մեր սերը, որ վերածնվեց գիշերվա ընթացքում ու թիթեռամահ եղավ լույսը բացվելուն պես:
8.
Սիլվային վերջին անգամ տեսնելու օրից երկու տարի է անցել: Հորաքույրս մեր տուն է եկել մեկամյա թոռնիկի հետ, ում արդեն երկու ամիս է ինքն է պահում, որովհետև մայրը տեղափոխվել է ապրելու հայրական տուն և չի ուզում տեսնել ո՛չ ամուսնուն, ո՛չ էլ երեխային: Իսկ ես զարմուհուս ձեռքից բռնած արագացնում եմ նրա քայլելու սպասելի ընթացքը: Հոգնում եմ, գրկում, երեխան լաց է լինում և հասկացնում, որ էլի է ուզում քայլել: Հորաքրոջիցս երեխային դուրս տանելու խնդրանք եմ ստանում և րոպեներ անց հայտնվում դպրոցի բակում: Երեխան շարունակում է քայլել և ժպտալ ինձ՝ ի նշան շնորհակալության: Տեսնում եմ նրա այտերի փոսիկները և ակամայից գրկախառնվում հիշողություններիս, որոնց կենտրոնում, բնականաբար, Սիլվան է:
Այն առավոտ հրաժեշտ տվեց ինձ ու գնաց… Գնաց փնտրելու իր հեռուն… Հանգիստ եմ նրա համար, որովհետև վստահ եմ, որ լավ ճանաչում է դավաճաններին… Գուցե մի օր դեն նետի ձեռքի ճամպրուկն ու ների դրանց… Գուցե մի օր էլ ինձ ների երկար սպասելու և ուշանալուս համար:
9.
- Ո՞նց ես տատույով աղջիկ,- հարցրեց Վիգենը մատուցողուհուն չարդարացված ինքնագոհությամբ:
- Նորմալ… ուրի՞շ,- պատասխանեց մաստակավոր մատուցողուհին՝ սպասողական դիրք ընդունելով:
- Բա ինչի՞ տենց կոպիտ որ,- շարունակեց Վիգենը:
- Իմ խոսալու ձևնա սենց: Համ էլ ահավոր հոգնած եմ: Մի շաբաթա ոտի վրա եմ:
- Դե արի նստի: Կամ, ավելի ճիշտ, գործդ պռծի, քեզ մի հատ կարգին տեղ տանեմ, պառկի հանգստացի,- աչքով տվեց Վիգենը՝ հասկանալով, որ ճիշտ պահին հայտնվել է ճիշտ տեղում:
- Իմ գործը պռծում չունի, կյանքս: Մինչև հոկտեմբեր-նոյեմբեր էս վիճակնա:
- Լավ դե էլ մի ցրի: Քո համար եմ ասում: Պտղնի դաչա ունենք, բասեինով-բանով: Կգնանք, կլողնանք, խորոված կուտենք: Հենա, ախպերս թող ասի, թե ինչ ցենտր խորոված եմ անում,- Վիգենը նայեց ինձ՝ սպասելով, որ հաստատեմ իր խոսքը:
- Ձեզ էն սեղանից կանչում են, քուրիկ ջան,- փրկեցի ինքս ինձ սեռաքաղց երկխոսությունից:
- Կյանքս կերան էլի: Չեն թողի մի րոպե հանգստանա մարդ: Զզվել եմ արդեն,- փնթփնթալով հեռացավ խորհդավոր դաջվածքի տիրուհին:
- Վա՞տ ես արա,- զայրացավ Վիգենը,- Չէի՞ր կարում պռոստը ասեիր՝ հա:
- Դու Պտղնիում դաչա չունես, Վիգեն,- ասացի:
- Ես չունեմ, մեր Սամոն ունի:
- Ի՞նչ Սամո:
- Սամոն ախպեր, մեր Սամոն: Էն, որ վերջերս Վրաստանից 15 թիվ յուղը վրեն BMW բերեց:
- Նարեի քեռու տղու մասինա՞ խոսքը:
- Այ ապրես: Պտղնի նենց թույն դաչա ունի, որ գնաս, չես ուզի հետ գաս:
- Փաստորեն դու Նարեի ախպոր հետ շփվու՞մ ես,- զարմացա, քանի որ լավ էի ճանաչում Վիգենին:
- Շփվելը որնա՞, հազարից մեկ բանա պետք լինում, զանգվում ենք էլի… լավ էդ սաղ հեչ: Նարե ասեցիր, հիշեցի: Բա չիմացար ինչա էղել:
- Նարեն նշանվելա:
- Որտեղի՞ց գիտես:
- Մամադա ասել: Հարևանլուրով հայտարարել են, ինքն էլ լսելա:
- Զգու՞մ ես ինչ փչացածա էդ Նարեն:
- Հեչ էլ փչացած չի: Աղջիկը կյանքնա կառուցում: Լավ կանես դու էլ քո կյանքը կառուցելու մասին մտածես:
- Է՜ ախպերս… վախտին պետքա անեի: Արդեն ուշա: Պոեզս գնաց, իսկ ես իմ ձեռներով տոմսս ճղել էի:
- Վիգեն…
- Լավ թարգի: Որ մի քիչ էլ էդ թեմայով խոսանք, կգնամ ինձ մոստից կգցեմ:
Վիգենը դատարկեց գարեջրի շիշն ու շարունակեց:
- Ասում են Ֆրանսիայա գնացել: Երազում էր Փարիզը տենար… մարդը հասավ էլի իրա երազանքին…որ նրան հիշում եմ, սիրտս կանգնումա, քիչա մնում տեղից դուրս գա ու… իմ համար չէր էդ աղջիկը ապեր… ոսկի էր ընգել ձեռս, գոնե փայփայեյի… տո լավ է… էլի սկսեցի նեռվայնանալ:
Վիգենը ծխախոտ վառեց, մի շնչով ծխեց համարյա կեսն ու խոր հոգոց հանեց՝ ծխի հետ դուրս փչելով տանջող հիշողությունները:
Իսկ ես չասացի այն, ինչ ուզում էի ասել: Հետո հասկացա, որ ճիշտ արեցի: Վիգենը հաստատ չէր ցանկանա լսել ի՛մ կատարված երազանքի մասին: Չէր համակերպվի էն փաստի հետ, որ Սիլվան, ի՛ր Սիլվան, իմնա եղել: Թեկուզ մի քանի ժամ:
Մոտ երկու ժամ անց դուրս եկանք սրճարանից: Վիգենը գնաց բացահայտելու մատուցողուհու դաջվածքի գաղտնիքը, իսկ ես…
10.
Նայում էի համակարգչի էկրանին բացած էլեկտրոնային սպիտակ թղթին ու փորձում կենտրոնանալ, որ մտքերս փեղափոխեմ այնտեղ:
Հեռախոսիս նամակ եկավ: Նա էր, վերադարձել էր, իր տուն էր հրավիրում:
Չզգացի ինչպես փոխեցի հագուստս. Հագա ամենավատն ու ձայնի արագությամբ սլացա նրա տուն ՝ նոր փորձության ենթարկելու ճարպակալած զգացմունքներս:
- Ո՞նց ես,- հարցրեց:
Երանի ինձ, որ նորից լսեցի նրա ձայնը, որ նորից տեսա նրան… եթե չեք սիրել, սիրեք անպայմա՜ն: Չնայած, դա ըստ ցանկության չէ: Պետք է արժանանանաս դրան, պետք է դառնաս այն քչաքանակ ընտրյալներից մեկը, ում տրված է վայելելու՜ կյանքի իմաստը: Ու՞մ կողմից է տրվում, ի՞նչ պետք է անես, որ տրվի, չգիտեմ… ինչպես չգիտեմ այն, թե ինչ պատասխան տամ լուսավոր աղջկան, ում իսկապես հետաքրքիր էր, թե <<ո՞նց եմ>>:
- Քո համար նվեր եմ բերել: Մնումա հիշեմ, թե որտեղ եմ դրել:
Մի պահ մտածեց՝ նայելով բազմոցին եղած գույնըզգույն տոպրակներին, հետո արագ վերցրեց դրանցից մեկը, բացեց, հանեց մի փոքրիկ տուփ:
- Չէ, էս չի:
Տուփը դրեց տեղը: Շարունակեց քանդռտել տոպրակները:
- Աչքիս սենյակումա քո նվերը: Վերցրու, նկարներս նայի, գնամ, նվերդ գտնեմ:
Տվեց ինձ հեռախոսն ու գնաց… թերթում էի նկարները, հիացած նայում եվրոպական տարբեր քաղաքների տեսարժան վայրերը… սկզբում հետաքրքիր էր. հետո հետաքրքիր դարձավ մեկ այլ բան. Ինչի՞ չի գալիս, միթե՞ նվերս գտնելու համար այդքան երկար ժամանակ էր պետք… նկարներից մի քանիսում Սիլվայի կողքին մի տղամարդ կար:
<<Ո՞վ էր, ի՞նչ գործ ուներ Սիլվայի հետ, ձեռքն ինչի՞ է դրել նրա ուսին, այստեղ էլ միասին ռեստորան են գնացել, ո՞նց կխեղդեի սրան, բա դրա ժպիտը, լավ ես զգում հա՞ քեզ>>, - զայրացա, մտքումս տասը հարկանի վիրավորանքներ հնչեցրի անծանոթ սրիկայի հասցեին ու զգացի, որ համբերությունս հատման եզրին է: <<Կանչել ես, որ ցույց տաս, թե ինչ լավ ժամանա՞կ ես անցկացրել սրա հետ: Վերջ, հիմա կգնամ ննջարան ու…
- Վերջապես գտա,- ներս մտնելով ասաց Սիլվան ու ինձ մեկնեց ինչ-որ բան,- տես դուրդ գալիսա՞:
- Ովա՞ էս տղեն,- պոռթկաց տղամարդկային հետաքրքրասիրությունս, որը կարողացա թաքցնել հիմար ժիպտի տակ:
- Ընկերսա, սպասումա վերադառնամ Փարիզ, որ ամուսնանանք:
Առաջին անգամ զգացի անդիմադրելի տագնապի ուժգնությունը: Մրջնաբույնը ատոմային հարձակման ենթարկվեց, քաոս էր, մրջյունները վազվզում էին մարմնովս մեկ ու խրում ժանիքները որտեղ պատահի: Չգիտեի, որ այդքան փոքր միջատները կարող են այդ աստիճանի ցավեցնել:
- Ինչի՞ քարացար: Մտածում էիր մինչև կյանքիս վերջ պետքա սպասե՞մ քեզ: Մի Վիգեն էլ դու ես: Վախենում ես քայլ առաջ անես ու արտահայտես զգացմունքներդ… մտածում էի դու ուրիշ ես, նման չես նրան, բայց չէ… դե մի բան ասա, ինչի՞ ես լալկվել… եղբորիցդ օրինակ վերցրու: Մի հատ վեր կաց, <<տղամարդկությունդ>> ցույց տուր: Էտ նվերը մի կողմ նետի: Կամ ինչի՞ մի կողմ, նետի դեմքիս: Հա-հա, ամբողջ ուժով հարվածի դրանով ինձ, հետո ասա, որ լիրբ եմ, ում հետ ասես քարշ եմ գալիս: Ասա, ինչի՞ չես ասում: Ասա մի բան, խոսա, մենակ թե մի լռի ու ապուշի նման մի նայի դեմքիս… ավելի ճիշտ՝ գնա, հա, գնա իմ տնից… գնա ու իմացի, որ Վիգենից ոչ մի բանով լավը չես… հիմա ես երջանիկ եմ: Գիտե՞ս ինչի: Որովհետև վերջապես հանդիպեցի էն տղամարդուն, ով ձեր նման վախկոտ չի, նայումա աչքերիս մեջ ու ասումա, որ սիրումա ինձ: Այ էտա իսկական տղամարդկությունը: Ոչ թե մկան նման կռծումա սիրտս, հետո մտնումա պատի անցքը ու մտածում՝ կարողա՞ ինձ տեսան Սիլվայի հետ: Որ տենան ի՞նչ կմտածեն: Բա որ մտածեն՝ էդ լրբին տուն եմ տանելու, պահո՜, խայտառակ եղա: Արի շուտ ձեռք քաշեմ Սիլվայից, քանի բանը բանից չի անցել… ու թքած, որ սիրում եմ… կգնամ, Նարեի հետ կամուսնանամ, երեխա կունենամ ու խախանդ կապրեմ… ամուսնացա՞ր հետը, երեխա ունեցա՞ր, անունն ի՞նչ դրեցիր, Սիլվա՞… / ծիծաղեց ու լրջացավ / գնա էլի… լուռ գնա: Ոչ մի բան մի ասա, որովհետև ասածներդ արդեն արժեք չունեն… գնա:
Շարունակում էի նայել համակարգչի էկրանին բացած էլեկտրոնային սպիտակ թղթին… վերցրի հեռախոսս, նամակ չկար… կար միայն երևակայություն, որտեղ ապրում էր Սիլվան ու ասում այն, ինչ իրավունք ուներ ասելու:
11.
- Փարիզ եմ գնում,- ասացի Վիգենին շենքի մուտքի մոտ:
- Ես էլ Փարիզից եմ գալիս: Այսինքն Պտղնիից: Հավատա, Փարիզից լավ էր ապեր: Մյուս անգամ քեզ էլ հետներս կտանենք: Աֆիցանտկես մի հատ ընկերուհի ունի հատուկ քո համար: Ճիշտա, մի քիչ տարիքովա, բայց…
- Ես լուրջ եմ ասում, Վիգեն:
- Լու՞րջ… Փարիզու՞մ ինչ ես կորցրել:
- Ամեն ինչ: Բայց կգտնեմ:
- Էլի ցնդեցի՞ր: Գնում ես Փարիզ ի՞նչ անես այ ախպեր:
- Վերցրու էս, կբացես, երբ տուն գնաս:
Ծրարը տվեցի Վիգենին, գրկեցի նրան ու գնացի՝ զգալով թիկունքումս կանգնած Վիգենի սառած հայացքը:
Մի քիչ էլ կկանգներ, հետո կգնար տուն, կկարդար նամակս, ամեն ինչ կհասկանար ու, երևի, չէր ների ինձ, կամ կներեր, հետո… բայց դա արդեն ինձ չէր հետաքրքրում:
12.
Դժվար է հավատալ, բայց սոցիալական կայքերը լավ կողմեր էլ ունեն: Դանակի նման. որով կարող ես և՛ հաց կտրել, և՛ մարդ սպանել: Սիլվան պատմել էր Փարիզում ապրող ընկերուհու մասին: Հենց ընկերուհու միջոցով էլ գտա Սիլվային:
Ֆրանսերեն դժվար արտասանվող փողոցի մայթեզրին կանգնած նայում էի հայկական ռեստորանի դիմապակուց ներս: Ինձ մոտեցավ Մասիս անունով մի երիտասարդ և ուղեկցեց խոհանոց, որտեղ էլ տեսա նրան… գանգուրներից մի փունջ ընկել դեմքին և խանգարում էր հանգիստ կտրատել բիբարները: Մի քանի անգամ ազդրով ետ տարավ փունջը, բայց ապարդյուն. այն կրկին ու կրկին ընկնում էր դեմքին և փակում տեսադաշտը: Ամեն դեպքում այնքան չէր խանգարում, որ չկարողանար արագ-արագ մասնատել բիբարներն ու դրանց հետևող մնացած բանջարեղենները: Հերթը հասավ վարունքին, և միայն այդ ժամանակ նկատեց ինձ: Գուցե խորհդանշական էր վարունգի պահը. Ինչևէ, տիեզերքը ժպտաց, արևի շողերն անբնական շատությամբ թափանցեցին հայկական ռեստորանի պատուհաններից ներս ու լուսավորեցին փոքրիկ խոհանոցը, որի կենտրոնում տեսիլքների գոյությանը հավատացող Սիլվան էր: Հիմա մեզ բաժանում էր միայն գազոջախին եռացող ջրի գոլորշին, որն այնքան հաղթահարելի էր և այնքան թափանցիկ, որ չխանգարեց տեսնել ժպտացող այտերի անկրկնելի փոսիկները:
- Սիրում եմ քեզ,- խոսեցին շուրթերս ուղեղիս ու սրտիս համատեղ թելադրանքով:
- Ի՞նչ,- հարցրեց, հետո ֆրանսերենով զայրացավ քիչ հեռու անդադար հեռախոսով խոսող Մասիսի վրա:
- Սիրում եմ քեզ,- հաճույքով կրկնեցի ու ավելի բարձր:
Մասիսն անակնկալի գալով իմ բարձր ձայնից, իջեցրեց հեռախոսն ու հարցական նայեց ինձ: Սիլվան քանդեց գոլորշին ու ինձ մոտեցավ:
- Նորից ասա:
- Սիրում եմ:
- Նորից:
- Սիրում եմ քեզ: Միշտ եմ սիրել: Նույնիսկ էն ժամանակ, երբ դեռ չէի տեսել քեզ:
Սիլվան գրկեց ինձ: Ինչպես կինն է գրկում պատերազմից վերադարձած ամուսնուն, ինչպես մայրն է գրկում վազելիս վայր ընկած և ծնկները վնասած փոքրիկին, ինչպես եղնիկն իր ձագուկին, երբ անհավասար պայքարում գիշատչի երախից փրկում է: Սիլվան գրկեց ինձ, ինչպես գրկում են նրան, ում սիրում են:
13.
Մեկ սենյականոց բնակարան էր վարձել Սիլվան Սեն Ժերմեն կոչվող թաղամասում: Կահույքն անմխիթար վիճակում էր, սպասքը՝ նույնպես: Ոչ հեռուստացույց, ոչ համակարգիչ, ոչ վառարան, իսկ ամենավատն այն էր, որ միակ պատուհանից հնարավոր էր տեսնել միայն դիմացի բարձրահարկ շենքի անշուք պատը: Բնակարանը ոչ թե վերանորոգման կարիք ուներ, այլ հիմնանորոգման: Բայց այդ ամենը մեզ հետաքրքրում էր ավելի քիչ, քան այն, թե ինչպե՞ս են օրինակ՝ Մադագասկարում տոնում ամանորը կամ քանի՞ տարի են ապրում փափկամարմին փորոտանիները:
Ի դեպ Մասիսը շատ նման էր այն անծանոթ տղամարդուն, ով լուսանկարվել էր Սիլվայի հետ իմ երևակայական տխմար աշխարհում: Երբ դրա մասին պատմեցի Սիլվային, ծիծաղեց և ասաց, որ Մասիսն իր ընկերուհու ամուսինն է և, ինչպես հետագայում պարզվեց, մեր երկվորյակների կնքահայրը: Լավ տղա է Մասիսը, չնայած վաղուց հայերեն չի խոսում:
***
Ստեղծագործելու մասին շատ արագ մոռացա: Խոհարարությունը դժվար տրվեց: Մեղմ ասած`հեշտ չէր ապրել Սիրո քաղաքում: Երբ վերջին հաճախորդը գնում էր, Մասիսը կողպում էր ռեստորանի դուռը և մեքենայով հասցնում ինձ մեր թաղամաս, երբ ավելի քան քարորդ ժամ քայլում էի մինչ մեր անհրապույր բնակարան, ներս մտնում ու տեսնում նրան, երբ երկվորյակները, որոնք բարեբախտաբար մայրիկին էին նման, վերջապես քնում էին, երբ մնում էինք երկուսով, շշնջում էինք իրար անգին բառերն ու... իմաստավորված էր կյանքս, իմաստավորված:
Իմ Սիլվա, հավերժական գեղեցկուհի, իմ թթվածին, իմ արև... ներիր, որ ուշ գնահատեցի քեզ, որ սպասեցրի, որ վիգենություն արեցի: Շնորհակալ եմ երկվորյակ նվերիդ համար: Սիրում եմ քեզ...
Հեղինակ՝ Արսեն Սարգսյան