Երեւանում, այսօր՝ հունվարի 8-ի վաղ առավոտյան, Աբովյան փողոցի եւ Սայաթ-Նովա պողոտայի խաչմերուկում տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետեւանքով մարմնական վնասվածքներ ստացած ՃՈ ծառայող Խաչիկ Գասպարյանի վիճակը ծայրահեղ ծանր է գնահատվում: Նա վթարի հետեւանքով ստացել է ծանր աստիճանի գլխի սալջարդ, պարանոցի ողի կոտրվածք, թոքի վնասվածք, կոնքի ոսկորի եւ ազդրի կոտրվածք: Խաչիկ Գասպարյանը գտնվում է թիվ 1 համալսարանական հիվանդանոցում:

Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր՝ հունվարի 8-ին, ժամը 04:13-ին ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Աբովյան փողոցի եւ Սայաթ-Նովայի պողոտայի խաչմերուկում բախվել են «Toyota Corolla» մակնիշի 243 II 02 համարանիշի (վարորդ՝ Արեգ Դ.) եւ «BMW X6» մակնիշի 7270-17- HV տրանզիտ համարանիշի (վարորդ՝ Ս. Մ.) ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելն Արեգ Դ.-ն տեղափոխվել է «Նաիրի» ԲԿ, որտեղ մահացել է:

Փրկարարները «Toyota Corolla» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել 34-ամյա Խաչիկ Գ.-ին, ով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծայրահեղ ծանր:

BMW X 6-ի վարորդը դեպքի վայրից դիմել է փախուստի, սակայն ժամեր անց ներկայացել է ոստիկանություն: Ըստ մամուլում շրջանառվող տեղեկությունների, BMW X 6-ը վարել է հանրությանը հայտնի, բազմաթիվ ավտովթարների հեղինակ, քրեական պատմություններով հարուստ, նախկինում դատապարտված «Ճվճվ Արոյի» որդին՝ «Սաքուլիկ» մականվամբ Սարգիս Վարդանյանը:

Մահացած Արեգ Դավթյանն ու վիրավոր Խաչիկ Գասպարյանը ծառայության մեջ են եղել. աշխատում էին ՃՈ 1-ին սպայական գումարտակում: