Ֆրանսիական ՊՍԺ-ն պատրաստ է մեծ գումարներ ծախսել «Լացիոյի» կիսապաշտպան Սերգեյ Միլինկովիչ-Սավիչի տրանսֆերը գնելու համար:

Ինչպես հայտնում է «Corriere dello Sport»-ը, փարիզյան գրանդը ֆուտբոլիստի տեղափոխության համար մտադիր է վճարել 170 մլն եվրո: Նշվում է, որ ակումբում սերբ ֆուտբոլիստին դիտարկում են որպես Տիագո Մոտային փոխարինող:

22-ամյա խաղացողի ծառայություններով հետաքրքրված են նաև «Մանչեսթեր Յունայթեդը», «Չելսին» և «Բարսելոնան»:

Եթե ֆուտբոլիստի տրանսֆերը իրականանա, ապա նա կդառնա ակումբի պատմության երրորդ ամենաթանկարժեք խաղացողը:

Ամռանը հռոմեական ակումբը Միլինկովիչ-Սավիչին հրաժարվել էր վաճառել 70 մլն եվրոյի դիմաց: Կիսապաշտպանի պայմանագրի ժամկետը նախատեսված է մինչև 2022 թվականը: