«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Թվում էր, թե 2018 թվականի ապրիլից հետո Հայաստանի վարչապետի պաշտոնի թեկնածուների հարցը փակվել է: Եթե դեռ ամիսներ առաջ քննարկվում էր երկու թեկնածուի անուն՝ Սերժ Սարգսյան եւ Կարեն Կարապետյան, ապա վերջին շրջանում Կարեն Կարապետյանի անունը արդեն դուրս էր եկել այդ երկտողանոց ցանկից:
Սակայն անցած երկու օրերին տեղի ունեցան երկու իրադարձություն, որոնք առայժմ գոնե տեսականորեն կարող են թեկնածուների ցանկում վերականգնել Կարեն Կարապետյանի անունը: Նախօրեին ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակեց այս տարվա առաջին 11 ամիսների սոցիալ-տնտեսական նախնական ցուցանիշները, իսկ երեկ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը մի քանի անակնկալ հայտարարություն արեց իր հրավիրած ասուլիսի ժամանակ:
Սկսենք վերջինից: Սերժ Սարգսյանը սահմանադրական փոփոխություններից առաջ հայտարարել էր, որ եթե ամեն ինչ ընթանա այնպես, ինչպես ծրագրված է, ապա ինքը չի հավակնում ՀՀ նախագահի կամ վարչապետի պաշտոնին: Երեկ լրագրողները այս հայտարարությունը հիշեցնելով՝ հարց են ուղղել Բաղդասարյանին. թե Սերժ Սարգսյանը, եթե ստանձնի վարչապետի պաշտոնն, ապա կստացվի, որ այնուամենայնիվ իր խոստումը դրժում է: «Սերժ Սարգսյանը, չեմ կարծում, որ ունի հավակնություններ եւ չի հավակնել վարչապետի պաշտոնին: Մենք նման հարցեր չենք քննարկում։ Դուք հետեւեք զարգացումներին, երբ մենք այդ հարցը քննարկման առարկա դարձնենք, կհայտարարենք»,- ասել է Բաղդասարյանը։
Վերջին շրջանում ոչ մի ՀՀԿ-ական նման հայտարարություն չի արել: Դե իհարկե այնպես չէ, որ ՀՀԿ-ականները, նույնիսկ կուսակցական բոսերը հետո հետ չեն կանգնում իրենց ասածներից: Բայց խնդիրը Բաղդասարյանի ասածների ֆոնն է: Մի տեսակ կարծես Սերժ Սարգսյանի՝ միայն ՀՀԿ նախագահ մնալու եւ վարչապետի պաշտոնում այլ անձի նշանակելու հեռանկարը կրկին շոշափելի ուրվագծեր է ստանում:
Հիմա՝ մյուս իրադարձության մասին: ԱՎԾ-ի հրապարակած տվյալների համաձայն, այս տարվա առաջին 11 ամիսների կտրվածքով Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշի (ՏԱՑ) աճը կազմել է 7.3 տոկոս: Կարելի է կանխատեսել, որ այս տարի տնտեսական աճը կկազմի ավելի քան 7 տոկոս: Սա ռեկորդային ցուցանիշ է անցած 5 տարիներին: Վերջին անգամ 7 տոկոսից ավելի տնտեսական աճ գրանցվել է 2012-ին:
«7 տոկոս տնտեսական աճը» Հայաստանի դեպքում մի տեսակ մոգական նշանակություն ունի: «Հայաստանի Հանրապետության այն կառավարությունը, որը տարվա արդյունքներով, դա վերաբերում է 2013-2017 թվականներին, չապահովի տնտեսական 7 տոկոս աճ, այդ կառավարությունը պետք է հրաժարական տա»,- 2013 թվականի մարտին մի քանի լրատվամիջոցների հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր Սերժ Սարգսյանը: Տեխնիկական տեսանկյունից դրանից հետո 7 տոկոս աճ չապահոված կառավարությունները հրաժարական են տվել: 2013 թվականին չապահովվեց 7 տոկոս աճ, եւ 2014-ին հրաժարական տվեց Տիգրան Սարգսյանի կառավարությունը 2015-ին նույնպես չապահովվեց 7 տոկոսը, եւ հրաժարական տվեց Հովիկ Աբրահամյանի կառավարությունը: 2016-ին նույնպես այդ ցուցանիշը չապահովվեց, սակայն Կարեն Կարապետյանը նշանակվել էր 2016-ի սեպտեմբերին միայն:
Ու հիմա ստացվում է, որ Կարեն Կարապետյանը իր վարչապետության մեկ ամբողջական տարին փակում է ավելի քան 7 տոկոս տնտեսական աճով: Ու հիմա ստացվում է որ Կարեն Կարապետյանի կառավարությունը կատարել է Սերժ Սարգսյանի պայմանը եւ ապահովել է 7 տոկոս տնտեսական աճ:
Այս տեսանկյունից գործող կառավարության եւ վարչապետի հրաժարականի համար տեխնիկապես չկան հիմքեր: Սերժ Սարգսյան-Կարեն Կարապետյան լուռ հակամարտության մեջ սա կարող է Կարեն Կարապետյանի ձեռքին լրացուցիչ խաղաքարտ լինել: Ու եթե իրոք ՀՀԿ վերնախավում, ինչպես ասում է Վահրամ Բաղդասարյանը, դեռ քննարկումներ չեն եղել ապագա վարչապետի թեկնածության վերաբերյալ, ապա կարելի է կասկած հայտնել, որ դեռ ամեն ինչ չէ, որ որոշված է:
Բայց դա ընդամենը կասկած է: Կասկածներ կարող են լինել նաեւ, որ իշխանությունը ընդամենը փորձում է թուլացնել հանրության զգոնությունը եւ մինչեւ գալիք ապրիլ հանրությանը դրական լիցքեր հաղորդել, թե վերջապես հնարավորություններ են ստեղծվել Սերժ Սարգսյանին մի քիչ մոռանալու, նրա ներկայությունը մի քիչ չզգալու շուրջ: Հաշվի առնելով, թե քանի տասնամյակ է Սերժ Սարգսյանը «մեր կողքին», ապա դա իրոք դրական լիցքեր է հաղորդում: Թեկուզ մի քանի ամսով՝ մինչեւ 2018-ի ապրիլը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում