Կայացել է Իսպանիայի Գավաթի կիսաեզրափակչի վիճակահանությունը, որտեղ ավելի վաղ հայտնվել էին «Սևիլիան», «Վալենսիան», «Բարսելոնան» և «Լեգանեսը»:
Կիսաեզրափակչի 4 մասնակիցներից նախորդ տարվա նույն փուլում խաղացել է միայն «Բարսելոնան», որն էլ հենց գործող գավաթակիրն է:
Եզրափակչում, հիշեցնենք, «Բարսելոնան» 3:1 հաշվով հաղթել է «Ալավեսին»: Այս տարի արդեն Իսպանիայի Գավաթի խաղարկության 1/2 եզրափակչում կատալոնացիների մրցակիցը կլինի «Վալենսիան», իսկ «Սևիլիան» կմրցի «Լեգանեսի» հետ, որը մրցաշարից դուրս է թողել Մադրիդի «Ռեալին»:
Առաջին խաղերը կկայանան հունվարի 31-ին, իսկ պատասխան խաղերը` փետրվարի 7-ին: «Բարսելոնան» և «Լեգանեսը» առաջին խաղերը կանցկացնեն սեփական հարկի տակ: