«ժամանակ» թերթը գրում է, որ ֆինանսների նախարարության վերահսկիչ ծառայությունը ստուգումներ է իրականացնում մարզերում` պարզելու համար, թե կառավարության կողմից համայնքներին հատկացված դիզվառելիքը և պարարտանյութը արդյոք արդյունավետ է բաշխվել:

Որոշ տեղեկությունների համաձայն` բաշխումները կատարվել են խախտումներով ու չարաշահումներով:

Այս հարցերի շուրջ թերթի թղթակիցը զրուցել է ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանի հետ, ով հաստատել է տեղեկությունները, որ իրականացված ստուգումների արդյունքում հայտնաբերվել են խախտումներ: Նա նաև հավելել է, որ Գյումրիում կատարված ստուգումների արդյունքները փոխանցել են իրավապահ մարմիններին:

Նախարարը թղթակցին ասել է, որ արձանագրվել են դեպքեր, երբ դիզվառելիքը կամ պարարտանյութը տրամադրվել է շահառուներին, սակայն ավելի ուշ պարզվել է, որ փաստացի տրամադրվել է ավելի քիչ, քան ֆիքսված է տրամադրման ցուցակում:

Ինչ վերաբերում է Գյումրիում հայտնաբերված չարաշահումներին, նախարար Սարգսյանը նշել է, որ քանի որ նախաքննություն է ընթանում, ֆինանսների նախարարությունը և որևէ մի անձ իրավասու չէ հրապարակել տվյալներ: