Ցուցարարներն այսօր՝ ապրիլի 18-ի առավոտյան, «Իմ քայլը» նախաձեռնության ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Ֆրանսիայի հրապարակիղց երթով շարվեցին դեպի Բաղրամյան պողոտա, որն այսօր առավոտյան բացվել էր:
Ցուցարարները փակեցին Բաղրամյան պողոտան եւ շարժվում են դեպի վեր:
Փաշինյանը կոչ արեց ոչինչ չվնասել, միայն շրջափակել շենքերը:
Ոստիկանները շղթա կազմեցին եւ փակեցին դեպի Դեմիրճյան փողոց տանող ճանապարհը:
«Հենց հիմա սկսվում է Բաղրամյան-26-ի շրջափակումը: Մեր հավաքը խաղաղ է, մենք եկել ենք հեռացնելու Սերժ Սարգսյանին»,-հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:
Ոստիկանները շղթա կազմեցին նաեւ Բաղրամյան 26-ի դիմաց: Ցուցարարները սկսեցին վանկարկել «ոստիկանը մերն է», «միացեք»:
Նշենք, որ նախօերին Նիկոլ Փաշինյանն ու իր աջակիցները երթով անցնելով փակել են Երեւանի կենտրոնական մի շարք փողոցներ, ապպա արգելափակել են պետական մի քանի գերատեսչությունների շենքեր՝ ԱԳՆ, ՊԵԿ, Դատախազություն: Երեկոյան Հանրապետության հրապարակում տեղի է ունեցել բազմահազարանոց հանրահավաք, որտեղ Փաշինյանը ներկայացրել է իր պլանը. «Մենք պետք է շրջափակենք գերատեսչական շենքերը, ճանապարհները, մայրուղիները։ Չեմ ուզում ասել, թե դա ինչպես է պետք անել, որովհետեւ դուք ցույց տվեցիք, որ հերոս ժողովուրդ եք, եւ ձեր առաջ փակ տարածքներ չեն կարող լինել։ Վաղը գործողությունները կսկսենք ժամը 10-ից»։
Փաշինյանը նշել է, որ ստեղծելու են հեղափոխական կոմիտե, որը համակարգելու է բոլոր գործողությունները, իսկ վաղվանից սկսելու են գործողությունների երրորդ փուլը. «Վաղը պիտի կաթվածահար լինի ամբողջ Երեւան քաղաքը՝ 9-րդ մասիվից մինչեւ 3-րդ գյուղ»։ Իսկ հանրահավաքից հետո երթ է մեկնարկելու։
Հիշեցնենք, որ ապրիլի 16-ին Բաղրամյան պողոտայում ոստիկանությունը լուսաձայնային նռնակներ է կիրառել ցուցարարների դեմ. Բախումների հետեւանքով 46 անձ, այդ թվում Նիկոլ Փաշինյանը, տեղափոխվել են հիվանդանոց: Իսկ ապրիլի 17-ին ոստիկանները Երեւանի փողոցներից բերման են ենթարկել մի խումբ ցուցարարների: Ոստիկանության տվյալներով՝ բերման ենթարկված 86 քաղաքացիներից 80-ն ազատ է արձակվել: