ԱԺ պատգամավորներ Գեւորգ Գորգիսյանն ու Լենա Նազարյանն այցելել են Լոռի՝ պարզելու համար, թե ճշմարտացի են արդյոք համացանցում եւ լրատվական դաշտում շրջանառվող տեղեկությունները Դեբեդ լցվող քիմիական թափոնների մասին, հաղորդում է Ekonews.am-ը:
«Հենց հիմա Ախթալայի հանքավայրի պոչամբարից այս կեղտաջուրը թափվում է Դեբեդ գետը: Այրումի պոչամբարը լցվել է ու թունավոր պոչանքը հեղեղատարերով, վտակներով, խողովակներով, մարդկանց տնամերձ հողամասերն աղտոտելով լցվում է գետը: Սա ընդամենը արտահոսքի մի տեղն է»,- տեսանյութին կից գրել է Լենա Նազարյանը: «Մենք հիմա գտնվում են Լոռվա մարզում՝ Այրումի պոչամբարի մոտ: Ես եւ Լենա Նազարյանը: Նայե՛ք, սա ժամանակին եղել է առու, որով ոռոգվում են մոտակայքում գտնվող բոլոր 30 հա այգիները: Պոչամբարից լցվում են այստեղ բոլոր թունաքիմիկատ նյութերը, այս ամեն ինչով ջրվում են այգիները, այդ պտուղները ուտում են ոչ միայն տեղացի, այլեւ այստեղից գնած ապրանքներն օգտագործող ժողովուրդը: Այս ամենը լցվում է Դեբեդ գետը»,- ասում է պատգամավոր Գեւորգ Գորգիսյանը:
Նշենք, որ օրերս տեղեկություն տարածվեց նաեւ «Թեղուտ» ՓԲ կողմից Դեբեդ թափվող թունավոր թափոնների մասին: Ըստ Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի տարածած հաղորդագրության, հունվարի 22-ին տեսչական մարմնի Լոռու մարզի տարածքային ստորաբաժանման աշխատակիցներն այցելել են «Թեղուտ» ՓԲ ընկերություն, զննել են պոչամբարի տարածքը:
Նախնական ուսումնասիրությամբ պոչամբարի պատվարի վրա որեւէ ճաք կամ վթարային իրավիճակ, ինչպես նաեւ պոչամբարից արտահոսքի հետք դեպի շրջակա միջավայր չի հայտնաբերվել: Աշխատակիցները Դեբեդ գետից լրացուցիչ կատարել են նմուշառում՝ լաբորատոր հետազոտությունների արդյունքում պարզելու՝ արդյոք գետի մեջ վտանգավոր նյութ առկա է, թե` ոչ: