Թուրքիայի իրավապահ մարմինները այսօր առավոտյան տեղական ժամանակով 7,30-ին, օգտագործելով արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ, ներխուժել են Թաքսիմ հրապարակ, որտեղ շարունակում են մնալ Գեզի այգու ցուցարները արդեն երկրորդ շաբաթվա ընթացքում:Այս մասին գրում է Hurrietdailynews-ը:
Սա առաջին անգամն էր, որ ոստիկանությունը ներխուժել է հրապարակ սկսած հունիսի մեկից:
Կառավարությունը նշել է, որ իրենց գործողությունների միակ նպատակը եղել է «Աթա Թուրքի արձանի վրա և համանուն մշակույթային կենտրոնում տեղադրված բաներների և դրոշակների մաքրելը» և ոչ մի գործողություն ծրագրված չի եղել Գեզի այգու ցուցարների դեմ: Բախումներ են տեղի ունեցել ոստիկանության և մի քանի ցուցարների միջև, իսկ մեծամասնությունը նահանջել է Գեզի այգի և կոչ են արել մնացածին պահպանել հանդարտություն:
Որոշ հեռուստահեռարձակումներում երևում է, թե ինչպես են ցուցարները օգտագործում մոլոտով կոկտեյլներ: Գեզի այգու ցուցարները արագությամբ առանձնացել են ոստիկանության հետ բախվողներից և իրենց Twitter-յան էջում գրել, որ երբևիցե չեն տեսել նրանց, ովքեր շպրտում են մոլոտով կոկտեյլներ:
Բախումները շարունակվում են Թաքսիմ հրապարակաին հարակից փողոցներում: Ոստիկանությունը նաև արցունքաբեր գազ է օգտագործել նրանց նկատմամբ, ովքեր փորձել են մտնել Թաքսիմ հրապարակ:
Ձերբակալվել են նաև մի քանի ցուցարներ, որոնք ուղղակի փորձում էին ոստիկանությանը համոզել չօգտագործել արցունքաբեր գազ:
Համաձայն գործակալության աղբյուրների առնվազն երկու մարդ վիրավորվել է ոստիկանության հետ բախումների ժամանակ: Ընդ որում վիրավորներից մեկը անգիտակից վիճակում է և ամենայն հավանականությամբ մահացել է: