Կառավարություն-Աժ հարց ու պատասխանի ժամանակ ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանին հարցրեց, թե ե՞րբ է  ստորագրվել գազի գնի բարձրացման պայմանագիրը և ո՞վ է ստորագրել և արդյո՞ք այդ պայմանագիրը պատգամավորները կարող են կարդալ:

Հարցին ի պատասխան ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանն ասաց.

«Երբ է ստորագրվել, որ ամսին, ես չեմ կարող այս պահին հիշել, հանկարծ չսխալվեմ, իսկ ինչ վերաբերվում է պայմանագրի տեքստին ծանեթանալուն, բացի կոմերցիոն բնույթ պարունակող հատվածներից, մյուս մասը կարող է կարդալ, ծանոթանալ»:

Արամ Մանուկյանը մեկ անգամ ևս հարցրեց. «Գոնե ամիսը խնդրում եմ հիշեք, ե՞րբ է ստորագրվել»:

Արմեն Մովսիսյանը նորից կրկնեց.«Չեմ հիշում, կճշտեմ կասեմ, բա որ հիմա ասեմ, վաղը կասեք մի ամիս շուտ ա ասել կամ մի ամիս ուշ: Կճշտեմ կասեմ, ինչ ա եղել որ»:

ՀԱԿ պատգամավորը նշեց, որ իրականում հարցի ենթատեքստը այն է, որ երկու փաստ պետք է համեմատի, մի դեպքում այն է, որ Սերժ Սարգսյանը մարտ ամսին ելույթ է ունեցել եւ«հերյուրանք» է անվանել գազի գնի թանկացման մասին խոսակցությունները, իսկ երկրորդ դեպքում՝ այդ պայմանագիրը ստորագրվել է նախագահական ընտրություններից առա՞ջ, թե՞ հետո:

«Դրա համար դուք չեք ասում, թե դա եղել է ընտրություններից առա՞ջ, թե՞ հետո»,-եզրափակեց Արամ Մանուկյանը: