Հրանուշ Խառատյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Երեկ ՀՀ ԱԺ նիստի՝ կառավարության անդամների հարց ու պատասխանի ժամին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը օֆշորում իր կողմից «պահ տրված» գումարի, հետևաբար ստվերային գործարքի մասին «Հետք»-ի հրապարակած տեղեկությանը սպառիչ պատասխան տվեց՝ դա լրագրողական հերյուրանք անվանելով: Լրագրողական այդ «հերյուրանքը», սակայն, «ամրապնդված էր» Կիպրոսյան կայքում կախված նյութով: Հավանական է, որ կիպրոսյան օֆշորային կայքը նույնպես, ինչպես Հայաստանի լրագրողական հանրությունը, հերյուրանքի և ՀՀ վարչապետին անվանարկելու նպատակով էր կախել այդ նյութը: Այսպես թե այնպես, ՀՀ վարչապետի պատասխանը սպառիչ էր՝ սուտ է, այդպիսի բան չկա և չի կարող լինել: Այլ կերպ ասած՝ նա հայտնեց, որ ինքը չի դա արել, իսկ թե ով է իր փոխարեն արել՝ ինքը չգիտի: Ինչո՞ւ, այդ դեպքում, վարչապետը դատախազին հանձնարարում է զբաղվել այդ գործի քննությամբ և ուղղակի դատի չի տալիս հերյուրանք տարածողներին: Հանրահայտ է Հայաստանի հասարակության անվստահությունը դատախազական գործերի վերաբերյալ, և եթե դատախազությունը, գործը քննելով, հարյուր տոկոսանոց հերյուրանք համարի վարչապետական օֆշորի պատմությունը, Հայաստանի բնակչությունը հարյուր տոկոսանոց կեղծիք պիտի համարի հանրությունից ծածկված քննության հետևությունը: Վարչապետին տվյալ դեպքում իրավական որևէ սպառնալիք չի ճնշում, թվում է՝ նրա համար անհամեմատ կարևոր պիտի լինի բնակչության վստահության հարցը: Եթե նա դատարան դիմի, և դատական գործ սկսվի, կողմերից յուրաքանչյուրը բաց, մատչելի կներկայացնի իր փաստարկները: Եվ կիպրական «օֆշորն» էլ ստիպված կլինի պատասխանել, թե ինչու է իր կայքում կախել ՀՀ վարչապետին անվանարկող նյութը: Կիպրական օֆշորում «թաքնվելու» հարցը միանգամից կվերանա, և վարչապետը միանգամայն բաց ճակատով կկանգնի հայկական հասարակության առաջ, դեռ ավելին, ամոթով թողնելով կասկածողներին»: