Հայաստանի ազգային հավաքականի եւ Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Հայաստանի 2017թ․ լավագույն ֆուտբոլիստի մրցանակը ստանալուց հետո կիսվել է տպավորություններով, փոխանցում է NEWS.am Sport-ի թղթակիցը։
«Շատ հաճելի է կրկին արժանանալ լավագույն ֆուտբոլիստի կոչմանը: Ինձ մրցակցությունից դուրս չեմ համարում, հարգում եմ թիմակիցներիս, սակայն կձգտեմ հետագայում էլ արժանանալ լավագույնի կոչմանը»,- ասել է Մխիթարյանը։
Հենրիխ Մխիթարյանն անդրադարձել է նաեւ Հայաստանի հավաքականի նորեկ, արգենտինական «Աթլետիկո Ուրականի» 22-ամյա հարձակվող Նորբերտո Բրիասկոյին։
«Նորբերտո Բրիասկոն շատ լավ է մերվել թիմին եւ թողում է լավ տպավորություն: Կարծում եմ, որ նա շատ օգուտ կտա մեր հավաքականին:
Որոշակիորեն ծանոթ ենք առաջիկա մրցակիցներին: Կձգտենք հաղթանակներ տանել եւ լավ տրամադրությամբ շարունակել նախապատրաստությունը Ազգերի լիգային։ Շատ լրջորեն ենք նախապատրաստվում Ազգերի լիգային: Թող տպավորություն չստեղծվի, որ մենք հայտնվել ենք թույլ խմբում»,- նշել է Մխիթարյանը։
Հայաստանի հավաքականի ավագը խոսել է նոր ակումբում հարմարվելու եւ Մոկսվայի ԲԿՄԱ-ի դեմ Եվրոպայի լիգայի քառորդ եզրափակիչի դիմակայության մասին․
«Ամեն ինչ անում եմ «Արսենալում» հնարավորինս շուտ հարմարվելու համար: Կարծում եմ` ստացվում է: Ցանկանում եմ, որ իմ օրինակով հայ մանուկները ոգեշնչվեն մեծ ակումբներում խաղալու հեռանկարով:
ԲԿՄԱ-ն լավ թիմ է: Այս մրցաշրջանում խաղացել եմ մոսկովյան թիմի դեմ «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում, սակայն վերջին ամիսների ընթացքում ԲԿՄԱ-ն զգալիորեն առաջադիմել է»,- ասել է Հենրիխը։
Հիշեցնենք, որ դեկտեմբերին Մխիթարյանը 8-րդ անգամ եւ 7-րդ տարին անընդմեջ ճանաչվել էր Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ Այս օրերին նա Հայաստանի հավաքականի կազմում պատրաստվում է Էստոնիայի (մարտի 24) եւ Լիտվայի (մարտի 27) դեմ Երեւանում կայանալիք ընկերական հանդիպումներին։