Lragir.am-ը գրում է.

Արցախի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ հունվարի 20-ին հայկական եւ ադրբեջանական զորքերի շփման գծի հյուսիսային ուղղությամբ անօդաչու սարքից արկ են նետել հայ դիրքապահների դիրքերի վրա: Մեկ այլ տեղամասում նույնպես անօդաչու սարքի միջոցով տնայնագործական մեթոդով պատրաստված նռնակ է նետվել: Հայկական կողմը կորուստներ չի ունեցել:
Երեկ մամուլը գրել է ադրբեջանցի գնդապետ Ռահիմ Ալիեւի մահվան մասին: Այսօր Ադրբեջանի ՊՆ-ն հաղորդել է, որ գնդապետն իբր զոհվել է դժբախտ պատահարի հետեւանքով, վարժանքների ժամանակ, սակայն սոցցանցերի օգտատերերը պնդում են, որ գնդապետը մարտական պայմաններում է զոհվել:
Ավելի վաղ լրատվամիջոցները գրել էին, որ զոհված գնդապետն ապրիլյան պատերազմի հրամանատարներից մեկն է եւ մասնակից է ադրբեջանական զորքերի վայրենի գործողություններին:
Դժվար է ասել` կապված են արդյոք գնդապետի մահն ու հայ դիրքապահների դիրքերի վրա հարձակումը, սակայն այս բոլոր իրադարձությունները վկայում են, որ ղարաբաղյան հակամարտության գոտում պատերազմը շարունակվում է առանձին հարթությունում՝ բանակցային գործընթացից դուրս: Հիշեցնենք, որ օրերս կայացել է Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը, որտեղ էական պայմանավորվածություն ձեռք չի բերվել: Ավելին, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպմանը Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ակնարկել է, որ բանակցություններ չեն լինի, քանի դեռ Ադրբեջանի չի կատարում ստանձնած պարտավորությունները:
Մոտ ապագայում բանակցությունները դժվար թե վերսկսվեն. Հայաստանում ապրիլին իշխանափոխություն պետք է կայանա, իսկ աշնանն Ադրբեջանում նախագահական ընտրություններ են տեղի ունենալու: Բացի այդ, մադրիդյան սկզբունքների 10-ամյա շրջափուլը եւ «տարածք կարգավիճակի դիմաց» եւ «տարածք խաղաղության դիմաց» հայեցակարգերը վերջնականապես սպառել են իրենց:
Ամենագլխավորն այն է, որ տարածաշրջանում անշրջելի գործընթացներ են սկսվել, որոնք խաչ են քաշում հայ-թուրքական եւ ղարաբաղյան կարգավորման նախկին ծրագրերի վրա: Թուրքիան ներխուժել է Սիրիա, եւ վերլուծաբանները պնդում են, որ այդ իրադարձությունները ոչ միայն Սիրիայի, այլ նաեւ Թուրքիայի մասնատման կարող են հանգեցնել: Վաթան կուսակցության առաջնորդ Դողու Փերինչեքը հայտարարել է, որ իրավիճակից ելք կարող է լինել թուրքական դաշնության ստեղծումը, որին Անկարան այժմ պատրաստ չէ:
Հիշեցնենք նաեւ, որ Ադրբեջանը միակ պետությունն է, որ պաշտոնապես աջակցել է Սիրիա թուրքական ներխուժմանը: Ադրբեջանում հասկանում են, որ Սիրիայի դեպքերից մեծապես կախված է լինելու նաեւ ղարաբաղյան հակամարտության կարգավորման ապագա կոնցեպցիան:

 Նյութի աղբյուրը՝ Lragir.am