Lragir.am-ը գրում է.

Նոր Ադրբեջան կուսակցության համագումարում Իլհամ Ալիեւի աղմկոտ հայտարարությունը ռումբի ազդեցություն է ունեցել: Բացասական արձագանքը լիովին սպասելի էր, եւ վերլուծաբանները պետք է պարզեն, թե ինչու է Ալիեւը որոշել այդ քայլն անել:
Արձագանքն այնպիսին է, որ երեկ Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցիչը ստիպված էր հայտարարել, որ Ալիեւը խոսել է ոչ թե «Երեւանի ու Զանգեզուրի վերադարձի», այլ «իրենց պատմական հողեր ադրբեջանցիների վերադարձի» մասին:
Ի՞նչ է տարածաշրջանում փոխվել այս մի քանի օրերին եւ ինչու է Ալիեւը հանկարծ որոշել «պարզաբանել» իր հայտարարությունը Ադրբեջանի պատմական «հողերի»՝ Երեւանի ու Զանգեզուրի մասին: Ալիեւի հայտարարությունը կապվա՞ծ է տարածաշրջանում ԱՄՆ քաղաքականության ակտիվացման եւ Ռուսաստանի ու Թուրքիայի ակնհայտ նահանջով:
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն Սիրիայում Ռուսաստանին կործանիչ հարված է հասցրել, որից Մոսկվան ոչ մի կերպ չի կարողանում ուշքի գալ: Դրանից հետո Պուտինն անհետացել է էկրաններից եւ չեղյալ արել բոլոր հանրային միջոցառումները: Պարզվել է, որ ռուս վարձկանները փորձել են քրդերից նավթահանքեր գրավել: Գրում են նաեւ, որ Ռուսաստանը Բաշար Ասադի հետ համաձայնագիր է ստորագրել, որով գրավված նավթահանքերից ստացված եկամուտների 25%-ն ինքն է ստանալու: Այլ կերպ դա կոչվում է դիակապտություն:
Բացի այդ, ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը շրջագայություն է կատարել տարածաշրջանում եւ այցելել Թուրքիա: Նրա այցից մեկ օր հետո տեղեկություն է տարածվել, որ Թուրքիան Աֆրինում քիմիական զենք է կիրառել: Հիշեցնենք, որ դրանից երկու օր առաջ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել էր, որ եթե Սիրիայում քիմիական զենքի կիրառման ապացույցներ լինեն, Ֆրանսիան կարող է կործանիչ հարված հասցնել:
Կարելի՞ է ենթադրել, որ ԱՄՆ-ն ու Եվրոպան տարածաշրջանում կոտրում են 100 տարվա սխեման, որը կառուցել են Թուրքիան ու Ռուսաստանը: Ինչպիսի՞ն է լինելու Ադրբեջանի վիճակը, եթե ռուս-թուրքական սխեման վերանա:
Ադրբեջանը ջրի երեսին մնալու հուսահատ փորձեր է անում: Ալիեւը հիանալի գիտի, որ իր պետության հիմքը դրվել է ռուս-թուրքական համաձայնությամբ: Անցած տարվա ընթացքում համաշխարհային հանրությունը ցույց է տվել, որ չի ճանաչում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Ալիեւը հասկանում է, որ եթե Թուրքիան ու Ռուսաստանը պարտություն կրեն, Ադրբեջանի ստեղծման իրավական հիմքերն ու տարածքային ամբողջականությունը կանհետանան, դրանց հետ էլ՝ իր իշխանությունը: Ահա թե ինչու է Ալիեւը շարժվել:
Ալիեւի նոր քաղաքականության առաջին «ծիծեռնակը» Երեւանի ու Զանգեզուրի մասին ագրեսիվ հայտարարությունն էր: Հետո պատգամավոր Ռասիմ Մուսաբեկովը հրապարակել է ղարաբաղյան կարգավորման Ադրբեջանի առաջարկը, որտեղ խոսվում է «Ղարաբաղի անջատումը քննարկելու» համաձայնության մասին: Հետո Ադրբեջանի ԱԳՆ-ն «պարզաբանել» է Ալիեւի խոսքը Երեւանի ու Զանգեզուրի մասին՝ հայտարարելով, որ խոսքը միայն «ադրբեջանցիների վերադարձի» մասին էր:
Պաշտոնական Երեւանն առանձնապես չի արձագանքում այդ ազդակներին եւ չի բացառվում, որ դա ճիշտ մեթոդ է:

Նյութի աղբյուրը՝ Lragir.am