Ռուսական «Матч ТВ» հեռուստաալիքի ֆուտբոլային մեկնաբան Նոբել Առուստամյանը պատմել է, որ այս տրանսֆերային պատուհանի ընթացքում ռուսական ակումբները հետաքրքրված են եղել «Մանչեսթեր Յունայթեդից» Լոնդոնի «Արսենալ» տեղափոխված Հենրիխ Մխիթարյանի ծառայություններով:
«Մենք գիտենք, թե «Մանչեսթեր Յունայթեդում» ինչ բարդ պատմություն էր Մխիթարյանի ու Մոուրինյոյի միջեւ, սակայն, ամեն դեպքում նշենք, որ Հենրիխը դարձյալ ընտրեց ֆուտբոլը:
Նա մնաց Անգլիայում, թեեւ ես գիտեմ, որ նվազագույնը 2 ռուսական ակումբներ ցանկանում էին կես տարով վարձակալել Մխիթարյանին՝ հասկանալով, որ «Մանչեսթեր Յունայթեդից» նրա տրանսֆերը գնելը գրեթե անհնար է:
Ակումբները փորձեր էին կատարում եւ ցանկանում նրան վարձակալել մինչեւ այս մրցաշրջանի ավարտը: Սակայն Հենրիխը հասկացրեց, որ ցանկանում է խաղալ Եվրոպայում:
Մենք դեռ նրան չենք տեսնի Ռուսաստանում: Սակայն, հնարավոր է, որ մի քանի տարուց նա, այնուամենայնիվ, կխաղա Ռուսաստանում»,- «Ставка TV» հաղորդման եթերում ասել է Նոբել Առուստամյանը:
Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Յունայթեդը» Հայաստանի հավաքականի կիսապաշտպանին փոխանակել էր չիլիացի հարձակվող Ալեքսիս Սանչեսի հետ: