ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը ԱԺ-ում անդրադարձավ իր անձը քննադատող մի շարք մեղադրանքներին:

Այսօրերին շատ են խոսվում վարչապետի օֆշորային գոտում գրանցված ձեռնարկության մասին, որին անդրադառնալով Տիգրան Սարգսյանն ասաց.

«Վերջին 25 տարիների ընթացքում իմ մասնագիտական գործութներությունը տնտեսության ֆինանսական ոլորտում էր: Փողերի լվացման հայեցակարգը ՀՀ-ում ներդրվել է իմ անմիջական միջամտությամբ: Այս ամենը թույլ է տալիս ենթադրել, որ մի փոքր պատկերացում ունեմ օֆշորային գոտուց, օֆշորային հաշիվներից և փողերի լվացումից:

Եվ հիմա ինձ մեղադրում են, որ ես օֆշորային գոտում իմ անունով ստեղծել եմ ձեռնարկություն, նպատակ ունենալով խլել Հայաստանում ինչ-որ մեկի բիզնեսը կամ կառուցել սխեմա, որով ինձ պետք է փոխհատուցեն»,-իր խոսքում նշեց ՀՀ վարչապետը:

Տիգրան Սարգսյանն այս խոսակցությունները անցանեց անհեթեթություն, ասելով.«Ֆինանսական համակարգի հետ փոքր ինչ առնչություն ունեցող մարդը կհավաստի, որ սա անհեթեություն է: Այդպիսի անհեթեթ սխեմա մտածելը իմ մտքով չէր էլ անցնի, ավելին որևիցե մեկի համար դժվարություն չի այսօր օֆշորային գոտում ստեղծել ձեռնարկություն Նիկոլ Փաշինյանի անունով, չունենալով Նիկոլ Փաշինյանի թույլտվությունը : Այդպիսի օրինակները բազմազան են և սրանք օֆշորային գոտու առանձնահատկություններ են»:

Վարչապետը նշեց, որ ինքն անհրաժեշտ բացատրություններ  է տվել և հրապարակային ասել է, որ ինքը չի գրանցվել օֆշորային գոտում և որևիցե մեկին լիազորություն չի տվել իր անունից ձեռնարկություն գրանցել:

«Հասկանալի է, որ այս պատմությունն ունի բոլորովին այլ նպատակ: Բոլորն էլ հասկանաում են, որ այսպիսի ձևերով փողեր չեն լվանում, այլ նպատակը շատ պարզ է, եթե ուզում ես մեկին վարկաբեկել, ապա սա հիասքանչ ձև է»,-նշեց ՀՀ վարչապետը:

Վերջինս նշեց, որ  «Հայկական ժամանակ» թերթին ինքը տվել է բոլոր հարցերի պատասխանը, նշելով, որ ինքն այդ օրը, երբ գրանցվել է այդ ձեռնարկությունը օֆշորային գոտում, պաշտոնական այցելությամբ գտնվել է Պրահայում:

«Ես միևնույն ժամանակ չէի կարող գտնվել Կիպրոսում, որպեսզի ձեռնարկություն գրանցեի: Ես հանգիստ եմ վերաբերվում այսպիսի մեղադրանքներին, որովհետև սա ոչ վերջին մեղադրանքն է, ոչ էլ առաջին: Այդպիսի փորձեր, իմ անունը կապել տարբեր տիպի սկանդալների հետ, վերջին 20 տարիների ընթացքում բազմաթիվ են եղել»,-նշեց վարչապետը: