Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Էստոնիայում բնակվող հայազգի հայտնի գրող Գոհար Մարկոսյան-Կասպերին, ով հայրենիք է ժամանել «Բոլորը գնում են Երեւան» ժողովրդական դիվանագիտության առաքելության ծրագրի շրջանակներում:
Կառավարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ողջունելով գրողին` Տիգրան Սարգսյանը նշել է. «Դուք հեղինակություն եք վայելում ընթերցողների շրջանում եւ մենք բոլորս սպասում ենք Ձեր նոր ստեղծագործություններին»:
Էստոնահայ գրողը վարչապետին է ներկայացրել իր նոր վեպի հրատարակման ուղղությամբ աշխատանքներն ու առաջիկա ծրագրերը: Այնուհետեւ զրուցակիցները քննարկել են մշակույթի, մասնավորապես, գրական ասպարեզում մեր երկրում առկա վիճակն ու հեռանկարները: Անդրադարձ է կատարվել Հայաստանում, Էստոնիայում եւ ողջ աշխարհում արվեստի ոլորտում տեղի ունեցող զարգացումներին:
Գոհար Մարկոսյան-Կասպերը հայտնի է իր հեղինակած մի շարք վեպերով՝ «Պենելոպե», «Հեղինե», «Կարիատուհիներ» եւ այլն), պիեսներով ու պատմվածքներով:
Նրա գրքերը թարգմանվել են անգլերեն, գերմաներեն, էստոներեն եւ այլ լեզուներով: