Սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանի ու մյուսների գործով այսօրվա դատական նիստին հարցաքննվեց 2 վկա:
Վկա Անի Բեգլարյանը նիստին ներկայացել էր առանց անձը հաստատող փաստաթղթի, սակայն կողմերը չառարկեցին այդ պայմաններում նրան հարցաքննելու դեմ: Ամբաստանյալներից վկան ոչ ոքի չէր ճանաչում: Նա ասաց, որ գործից տեղյակ չէ, այն առնչվում է իր մորաքրոջ սկեսրայր՝ Գևորգ Բեջանյանին: Քննիչներն իրեն հարցրել են, թե 2008թ. իր մորաքրոջ ընտանիքի Հայաստանից մեկնելուց հետո ե՞րբ է մորաքրոջ սկեսրայրը մահացել: Վկան ինչպես նախաքննական մարմնին տված ցուցմունքում, այնպես էլ այսօր հստակ չէր հիշում՝ «1997 կամ 1998թթ-ին»,- ասաց վկան,-գրում է Փաստինֆոն:
Վկա Քնարիկ Դավթյանը ամբաստանյալներից միայն Վ. Խաչիկյանին էր ճանաչում, այն էլ «դեմքով՝ ոչ անձամբ»: Նա հավելեց, որ ինքը նախաքննական մարմնի կողմից հարցաքննվել է եղբոր աներոջ հետ կապված՝ եղբոր աները 2004թ. Ֆրանսիա է մեկնել բնակության և 2008թ. իրեն լիազորել ստանալ իր հիվանդության թոշակը: Դատարանի այն հարցին, որ ինչու է իրեն ուղարկել լիազորագիրը, այլ ոչ Հայաստանում բնակվող իր փեսային, վկան նշեց, որ իրեն ավելին շատ է վստահել: Վկան ու իր եղբայրը լիազորագրով գնացել են ստանալու տվյալ գումարը, սակայն գումարը ստանալու համար ստորագրել է իր եղբայրը, քանի որ իր ձեռքը ցավում էր: Այս հանգամանքը հարուցեց դատավարության մասնակիցների ծիծաղը: Վկան նաև նշեց, որ երկու անգամ է գումար ստացել լիազորագրով:
Նախաքննական ու դատաքննական ցուցմունքների միջև առկա էական հակասությունների պատճառով դատարանում հրապարակվեց նրա նախաքննական ցուցմունքը: Նախաքննության ընթացքում վկան հստակ նշել էր, որ լիազորագիրը իրեն ուղարկվել է 2009թ.-ին, այլ ոչ թե 2008թ.-ին, ինչպես նա նշել էր դատաքննական ցուցմունքում: Այս հակասությունը վկան բացատրեց նրանով, որ երկար ժամանակ է անցել, և ինքը որոշ բաներ մոռացել է:
Հաջորդ՝ հունիսի 20-ի դատական նիստում վկաների հարցաքննությունը կշարունակվի: Այդ նիստում դատարանն ըստ ամենայնի կքննարկի նաև դատավարությունը Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանի շենք վերադարձնելու հարցը: Դատավարության մասնակիցները մերթ ընդ մերթ դժգոհում են, որ Աջափնյակ-Դավթաշեն վարչական շրջանների դատարանի նիստերի դահլիճը չափազանց մեծ է, իսկ լսելիությունը՝ վատ: Հիշեցնենք, որ դատական նիստերն անց էին կացվում այլ դատարանի շենքում, քանի որ գործը քննող դատարանի շենքում չկար համապատասխան ընդարձակ դահլիճ: