Աշխարհում ամենամեծ «Ծովերի սիմֆոնիա» զբոսանավը իր առաջին ուղերթն է սկսել: Նավը Ֆրանսիայից նավարկել է Իսպանիա, Մալագա: Առաջին սեզոնը կանցկացվի Միջերկրական ծովում, այնուհետեւ նավը կգտնվի Մայամիի նավահանգստում, հայտնում է «Մոյա պլանետան»:
Երկնաքերի չափեր ունեցող նավը ֆրանսիական STX ընկերությունը կառուցել է 2 տարի: «Ծովերի սիմֆոնիայի» կառուցման արժեքը կազմել է 1.35 մլրդ դոլար, քաշը՝ 228 000 տոննա, երկարությունը՝ 362 մետր: Նավում տեղավորվում է 8 հազար մարդ, ներառյալ 2200 աշխատակիցները:
Նավում ճոպանուղի կա, սահուղի, գոլֆի մինի դաշտ, մագլցելու հարթակ, ակվապարկ՝ ծովի ալիքների նմանակմամբ եւ բասկետբոլի հրապարակ, հայտնում է Daily Mail-ը:
Նավի տերն է Royal Caribbean International-ը, Ֆլորիդա: Ընկերության տնօրեն Ռիչարդ Ֆեյնը շնորհակալություն է հայտնել նավաշինարարներին՝ կատակով նշելով. «Մենք միլիարդ անգամ շնորհակալություն ենք հայտնել եւ ամեն անգամը եղել է մեկական եվրոյով»: