Lragir.am-ը գրում է.

Նոր սահմանադրությանն անցնելն իր մեջ մի քանի “նորություններ” ունի, որոնցից առաջինը անդիմությունն է (Անդիմություն ասելով ի նկատի ունեմ որոշում կայացնող, սուբյեկտային անհատների բացակայությունը)։ Նոր սահմանդրությամբ Սերժ Սարգսյանը ևս անցնում է “անդեմների շարքը՝ անցնում է “ընդհատակ”:
Սարգսյանի գործունեական հետագիծը հայ իրականության մեջ ամենաֆանտաստիկն է՝ կոմսոմոլությունից, ապա պատերազմի ժամանակ թիկունքում անձնական ատրճանակներ բաժանելով զինվորականության հետ կապերի հաստատումով դեպի ազգային անվտանգություն, ապա նրա արխիվներում առկա մարդկանց վրա եղած կոմպրոմատներով դեպի վերին իշխանություն, ապա մարտի մեկի արյան վերագրում այլոց, ապա Քոչարյանի “միամտությամբ” իբր ժամանակավոր նախագահություն, ապա Քոչարյանի հանդեպ պայմանավորվածությունների դրժում-երկրորդ ժամկետի նախագահություն, ապա հատուկ իր պատվերով ու իր համար սահմանադրության փոփոխություն, ապա սպասվելիք վարչապետության պայմանների սրբագրում, ներառյալ նաև դռնփակ կառավարության նիստերի նոր մշակույթի օրենսդրական ամրագրումը։
Ֆորմալ առումով իբր ժողովրդավարություն է՝ “ընտրել ենք”, ինքն էլ դարձել է, որոշել են օրենքով, օրենքով էլ անելու է։ Բայց իրականում նման աշխատանքային ուղի անցնելու համար նրա դիմաց կամ մարդկային անապատ պետք է եղած լինի, կամ էլ հենց ինքը եղած լինի անապատացնողը։
Սարգսյանի մեջ լիդերը երբեք չի եղել, բայց եղել է կոմպրոմատի օգնությամբ և ժողովրդի հաշվին օլիգրարխների սպասարկում՝ իրեն պաշտպանելու պայմանով։ Դրա համար հիմա իշխանականում համատարած վայնասուն է, թե Սարգսյան վարչապետին ալտերնատիվ չկա։
Իհարկե չկա, բա էլ ո՞վ կարող է հազարավոր ներքին պայմանավորվածությունները շարունակել՝ իհարկե Սարգսյանը։ Իսկ որ այդ գործընթացներով Հայաստանն է վերանում, դա ոչ մեկի վեջը չէ։ Այս հարցին դեռ կանդրադառնանք, մինչ այդ տեսնենք այլ “նորությունների” մասով։
Նորություն համար երկու. այս սահմանադրությամբ երկրի պատասխանատու գոյություն չունի։ Վարչապետն իր ֆունկցիաները հաստատ է բաշխելու տեղակալներին։ Անգլիական թագուհու կարգավիճակով նախագահը որևէ լուրջ հարցի պատասխանատվություն չի ունենալու, մանավանդ որ իր նստավայրը երևի հենց Անգլիայում էլ մնա։ Խորհրդարանի նախագահն էլ որևէ հարցի պատասխանատու չէ։
Փաստացի Սարգսյանի գործառույթի մեջ, ինչպես նշել էի, լինելու է միայն մեկ հարց֊ սեփականության բաշխման և վերաբաշխման հարցերում դատավորի, “ռազբիռատ անողի”, հանգուցալուծողի, “պախանի” ֆունկցիան։ Այո, հենց նա է շարունակելու մնալ երկրի հարստությունը յուրացրած մի բուռ օլիգարխների ներքին գզվռտոցների լուծողը։ Բայց մնացած ոչ մի, իրոք պետական հարց, իր պատասխանատուն չի ունենալու։
Սարգսյանն, իհարկե, մարդկանց ու այլոց աչքերին “թոզ փչելու համար” կարող է ժամանակ առ ժամանակ վարչապետի տեղակալի տեղակալին, կամ նույնիսկ հենց առաջին տեղակալին էլ որպես քավության նոխազ զոհաբերել, բայց դա արդեն որպես ֆարս էլ չի ընկալվելու, այլ դիտվելու է որպես զավեշտ։
Հաջորդ նորությունն այն է, որ հասկանալով այս վիճակը, արտաքին սուբյեկտները վերջնականապես են դադարեցնելու Հայաստանի հետ որևէ հարաբերությունները։ Որովհետև ո՞ւմ հետ խոսեն ու ինչի՞ մասին՝ չէ որ ոչ մի պատասխանատու չկա։ Հաջորդ նորությունը ամբողջ իշխանականի ապատիան է լինելու նոր սահմանադրության էս անողոք անդեմությունից, իշխանական ֆորմալիզմից, անպատասխանատվությունից ու դեմագոգիայից։
Ենթադրենք, թե տանիքների համակարգը նույնն է մնալու, բայց եթե իշխանական ուղղաձիգն է խամաճիկային, կեղծ ու աբսուրդային, ապա իշխանական “դաբռոյի” ճգնաժամ է սկսվելու՝ անարխիայի տեսքով։ Իսկ անարխիան ոչ այնքան անիշխանություն է, որքան իրար հետ գզվռտվող զուգահեռ փոքր տեղական իշխանություններ։
Սարգսյանը չի պատկերացնում թե ինչի է գնում։ Իր մոտ քաղաքական կուրություն է նկատվում արդեն շատ վաղուց, և դրա դեմը ոչ ոք չի կարող առնել, նույնիսկ հենց ինքը, որովհետև այդ մարդն անընդունակ է տեսնելու իրականությունը։
Այլ նորություններ էլ կան։ Բոլորը կանխատեսելն անհնար է, բայց ըստ նախնական ելակետերի, դրանք բոլորն էլ դեմ են լինելու իշխանականին և մոտեցնելու են նրա անկումը։
Շատերը կուրախանան այս կանխատեսումից, ես էլ նրանց շարքում։ Բայց անկեղծ ասած, ուրախանալու բան առանձնապես չկա, որովհետև իշխանության արժանի փոխարինողը չկա։ Դե իհարկե, իբր իշխանությանը պատրաստ կուրծք ծեծողները հարյուրներով կան, բայց ես խոսում եմ իրական մասնագետների, ժամանակակից քաղաքական ու քաղաքագիտական հարցերը իրապես հասկացողների ու իրական, ճգնաժամային լիդերների, այլ ոչ հերթական տհասների ու պնակալեզների մասին։
Ակնհայտորեն, հայությունը հետտրավմատիկ ստրեսային սինդրոմի (PTSD) մեջ է։ Պատմական թուլություններին գումարվել էին Գենոցիդը, սովետ միության կազմում քաղաքականի, քաղաքականության ու քաղաքական լիդերների իսպառ բացակայությունը, ապա երկրաշարժը, պատերազմը, վայրի սեփականաշնորհումը, արտագաղթը, մնացածների անօրեն վիճակը, իշխանական ու քրեական թալանն ու բեսպրդելը, ազգայինի ու մարդու աննախադեպ ոտնահարումը:
Այս ամենը շատ ավելի էին, քան պատերազմից վերադարձող ամերիկացիների մեծ մասի մոտ նկատվող PTSD-ն էր․Մենք ամենքս անձնապես էինք տեսել մերձավորների՝ անասելի ծանր պայմաններով պայմանավորված մահերը, ներքին քրեական ու իշխանական բեսպրեդելը, անօրինությունը, բանդիտիզմը, մարդու դեգրադացիան ու ազգային անկումը, որը հաստատ ավելի է, քան “ամերիկյան” PTSD-ն։
Եթե ամերիկացիք հատուկ թերապիա էին անցնում նորմալ, մարդկային շարքերը վերադառնալու համար, ապա մեզանում այդ ճոխությունը չկար՝ դիմանում էինք։
Ելքերը երեքն էին՝ հիվանդությամբ, սովով, վաղահաս ծերությամբ զոհվելը, արտագաղթելը, կամ կռանալով ապասուբյեկտանալը։
Երեքն էլ կիրառվեցին և շարունակում են կիրառվել։ Եվ արդյունքում, Հայաստանում պետական, հասարակական, քաղաքական, ազգային, մարդու, ընտանիքի բազմաչափ ու անսահման, անեզր ու անծայրածիր ճգնաժամ է։ Իսկ կոնֆլիկտաբանությունից հայտնի է, որ ճգնաժամերը հաղթահարվում են բացառապես սկզբունքային նոր ուղու անցնելով։
Նոր ուղու անցնելու համար կամ նոր լիդեր է պետք, որը կտանի նոր վիճակի։ Կամ էլ արտաքին միջամտության հաշվին նոր իրադրության առաջացում, ուր դրվածքներն ու անելիքները պարտադրվում են դրսից՝ անպայմանորեն գերուժի կողմից։
Դեռ որ դրսից մեզ բարյացակամորեն պարտադրելու պատրաստ գերուժ ես չեմ տեսնում։ Ներսում էլ չեմ տեսնում մի նոր լիդերի, ով համահունչ է հայկական իրականությանն ու ժամանակի քաղաքակրթական պահանջներին։
Փորձեք գոնե մտովի, գոնե մոտավորապես ձեր տեսադաշտում գտնել մեկին, ում անվերապահ կհարգեք, կլսեք ու կվստահեք որպես առաջնորդի, քաղգործիչի, երկրի ղեկավարի։ Չեք գտնի նմանին, որովհետև բոլորին են ահաբեկել, սնանկացրել, աղքատացրել, սարքել օրվա խնդիրների մեջ խարխափող, գցել անելանելիության ճիրաններն ու թողել անպաշտպան։ Բոլորին են վարկաբեկել, հիասթափեցրել, ուժասպառ արել ու թշնամացրել կողքիններին ու ժողովրդին։
Ի հետևանք, իշխանության ու մարդկանց միջև ահռելի ջրբաժան է։
Անկախությունից ի վեր այս հակադրությունը մի ամբողջ սերնունդ է այլասերել՝ խթանելով տականքի մուտքը իշխանություն և նորմալի մեկուսացումն իշխանությունից, քաղաքական-քաղաքացիականից։
Մենք փաստացի ազգովի նորից կանգնած ենք Լաոյի առջև։ Սովետական ավագ սերունդը քաղաքացի, քաղաքական ու քաղաքագետ չէր։ Իսկ երիտասարդությունն էլ երկփեղկվեց՝ քրեականի պատրաստը դարձավ իշխանություն, թալանին ոչ պատրաստը մեկուսացվեց ասպարեզից։
Այսինքն, մենք թե պատմական ու թե հայրերի ու պապերի արմատներից կտրված, աղճատված, պատերազմով, ներքին թալանով ու բեսպրեդելով բարոյազրկված, տրավմատիկ սինդրոմների մեջ հայտնված ժողովուրդ ենք, որը զուրկ է իրականության ու սեփական ճակատագրի վրա ներազգելու որևէ լծակներից։
Սա թե մեր՝ ժողովրդի, և թե իշխանության ողբերգությունն է։ Մերն է, որովհետև ինքնաթողի, “տաշեղային” վիճակ է ներքևներում։ Եվ իրենցն էլ է, որովհետև անորոշ է իրենց ապագան ևս՝ հնով շարունակել հաստատ չեն կարողանալու, նորով էլ, ո՞վ գիտի, թե ինչի են հասնելու։
Ամեն դեպքում, դեռ որ բանականությամբ հարցերին նայողներին մնում է միայն մեկ բան՝ չմերժել դիմացի բանական մեկ ուրիշին և չդիտել նրան որպես թշնամի, քեզանից անսահման ստորադաս, կամ տհաս։ Ինչպես վերն էր նկարագրված՝ մենք բոլորս էլ մոտավորապես նույն “ստորոտներում” ենք, նույն պոտենցիալների ու հնարավորությունների տերը։
Մեր տգետն ու մեր երևելին հոշոտեցին մեզ։ Պահն է, որ մեր մեջի շարքայինը, նորմալը, “մարդը” մեր մեջ արթնանա ու իրենն անի։ Իսկ անելիքն էլ արդարություն վերականգնելն է, և արդարության դեմ դուրս եկածներին վրեժի ուժով պատժելը։
Թող այս հոդվածը կարդացող ամեն մեկն իրեն հաշիվ տա, թե արդյոք ինքը կստորագեր հրաման, որով կոնյակի գործարանը “ջրի գնով” տալիս է ֆրանսիացիներին։ Կստորագրե՞ր պայմանագիր, որով Սևանի կամ Որոտանի կասկադները տալիս է ուրիշներին։ Կստորագրե՞ր, որ Հայաստանի ընդերքն է վաճառում այլոց, Հայաստանի մարդկանց, Հայաստանի հարստություններն ու Հայաստանի ապագան է ոտնատակ տալիս։
Չէր ստորագրի, որովհետև նրա մեջ նստած արժանապատվությունը թույլ չէր տա՝ կասեր դու ո՞վ ես, որ ամբողջ ազգի գոյության հետ ես խաղում։
Եվ հենց սեփական արժանապատվությունը նրան կստիպեր պայքարի՝ այդ որոշումների դեմ, կամ էլ հրաժարականի, եթե պայքարը պարտվեր։
Հրաժարականն անտեսանելի մի նշաձող է, որը կառավարում է պաշտոնյային և օգնում նրան չդավաճանելու իր ներսի մարդուն։
Հայաստանում հենց այդ նշաձողն են վերացրել, դրա համար ոչ հրաժարականի գնացող կա, ոչ էլ թալանից ու բեսպրեդելից խուսափող։ Բոլորը “փալան են և ոչ մեկը՝ էշ”։
Եվ այս վիճակն էլ իր պատճառներն ունի՝ պատիժը, վրեժը, պատասխանատվությունը չկա, ումից վախենա։
Հիշենք, որ մարդկությունը՝ “մարդկային” ու մարդուն էլ “մարդ” պահելու միակ միջոցը օրինական, դատարանով ապահովվող պատիժն է։ Իսկ եթե դատարանը չկա, ապա անձնական հաշվեհարդար-վրեժը։
Բարոյալքված անհատներից ու կեղծված սահմանադրությունից շատ ավելի վեր, մեր հիմնական պրոմբլեմը պատժի և վրեժի կատարյալ բացակայությունն է։ Իսկ համաձայն քաղաքագիտական այբուբենի՝ ներսում արդար պատիժը վերացրած պետությունն անհնար է։
Մենք հենց այդ ուղով էլ գնում ենք։

 Նյութի աղբյուրը՝ Lragir.am