Շարժական արագաչափերի հարցը, որը հանրության շրջանում լուրջ բանավեճեր եւ դժգոհություն է հարուցել, նախատեսվում է առաջիկայում քննարկել ԱԺ պետաիրավական եւ մարդու իրավունքների հարցերի մշտական հանձնաժողովի նիստում: Այս մասին ապրիլի 3-ին հանձնաժողովի նիստում հայտնեց հանձնաժողովի հանրապետական նախագահ Գեւորգ Կոստանյանը:
Ինչպես նշեց Կոստանյանը, այս հարցը արդեն քննարկվել է «Ելք» եւ «Ծառուկյան» դաշինքների ներկայացուցիչների հետ: «Մենք ելնում ենք այն բանից, որ տվյալ հարցը հանրության համար բավականին ցավոտ է եւ մեր քննարկման կարիքն ունի»,- ընդգծեց նա:
Կոստանյանի խոսքով՝ շարժական արագաչափերի հարցը, որոնք ներդրել է Ճանապարհային ոստիկանությունը, անդրադարձել է հասարակության տարբեր շերտերի վրա եւ ոչ մեկին անտարբեր չի թողել: Կոստանյանը հավելեց, որ այսպիսի համակարգի ներդրումը պետք է ուղղված լինի խախտումների կանխմանը, այլ ոչ թե իրավախախտներին պատժելու միջոց դիտարկվի: