Հայաստանում տիրող հետընտրական իրավիճակն այնքան էլ հանգիստ չէ, պարզապես մեծ մասը կենտրոնացված է ԱԺ-ի վրա: Այսօր այսպիսի հայտարարություն արեց ՕԵԿ փոխնախագահ Մհեր Շահգելդյանը: Վերջինիս խոսքերով ամառն ավելի հանգիստ ժամանակաշրջան է: «Տարածաշրջանը զարգացումների և սպասումների տարածաշրջան է: Այստեղ Հայաստանն առավել խաղաղ վիճակում է: Մենք պետք է հասկանանք, թե մեր հարևան երկրներում ինչպիսի զարգացումներ են լինում», գնահատեց Շահգելդյանը:
Նրա խոսքերով մենք պետք է ուշադրություն դարձնենք նաև Իրանում սպասվելիք ընտրություններին, քանի որ այս երկիրը ոչ միայն մեր հարևանն է, այլև գործընկերն է:
«Մեր խնդիրն է առավել ակտիվ արտաքին քաղաքականության վարումը: Արտաքին քաղաքականությունը պետք է բալանսավորված վարենք»,- նշեց փոխնախագահը: Նա նաև ավելացրեց, որ Թուրքիայում ընթացող գործողություններն այսպես, թե այնպես ազդելու են տարածաշրջանի վրա, և Թուրքիայի բաց հասարակությունը շատ ավելի դրական է մեզ համար:
Լրագրողի այն հարցին, թե ինչ կարծիք ունի Շահգելդյանը երեկ ԱԺ-ում կայացած նիստի մասին, երբ խոսվում էր 2012 թվականին երկրում գրանցված 7,2% տնտեսական աճի մասին, ինչի հետ համամիտ չէին որոշ պատգամավորներ, ՕԵԿ փոխնախագահը պատասխանեց. «ԱԺ-ում կատարվում էր սովորական գործընթաց. ընդդիմությունը պետք է քննադատեր, իշխանությունը՝ ներկայացներ փաստերը: Ընդդիմությունն իր դերի մեջ էր, իշխանությունն՝ իր: Սակայն 7,2% աճը մեր երկրի համար անհրաժեշտ աճից պակաս է»:
Վերջում Մհեր Շահգելդյանը նաև հայտնեց, որ ՕԵԿ-ը ԱԺ-ում ներկայացրել է 15-20 օրենսդրական նախաձեռնություն, որոնք շրջանառության մեջ են: