Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանի հետ դեղագործական ոլորտի ներկայացուցիչների փետրվարի 8-ին կայացած հանդիպման ժամանակ փոքր բիզնեսի ոչ մի ներկայացուցիչ չկար, մինչդեռ երկրում գրանցված դեղատներից միայն 400-ն են պատկանում են խոշոր դեղագործական ընկերությունների, որոնք նաեւ մեծածախ գործունեություն են իրականացնում։ Այս մասին NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է երեւանյան դեղատներից մեկի սեփականատեր Արթուր Խաչատրյանը։
Նրա խոսքով, ցանկալի կլիներ, եթե փոքր բիզնեսի ներկայացուցիչները նույնպես մասնակցեին քննարկումներին՝ իրենց դիրքորոշումը պաշտպանելու համար, առավել եւս որ ցանցային դեղատների հետ մրցակցության անհավասար պայմանների պատճառով նրանցից շատերը հիմա ստիպված փակում են իրենց դեղատնային բիզնեսը։
Արթուր Խաչատրյանը ներկայացրեց մի քանի խնդիր, որոնց բախվում են դեղագործական ոլորտի մանր ձեռներեցները՝
Լիցենզավորման նոր կարգն ու էլեկտրոնային առողջապահության համակարգի ներդրումը
Դեղատան սեփականատիրոջ խոսքով՝ ինքը դեմ չէ նոր համակարգի ներդրմանը, բայց համարում է, որ շատ դեղատներ դրան դեռ պատրաստ չեն։ Մասնավորապես, առողջապահության էլեկտրոնային համակարգի ներդրումը դեղատներից կպահանջի տարեկան 500-700 հազար դրամ լրացուցիչ ծախս, գումարած հիմնական միջոցների համալրումը, որը կկազմի եւս մոտ 300 հազար դրամ, ինչը ամենեւին էլ քիչ գումար չէ փոքր բիզնեսի համար։ Կազմակերպությունները կամ անհատ ձեռներեցները պետք է ունենան հզոր համակարգիչ ու մշտական ինտերնետ, բոլոր համակարգչային ծրագրերը պետք է լիցենզավորված լինեն ու համակարգիչը պետք է հուսալիորեն պաշտպանված լինի ՝ ըստ «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքի պահանջների։ Մինչդեռ, հեռավոր գյուղական շրջաններում չկա մշտական ինտերնետ, ու այնտեղ գործող դեղատները պարզապես չեն կարողանա աշխատել eHealth համակարգով․ «Կարծում եմ տվյալ համակարգի ներդրումը դեռ վաղ է, այն պետք է իրականացվի այն ժամանակ, երբ գործող կազմակերպությունները պատրաստ կլինեն», - ասաց նա։
Մեծածախ խոշոր ընկերությունների գնային քաղաքականությունը
Մի շարք խոշոր դեղագործական ընկերություններ, որոնք իրականացնում են թե մեծածախ, թե մանրածախ առեւտուր, իրենց դեղատներում սահմանում են դեղորայքի համար այնպիսի գներ, որոնք աննշան են տարբերվում մեծածախ գներից՝ հավելագինը կազմում է մոտ 5 տոկոս։ Եթե անհատ ձեռներեցը աշխատում է շրջանառության հարկով, որը Հայաստանում կազմում է 5 տոկոս, ապա իր դեղատանը նա պետք է սահմանի ավելի բարձր հավելագին։ Չդիմանալով ցանցային դեղատների հետ մրցակցությանը՝ նման դեղատները փակվում են ։ «Կարծում եմ, այդ քաղաքականությունը շուկա գրավելու համար իրականացվում է միտումնավոր, որպեսզի փոքր եւ միջին դեղատները փակվեն, որը տեղի է ունենում տվյալ պահին», - ասաց Արթուր Խաչատրյանը։
Նրա խոսքով՝ փոքր ձեռներեցները կարծում էին, թե տվյալ խնդիրը կլուծվի «Դեղերի մասին» նոր օրենքի գործարկումից հետո, որի դրույթներից մեկը պահանջում է մեծածախ ու մանրածախ առեւտրի տարանջատում։ Օրենքի տվյալ դրույթի իրականացման համար Կառավարությունը պետք է ընդունի համապատասխան նորմատիվային ակտեր ու դա պլանավորվում էր անել դեռ 2017-ին։ Դա չի արվել ու օրենքի տվյալ կետը միայն թղթի վրա է մնացել։ «Իսկ հիմա արդեն խոսում են, որ այդ կետը հանվելու է գործող օրենքից եւ դրա իրականացումը լոբինգ է արվում խոշոր մեծածախ ընկերությունների կողմից», - ասաց դեղատան սեփականատերը։
Արթուր Խաչատրյանը նաեւ հավելեց, որ «Դեղերի մասին» նոր օրենքը կոշտ քննադատության է ենթարկվել դեղագործական ոլորտի ներկայացուցիչների կողմից, բայց հենց այդ դրույթը՝ մեծածախ ու մանրածախ առեւտրի բաժանման մասին, միակն էր, որն ուղղված էր փոքր բիզնեսի շահերի պաշտպանությանը։ Դեռ 2016-ին ընդունված օրենքի կիրառումը շատ դանդաղում է ենթաօրենսդրական ակտերի բացակայության պատճառով։ Առայսօր հաստատված են միայն դեղատոմսերի նոր ձեւաթղթերը, իսկ բոլորովին վերջերս՝ դեղատների լիցենզավորման նոր կարգը։
Տուգանք
Արթուր Խաչատրյանը հիշեցրեց, որ 2016-ի վերջին-2017-ի սկզբին առողջապահական տեսչությունը ստուգումներ է իրականացրել Երեւանի տարբեր դեղատներում «չգրանցված» դեղամիջոցների հայտնաբերման համար, ու 50 փոքր դեղատներ տուգանվել են։
«Դուրս եկավ, որ դեղերի մեծածախ խոշոր ընկերությունները, որոնք վաճառել էին հազարավոր դեղեր, չտուգանվեցին, իսկ փոքր դեղատները, որոնք օրինական ճանապարհով, հաշիվ–ապրանքագրով գնել էին մի քանի տուփ դեղ, տուգանվեցին մի քանի հարյուր հազար դրամով: Այդ հարցը առ այսօր նույնպես մնաց չլուծված», – ասաց նա։
Նյութի աղբյուրը` NEWS.am Medicine