Գնահատանքը, արժևորելը մարդուն թև է տալիս։ Մի փոքրիկ դասարանում անգամ,երբ աշակերտների մեջ «ջոկողություն ես դնում», բոլորը երեխաները զգում են ու «մի տեսակ կոտրվում»։ Եթե այդպես չլիներ, գնահատականը չէր լինի։
Դասարանից անցնենք պետությանը, երկրին։ Դա էլ յուրօրինակ մի դասարան է։ Մեծ դասարան։ Բոլորը ակնապիշ նայում են, թե ուսուցիչը բոլորից ում է առանձնացնում։ Երբ արժանի է լինում, ոգևորվում են, երբ արժանի չի լինում՝ ասում են, որ արժանի չի։
Մի փոքրիկ միջանկյալ օրինակ բերեմ, որն ինձ համար դաս եղավ։ Մի թույլ աշակերտ ունեի, ոգևորելու համար բարձր գնահատեցի։ Աշակերտներից մեկն ասաց՝ ծաղիկ է տվել, դրա համա՞ր եք բարձր դնում։ Մոռացել էի անգամ, որ այդ աշակերտը մի երկու օր առաջ իրենց այգուց ծաղիկ էր նվիրել ինձ, ասելով՝ մամաս է փնջել։ Դա ինձ խորհելու տեղիք տվեց ու հասկացա, որ դասարանի, հանրության հետ աշխատելուց պիտի զգույշ լինել, շատ զգույշ։
Դասարանը տեսնում է, երբ աշակերտների մեջ տարբերություն ես դնում։ Նույն կերպ՝ հանրությունը տեսնում է, թե ով ինչու է պարգևատրվում։ Այդ մասին արտահայտվելը չարություն չէ, նախանձ չէ, դա բնական արձագանք է, երբ մարդու ցավացնում ես՝ պատասխան ռեակցիա է տալիս։ Ու արդեն իր դաստիարակության, զգացմունքայնության, տաքարյունության հետ է կապված, թե ինչպիսի բառեր կօգտագործի իր անհամաձայնությունը հայտնելու համար
Առաջներում չկար, ֆեյսբուքը հիմա հնարավորություն է տալիս իմանալու՝ հանրությունը ինչպես է ընդունում պարգևատրողին։ Նման դեպքում ընդամենը մնում է առաջնորդվել ոչ թե սուբյեկտիվ, անձնական գնահատման չափանիշով, այլ հանրային գնահատականով, այլապես արժեզրկվում է պարգևատրությունն էլ, մեդալն էլ։
Կոնկրետ անդրադառնամ Դիանա Գրիգորյանին, ով վերջինն էր, որ ընկավ հասարակական պարսավանքի տակ։ Պարգևատրությունից շահե՞ց, թե տուժեց։
Իր շնորհակալական խոսքը և սոցիալական ցանցի արձագանքը․․․ Հետո Դիանայի խոսքը՝ մարդիկ չար ու նախանձ են։ Դա մարդկանց արձագանքն է, ընդամենը արձագանքը ու դրան, դժվար է, բայց պիտի կարողանալ ընբռնումով մոտենալ։
Նման իրավիճակներում հայտնված շատ մարդիկ են ինձ հետ կիսվել, միշտ ասում էին՝ խելագարվու՜մ ենք, երանի չէր այս տունը, այս մեդալը չստանայինք։ Հիմա շատերը կասեն՝ հեչ էլ նրանց վրա չի ազդում։ Եթե չի ազդում, Դիանան ինչու՞ հանեց ֆեյսբուքյան էջի երեկվա գրառումը, երբ իր հասցեին բացասական գրառում կատարող մարդկանց անվանել էր չար ու նախանձ։ Ուշադիր հետևում էի։ Բացասական գրառումների հեղեղը կարող էր հունից հանել ամենահավասարակշռված մարդուն։ Ու ես համոզված եմ, որ Դիանան անպայման ասած կլինի՝ խելագարվում եմ, երանի՜ չէր մեդալը ստացած չլինեի՝ ինքը իր մեջ կամ իր մտերիմների մոտ։ Իսկ եթե չի ասել, ուրեմն նա հանրությունից վաղու՜ց բաժանվելէ։
Պարգևը պիտի ընդունվի հանրության կողմից, եթե չի էլ ընդունվում, չպետք է նման վրդովվմունք, զայրույթ, պոռթկում առաջացնի։
Իսկ ես, գիտե՞ք ինչ էի ասում նրանց, ովքեր չէին դիմանում սոցիալական ցանցերի, հանրության «գնդակոծությանը»․
Համբերե՜ք, շուտով աղմուկը մեկ ուրիշի կողմ կուղղվի։ Մեկ էլ մի այնպիսինն է մեդալի արժանանում, որ մյուսը մոռացվում է։ Այսինքն սխալը չի ուղղվում։
Նույնը նաև Դիանային եմ ասում՝ համբերիր, աղմուկը շուտով այլ մեկի ուղղությամբ կգնա։
Ու ցավն այն է, ամենամեծ ցավը, որ նույն սխալը հա՜ կրկնվում է․․․