«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնից ազատելուց մի քանի ամիս անց Սերժ Սարգսյանը Հայկազ Բաղմանյանին նշանակեց ՀԱՊԿ Միացյալ շտաբի պետի տեղակալ: Բաղմանյանի նշանակման մասին մամուլում հրապարակումները հաստատվեցին քիչ առաջ տարածված պաշտոնական տեղեկությամբ: Այդպիսով, Բաղմանյանը հայկական զինված ուժերի գլխավոր շտաբից ազատված եւ ՀԱՊԿ տեղափոխված երկրորդ բարձրաստիճան զինվորականն է՝ Յուրի Խաչատուրովից հետո:
Խաչատուրովը, իհարկե, մինչեւ ՀԱՊԿ տեղափոխվելը հասցրեց նշանակվել Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար: Այդուհանդերձ, արձանագրման արժանի է, որ հայկական զինված ուժերում բավականին օդիոզ կերպար հանդիսացող երկու գեներալները, որոնք, մեղմ ասած, չունեին հանրային դրական վարկանիշ, տեղափոխվում են ՀԱՊԿ, որը եւս գրեթե ոչ մի կապ չունի Հայաստանի պետական շահերի եւ անվտանգության հետ ու, ըստ էության, Հայաստանը դրա անդամ է այն պատճառով, որ այդպես է ցանկանում Ռուսաստանը, կամ որ Ռուսաստանին դուր չի գա, եթե Հայաստանը դուրս գա այդ կառույցից: Այդ դեպքում ՀԱՊԿ-ը, այսպես ասած, ներկայություն չի ունենա Կովկասում:
Այդպիսով, ի՞նչ է հուշում հայաստանցի երկու օդիոզ գեներալների ներկայությունը ՀԱՊԿ-ում, եթե նրանցից օրինակ մեկը՝ Բաղմանյանը, իր պաշտոնից Հայաստանում հեռացվեց պաշտպանության երիտասարդ նախարար Վիգեն Սարգսյանի պահանջով, քանի որ Սարգսյանը պաշտոնական պարտականությունը կատարելու տեսանկյունից անհամատեղելի էր համարել Բաղմանյանի հետ աշխատելը, ասելով, որ նա թերացել է պարտականություններում: Ստացվում է, որ ՀԱՊԿ տուգանային հրապարա՞կ է թերացած գեներալների համար, կամ հայկական բանակում կոնֆլիկտային գեներալների համար: Յուրի Խաչատուրովն էլ բանակից, խոշոր հաշվով, հեռացվեց այն բանից հետո, երբ գրեթե գագաթնակետին էր հասել պաշտպանության նախարար Օհանյանի հետ հակադրությունը, որի դառը պտուղները գուցե, կամա թե ակամա, հայկական զինուժը ճաշակեց Ապրիլյան քառօրյա պատերազմում, բանակում զգալիորեն անպատրաստ կամ թերի վիճակի արձանագրումով, որը բարեբախտաբար չէր հասել ուղղակի ճակատագրական աստիճանի:
Այդ գեներալները գնում են տուգանային «գումարտա՞կ»՝ Հայաստանին ծառայելու, ՀԱՊԿ-ում, այսպես ասած, Հայաստանի շահի սպասարկման առումով ինչ-որ բան փոխելու, թե՞ նրանք կլինեն ընդամենը Սերժ Սարգսյանի շահերի ներկայացուցիչը ՀԱՊԿ-ում, քանի որ Հայաստանի շահը պաշտպանելու դեպքում նրանք դա կանեին բանակում իրենց պաշտոնական պարտականություններն օրինակելի, արդյունավետ եւ անթերի կատարելով, եւ կարիք չէր լինի հասնել ՀԱՊԿ: Առավել եւս, որ իրատեսական եւ նույնիսկ քաղաքականապաես համարժեք չէ կարծել, թե Խաչատուրովն ու Բաղմանյանը կարող են ինչ-որ բան փոխել ՀԱՊԿ կուրսի առումով, եթե իհարկե այդպիսի կուրս ընդհանրապես գոյություն ունի, եւ այդ կառույցը պարզապես հետխորհրդային պետությունների հետ ՌԴ ռազմա-քաղաքական բրգաձեւ հարաբերությունների գործիք չէ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում