Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի առաջատար Հենրիխ Մխիթարյանի շուրջ վերջին ամիսներին ծավալվող ինտրիգը հանգուցալուծվեց: Ինչպես տեղեկացնում է Անգլիայի Պրեմիեր լիգայի տրանսֆերային նորությունների թվիթերյան էջը, «Արսենալը» համաձայնել է Մխիթարյանին վճարել շաբաթական 130 հազար ֆունտ, և գործարքը կարելի է կայացած համարել։

Մխիթարյանը, բացի աշխատավարձից, կստանա նաև բոնուսներ և կդառնա լոնդոնյան ակումբի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը։ Նույն աղբյուրի համաձայն՝ հայ կիսապաշտպանը 4 տարվա պայմանագիր կկնքի «Արսենալի» հետ։

Հենրիխը տեղափոխվում է Անգլիայի առաջնության և համաշխարհային ֆուտբոլի ամենատիտղոսակիր ակումբներից մեկը և անշուշտ դառնալու է լոնդոնյան ակումբի շարժիչ ուժը ու անկասկած նոր փառավոր էջ է գրելու իր մարզական կենսագրության մեջ:

«Արսենալը» ներկայումս Անգլիայի առաջնության վեցերորդ հորիզոնականում է, և, անշուշտ, փորձառու մարզիչ Արսեն Վենգերը հույս ունի հայ ֆուտբոլիստի շնորհիվ հայտնվել «ոսկե» քառյակում և նվաճել Չեմպիոնների լիգայի ուղեգիր: «Մանչեսթեր Յունայթեդում» Մխիթարյանին «կոտրեց» Ժոզե Մոուրինյոյի կամակորությունը, և այս առումով նրա տեղափոխությունը Լոնդոն նույնիսկ կարելի է շահավետ գործարք համարել, որովհետև Արսեն Վենգերն աչքի է ընկնում հաշվենկատությամբ և, որպես կանոն, խրախուսում է մարզիկների առողջ հավակնությունների զարգացումը:

Սակայն Հենոյի նոր նվաճումը առողջացման, ինքնահաստատման հզոր ազդակ պետք է լինի մեր հասարակության համար, որին այս օրերին համակել են դեպրեսիսյի, հուսահատության տրամադրությունները: Անցած ամիսներին ամեն ինչ հուշում էր այն մասին, որ Մխիթարյանը «կոտրվելու» է, որովհետև վերջինս անարդար, հաճախ կամայական վերաբերմունքի էր արժանանում ակումբում, իսկ ազգային հավաքականը, մեղմ ասած, բարոյական սնուցման աղբյուր չէր մեր առաջատարի համար: Սակայն իր համար ամենածանր ամիսներին Հենրիխն իրեն պահեց իսկական պրոֆեսիոնալի պես. ավելի նվիրվեց ֆուտբոլին՝ անհատապես աշխատելով իր վրա, ցուցաբերեց զսպվածություն և նպատակասլացություն:

Տաղանդ, աշխատասիրություն, երազանք՝ ահա այն հատկանիշները, որոնք Հենրիխի համար փակեցին մանչեսթերյան ճգնաժամի էջը՝ բացելով լոնդոնյան աստեղային հեռանկարի ճանապարհը:

Այս հատկանիշները «վարակիչ» պետք է դառնան մեր հասարակության յուրաքանչյուր անդամի համար՝ մերժելի դարձնելով քրեաօլիգարխիայի պարտադրած եղկելի «մշակույթը», նվաստացուցիչ նշաձողը:

 Նյութի աղբյուրը՝ 1in.am