Անգլիայի առաջնության 25-րդ տուրի «Սոունսի»-«Արսենալ» հանդիպման 60-րդ րոպեին, որը ավարտվեց 3-1 հաշվով, Հենրիխ Մխիթարյանը փոխարինեց Մուհամեդ Էլ-Նենիին։ Հայ կիսապաշտպանի համար սա «Արսենալի» կազմում դեբյուտային հանդիպումն էր։

Ինչպես նշեցինք խաղն ավարտվեց լոնդոնյան ակումբի պարտությամբ։ Անդրադառնալով Էլ-Նենիի փոփոխությանը՝ ռուսական մի շարք սպորտային կայքեր այն համարում են «Արսենալի» պարտության հիմնական պատճառներից մեկը, այն որակում որպես Վենգերի կողմից թույլ տրված ճակատագրական սխալ։

Մասնավորապես sports.ru-ն գրում է․ «Մխիթարյանի ժամանակն է եկել՝ հիանալի է, բայց փոխարինման թեկնածուն է սխալ ընտրված։ Վենգերի որոշումը հասկանալի է, և ինչ-որ տեղ նաև ընդունելի, բայց թիմը պարտվեց, այդ պատճառով մաքուր արդարացումներ լինել չեն կարող։ Առանց եգիպտացու այս մարտավարությունում հնարավոր չէ»։

Մեկ այլ սպորտային կայք՝ sovsport.ru-ն էլ համեմատում է Մխիթարյանի և Ալեքսիս Սանչեսի հնարավորությունները, չնայած, որ դա Մխիթարյանի առաջին հանդիպումն է «Արսենալի» մարզաշապիկով․ «Իհարկե, բոլորը պատմական դեբյուտ էին սպասում Մխիթարյանից «Արսենալի» կազմում։ Հայ ֆուտբոլիստը փոխարինեց Էլ-Նենիին 60-րդ րոպեին, դա հարձակման ուժեղացման փորձ է։ Հենրիխի մարզաշապիկին 7-րդ համարն է, բայց նրանից չարժե սպասել այն գործառույթները, որոնք կատարում էր Ալեքսիսը»,- գրում է sovsport.ru։