Lragir.am-ը գրում է.

Վերջին օրերին ներկա և նախկին համայնքապետերի ձերբակալությունները՝ յուրացումների և չարաշահումների կասկածանքով, այն ամենի հետևանք են, որ պետությունը չունի ռեսուրսներ արդեն իսկ ձևավորված կոռուպցիոն ամբողջ համակարգի ախորժակը բավարարելու համար: Lragir.am-ի հետ զրույցում նման դիտարկում արեց իրավապաշտպան Արթուր Սաքունցը:
«Միջին ու ներքին օղակի որոշ պաշտոնյաների նկատմամբ տեսնում ենք քրեական հետապնդումների մի ամբողջ շարք՝ կաշառքի, յուրացումների, կոռուպցիոն այլ հանցագործությունների հիմքով: Սա ես պայմանավորում եմ ֆինանսական ռեսուրսների սղությամբ: Այսինքն՝ ֆինանսական ռեսուրսների սղության պայմաններում, չկարողանալով կառավարել ավելի մեծ ֆինանսական ռեսուրսների պայմաններում արդեն ձևավորված կոռուպցիոն սխեմաները, թիրախային զոհաբերություններով փորձում են զսպել կոռուպցիոն համակարգի ախորժակը, քանի որ այլևս չեն կարող այն բավարարել»,- ասում է իրավապաշտպանը: Եվ այս փուլում, նրա խոսքով, թիրախում հայտնվել են ներկա ու նախկին համայնքապետերը:
Արթուր Սաքունցը հիշեցնում է, որ համայնքապետերի նկատմամբ այս օպերացիայի մասին դեռևս նախորդ տարի էր Սերժ Սարգսյանը նախազգուշացրել՝ հայտնի խորհրդակցության ժամանակ:
«Եվ ինքն ամենաներքին օղակին զգուշացրեց, բայց իրականում դա ուղղված էր նաև միջին ու բարձր օղակին: Բայց ես չեմ կարծում, որ ինքը կհասնի բարձր օղակին, նկատի ունեմ նախարարներին, մարզպետներին և այլն, նրանց քրեական հետապնդման չի ենթարկելու: Այսինքն՝ այսօր կոռուպցիայի կառավարումը նպատակ է հետապնդում կոռուպցիոն մեխանիզմը հարմարեցնելու ֆինանսական սուղ պայմաններում գոյատևելուն: Եվ դա ոչ թե պայքար է կոռուպցիայի դեմ, այլ կոռուպցիայի սահմաններն են կրճատվում, կոռուպցիայի մեջ ընդգրկված մարդկանց է կրճատում: Եվ այս իրավիճակը կանխատեսելի էր»,- նշեց նա:
Իրավապաշտպանի խոսքով՝ դրան զուգահեռ, հետևողականություն չի ցուցաբերվում խոշոր կոռուպցիոներներին պատժելու հարցում: Խոշոր պաշտոնյաները շարունակում են անձեռնմխելի մնալ:
«Սերժ Սարգսյանը չի դիպչելու խոշոր շնաձկներին, որոնք իր իշխանության հիմնասյուներն են: Բայց ինքը կհեռացնի նրանց որոշ մասին: Այսինքն՝ քրեական հետապնդման կենթարկի ներքին ու միջին օղակին, իսկ խոշոր շնաձկների շարքերը կնոսրացնի՝ նրանց նկատմամբ ոչ թե իրավական մեթոդներ կիրառելով, այլ վարչական: Ցուցակագրում կանցկացնի, արդեն իսկ տեսանք նման դեպքեր, որոնք տեղի ունեցան Հովիկ Աբրահամյանի, Գագիկ Խաչատրյանի, Մհեր Սեդրակյանի և այլոց հետ: Եվ ում կունեզրկի, նրանք պետք է գոհ մնան, որ չեն զրկվում նաև ազատությունից: Կրկնում եմ, սրա ամբողջ իմաստը հետևյալն է՝ ապահովել կոռուպցիոն համակարգի շարունակականությունը կամ գոյության ապահովումը ֆինանսական սահմանափակ ռեսուրսների պայմաններում»,- նշեց Սաքունը:
Ըստ իրավապաշտպանի՝ որևէ մեկը թող չփորձի ոգևորվել ու մտածել, թե սա իրական պայքար է կոռուպցիայի դեմ: Նման հիմք չկա, քանի որ այդ դեպքում առաջին հերթին Սերժ Սարգսյանն իր մերձավոր շրջապատից ու իրենից պետք է սկսի:

 Նյութի աղբյուրը՝ Lragir.am