Սվերդլովսկի մարզի Նիժնի Տագիլ քաղաքի 40-ամյա բնակչուհին գտնվելով ալկոհոլի ուժեղ ազդեցության տակ, Գրիբոեդովի փողոցի իր բնակարանում ծեծելով սպանել է իր 4 ամսական որդուն և մարմնական ծանր վնասվածքներ հասցրել 2 տարեկան դստերը: Աղջիկը գանգուղեղային ծանր և փորի հատվածում ստացած բութ վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց և այժմ գտնվում է բժիշկների վերահսկողության ներքո:
Հարուցվել է քրեական գործ ՌԴ քրեական օրենսգրքի՝ «առողջությանը դիտավորյալ վնաս հասցնելը՝ տուժածին անզգուշությամբ մահ պատճառելով» հոդվածի հատկանիշներով, հաղորդում է ՌԴ Քննչական կոմիտեի պաշտոնական կայքը:
Քննության վարկածով՝ 2013թ. հունիսի 13-ին կասկածյալը, լինելով ալկոհոլային խմիչքի ուժեղ ազդեցության տակ Նիժնի Տագիլի Գրիբոեդովի անվան փողոցում հանցագործ գործողությունների արդյունքում 4-ամսական տղային հասցրել է գանգուղեղային վնասվածք, որի հետևանքով երեխան տեղում մահացել է: Աղջիկը նույնպես ստացել է գանգուղեղային փակ ջարդվածք և փորի բութ վնասվածք,-գրում է Փաստինֆոն:
Կասկածյալն արդեն ձերբակալված է: Որոշվում է նրա համար խափանման միջոց կալանավորումն ընտրելու հարցը: Գործով նշանակված է դատաբժշկական համալիր փորձաքննություն: ՌԴ Քննչական կոմիտեի քննիչը համագործակցելով ոստիկանության աշխատակիցների հետ իրականացնում է համապատասխան քննչական գործողություններ՝ ողբերգության բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: