Իտալական «Միլանի» գլխավոր մարզիչ Ջենարո Գատուզոն Լոնդոնի «Արսենալի» դեմ Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան հանդիպման նախախաղային ասուլիսում խոսել է նաեւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասին։
«Մխիթարյանը խաղացող է, որի խաղը է լավացել Անգլիա տեղափոխությունից հետո: Նա լավ է պատրաստված ոչ միայն տեխնիկապես, այլեւ բարելավել է իր խաղի արագությունը։
Գիտենք, որ այս խաղում պետք է հանդես գանք ավելի լավ, քան առաջին մրցավեճում։ Սակայն մենք հպարտ ենք, որ խաղալու ենք գեղեցիկ ստադիոնում՝ հրաշալի թիմի հետ։ Մենք մի քիչ հոգնել ենք, սակայն ոչինչ անել չենք կարող, եւ պետք է դուրս գանք խաղադաշտ։
Փորձը չես կարող գնել խանութում։ Երբ հանդիպում ես «Արսենալի» պես թիմի, ապա քո խնդիրները կարող են բացահայտվել։ Սակայն կարեւոր է վերլուծել եւ հասկանալ, թե ինչն այնպես չէ։ Այս խաղում կորցնելու ոչինչ չունենք»,- «Միլանի» ու Իտալիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է calciomercato.com-ը։
Մարտի 15-ին Լոնդոնում կայանալիք «Արսենալ» - «Միլան» հանդիպումը կսկսվի Երեւանի ժամանակով 00։05-ին (մարտի 16): Խաղը կսպասարկի Շվեդիայի մրցավարական բրիգադը՝ Յունաս Էրիկսոնի գլխավորությամբ։
Հիշեցնենք, որ Միլանում կայացած առաջին խաղում անգլիական ակումբը հաղթել էր 2։0 հաշվով, իսկ Հենրիխ Մխիթարյանը դարձել էր գոլի հեղինակ։ Դա 29-ամյա կիսապաշտպանի առաջին գոլն էր «Արսենալում»։