Երեւանից Մոսկվա թռչող օդանավն այսօր՝ փետրվարի 9-ին, Մոսկվայի ժամանակով 16։20 վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում: Այս մասին հայտնեց չվերթի ուղեւորներից, ԵՊՀ դասախոս Դավիթ Հայրապետյանը:
Թե որն է եղել հարկադրական վայրէջքի պատճառը, Դավիթ Հայրապետյանը նշեց՝ ուղեւորներին չեն հայտնել:
Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության հանրային կապերի բաժնից փոխանցեցին, որ օդանավը վայրէջք է կատարել Մինվոդիում, քանի որ կին ուղեւորներից մեկի ինքնազգացողությունը վատացել է եւ նրան բուժօգնություն է հարկավոր եղել:
Հիշեցնենք, որ փետրվարի 7-ին էլ «Պոբեդա» ավիաընկերության ինքնաթիռը հարկադիր վայրէջք էր կատարել Միներալնիե Վոդիի օդանավակայանում: Հարկադրական վայրէջքի պատճառ էր դարձել ուղեւորը, որը վիրավորել էր անձնակազմին, հրաժարվել էր կատարել օդաչուի պահանջները:
Նյութի աղբյուրը՝ NEWS.am