Երուսաղեմի քաղաքապետարանը հայտարարել է, որ աշխատում է երրորդ կողմի հետ հարկային տարաձայնությունները լուծելու ուղղությամբ, որը բերել է Տիրոջ գերեզմանի տաճարի փակմանը, փոխանցում է AP-ն։
Քաղաքապետ Նիր Բարկաթը հրաժարվել է անվանել երրորդ կողմին, բայց հույս է հայտնել, որ վեճը շուտով կլուծվի։ Նա հավելել է, որ պատրաստվում են դիմել ազգային կառավարությանը փակուղին հաղթահարելու շուրջ խորհրդի համար։ «Սակայն եկեղեցիները եւս պետք է որոնեն եւ մտածեն՝ ինչպես լուծել խնդիրը»,-ասել է նա։
Նա նշել է, որ իր հրամանը վերաբերել է միայն «կոմերցիոն օբյեկտներին՝ ինչպես օրինակ, հյուրանոցները կամ ծառայողական շենքեր են, բայց ոչ աղոթքի տներին»։ Նրա կարծիքով, որոշումը համապատասխանում է ամբողջ աշխարհում գործող նորմերին, իսկ տաճարը փակելը «անհաջող» քայլ է եղել։
Ինչպես Երուսաղեմից տեղեկացնում է NEWS.am-ի թղթակիցը, Սուրբ հողերի երեք իրավատեր եկեղեցիները՝ հայկական, կաթոլիկ եւ ուղղափառ, փետրվարի 25-ից փակել են Հարության տաճարի դռները մինչեւ Երուսաղեմի քաղաքապետարանը չեղարկի եկեղեցիներից ու վանքերից հարկեր բռնագանձելու որոշումը։
Աշխարհի տարբեր անկյուններից Երուսաղեմ եկած քրիստոնյաները խիստ վրդովվել են Հարության տաճարի փակ լինելուց եւ իրենց դժգոհություն են հայտնել իսրայելական իշխանությունների որոշման դեմ։