Հայաստանում ժողովրդագրական իրավիճակը շարունակում է մտահոգիչ մնալ: Ազգային վիճակագրական ծառայությունն ամփոփել է 2017 թվականի տվյալները, ըստ որոնց՝ 2018 թվականի հունվարի 1-ի դրությամբ ՀՀ մշտական բնակչության թիվը կազմել է 2 մլն 972.9 հազար մարդ: 2017 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ մշտական բնաչության թիվը նվազել է 13.2 հազարով: Նախորդ տարվա հունվարի 1-ի դրությամբ մշտական բնաչության թիվը 2 մլն 986.1 հազար էր կազմել:
ՀՀ մշտական բնակչության 1 մլն 076.4 հազարն ապրում են Երևան քաղաքում, մնացածը՝ մարզերում:
2017 թվականին Հայաստանում ծնունդների թիվը նվազել է՝ ծնվել է 37 699 մարդ: 2015 թվականին ծնունդները կազմել էին 41 763, իսկ 2016-ին՝ 40 592: Սրա հետևանքով բնական հավելաճի գործակիցը նվազել է: Եթե 2015 թվականին այդ գործակիցը կազմում էր 13 885, 2016-ին՝ 12 366, ապա 2017-ին կազմել է 10 332: 2016-ի համեմատ 2017-ին բնական հավելաճը նվազել է 16.4 տոկոսով:
2015-2016 թվականների համեմատ նախորդ տարի նվազել են ամուսնությունները, ավելացել՝ ամուսնալուծությունները:
Հայաստանում մահացության պատճառներից առաջինը շարունակում են մնալ արյան շրջանառության համակարգի հիվանդությունները, երկրորդ տեղում են դժբախտ պատահարներից, թունավորումներից և վնասվածքներից մահացությունները, իսկ երրորդ տեղում՝ նորագոյացությունները:
Մշտական բնակչության միջին տարիքը 2017թ. տարեսկզբի դրությամբ կազմել է 36.2 (2016թ.՝ 35.9) տարի, տղամարդկանց համար` 34.3 (2016թ.՝ 34.1), իսկ կանանց համար` 38.0 (2016թ.՝ 37.6 ) տարի:

 Նյութի աղբյուրը՝ Lragir.am