Այսօր «Մարիոթ» հյուրանոցում պլանավորված բանակցությունները Սերժ Սարգսյանի և Նիկոլ Փաշինյանի միջև, ըստ էության, չկայացան:

Հանդիպման մեկնարկին Սերժ Սարգսյանն ասաց, որ ինքը չի պատկերացնում,թե ինչպես են բանակցելու լրագրողների ներկայությամբ։ Սարգսյանին ի պատասխան՝ Նիկոլ Փաշինյանն ասաց,որ թյուրըմբռնում կա,և ինքը ոչ թե բանակցելու է եկել, այլ քննարկելու իշխանափոխության հարցը։

 

«Ես կարծում եմ՝ թյուրըմբռնում կա, որովհետև հստակ արձանագրել եմ՝ խոսքը ոչ թե երկխոսության մասին է, այլ խոսքը առաջարկած օրակարգի մասին է, եկել եմ քննարկելու Ձեր հրաժարականի պայմանները և իշխանության խաղաղ, անցնցում փոխանցման պայմանները»,- ասաց Փաշինյանը:

Սերժ Սարգսյանը նշեց. «Դա բանակցություն չէ, դա ուլտիմատում է, շանտաժ պետությանը, օրինական իշխանություններին, Դուք չեք գիտակացում, դասեր չեք քաղել մարտի մեկից, եթե այդ տոնով պետք է խոսեք, մեկ անգամ ևս խորհուրդ կտամ, որ գաք օրինական դաշտ և տրամաբանական գործողությունների սահման:

Հակառակ պարագայում ամբողջ պատասխանատվությունը Ձեզ վրա է , ընտրե՛ք»,- ասաց նա:

Նիկոլ Փաշինայնը պատասխանեց, որ ոչ ոք չի համարձակվի իր հետ սպառնալիքների տոնով խոսել:

«Չեք պատկերացնում հանրապետության իրավիճակը, այնպիսին չէ, ինչպես գիտեք: ՀՀ-ում իշխանությունը անցել է ժողովրդի ձեռքը»,- ասաց նա:

Սերժ Սարգսյանը նշեց, թե ընտրություններին 7-8 տոկոս տարած խմբակցությունը ժողովրդի անունից իրավունք չունի խոսելու: Պետության օրինական պահանջը չեք կատարում, ուրեմն ցտեսություն»,- ասաց վարչապետը: