Երեք օր առանց նախարարի
Սուտ է: Բառը գրեցի ճերմակ թղթին, հետո սկսեցի մտածել՝ ի՞նչը: Դժվար թե կյանքը նկատի ունենայի: Ես վաղուց արտասովոր բաներ չեմ մտածել: Ինչը որ կա՝ այն է: Բրիջիդ Բարդոն սուտ է, այդպիսի կին չկա աշխարհում. ֆրանսիացիներն են հորինել, որ հայ տղամարդկանց հոգու հետ խաղան: Նույնքան սուտ է Ռիո դե Ժանեյրոն. այդպիսի քաղաք չկա. Իլֆն ու Պետրովն են մոգոնել, որ Օստապ Բենդերին հունից հանեն: Ճիշտը տղամարդու այս տեսակն է, որին նախախնամությունը հրամցրել է ինձ որպես նախարար: Ինքն իրեն հարգող յուրաքանչյուր անկախ մարդ կամ ինքն է ձգտում նախարար դառնալ, կամ ունենում է իր նախարարը: Երկու դեպքում էլ աշխատավարձը ապահովված է: Աշխատավարձը ճիշտ բան է՝ բարձրացնում է տղամարդու տրամադրությունը և քնքշացնում կանանց: Աշխատավարձի վատն այն է, որ իր հետ կողմնակի բաներ է բերում՝ պարտավորություններ, նախարար, սրտնեղություններ և այլ անմիտ բաներ: Լավ է, երբ աշխատավարձը վերածվում է գինու: Վատ է, երբ այն քեզ մատուցում է տղամարդու, երբեմն նաև կնոջ այն տեսակը, որը հայերեն նախարար է կոչվում: Թուրքերեն, ճիշտն ասած, չգիտեմ թե ինչ է կոչվում: Ուզած պահին հայերեն նախարար կոչվող այդ տեսակը քեզ մատուցվող գինու գավաթը հետ է քաշում: Այդ պահին զայրույթը քեզ խեղդում է. և ուզում ես արևելյան լեզուներից մեկով նախախնամության հերը անիծել: Չի կարելի նախկին գրողի շուրթերին հպված գինու գավաթը հետ քաշել, պարո՛ն (գուցե տիկին) դա հղի է անկանխատեսելի հետևանքներով: Եվրոպան ձեզ չի ների. արևելքը՝ գուցե:
Բրիջիդ Բարդոն և Ռիո դե Ժանեյրոն ինձնից չեն նեղանա, որ մի նախարարի պատճառով կասկածի տակ առա իրենց գոյության փաստը: Այն երկրում, ուր ես նախկին գրողի ունուն եմ վաստակել, նման բաներ պատահում են: Աշխատավարձի դիմաց երբեմն ստիպված ես լինում ինչ-որ բաներ, որ կատարվել են, մոռանալ, ինչ-որ բաներ էլ, որ չեն կատարվել՝ հիշել: Երբեմն մոռանալու դիմաց ավելի են վճարում, քան հիշելու: Պատահում է նաև հակառակը: Եթե մի օր Բրիջիդ Բարդոն նախկին փառքը թողի Փարիզում և Երևան գա, ես նրան այնպիսի բաներ կպատմեմ, որ աշխարհի թափառական շների պաշտպանությանը ուղղված իր առաքելությունը իրեն անմտություն կթվա: Օստապ Բենդերին չեմ հրավիրի, գիտեմ, որ չի գա, նա իր Ռիո դե Ժանեյրոն է կառուցում:
Սա ոչ նախաբան էր, ոչ էլ վերջաբան: Համարենք նախավարժանք: Պարզապես ես փորձում եմ թակել այն պատմվածքի դուռը, որը ինքս իմ երեսին եմ շրխկացրել ավելի քան 15 տարի առաջ:
– Հետո՞, - հարցրեց կինը, - տեսա՞ր:
– Ո՞ւմ, - իմանալով հանդերձ, թե ում է ակնարկում կինը, հարցրեց տղամարդը:
– Ուրիշ էլ ո՞ւմ, - սրտնեղեց կինը, - նախարարին:
– Տեսա՛: - անտարբեր ասաց տղամարդը:
– Հետո՞:
– Հետո ի՞նչ:
– Լավ էլ գիտես, թե ինչ եմ հարցնում:
– Ասացի՝ թույլ տվեք արտահայտվել:
– Հետո՞:
– Արտահայտվեցի:
– Ի՞նչ ասացիր:
– Ասացի՝ ողջույն, պարոն նախարար:
– Հետո՞:
– Ասաց՝ հոգնած ես երևում, Հակոբ Արտաշեսի:
– Այսինքն:
– Այսինքն, Հակոբ Արտաշեսի անուն հայրանունով մարդը հոգնած է:
– Ոչ մի վատ բան չեմ տեսնում նախարարի ասածի մեջ: Հոգատար մարդ է, ասել է, որ հոգնած ես:
– Քո կարծիքով ես հոգնա՞ծ եմ: - հարցրեց տղամարդը:
– Հասկանո՞ւմ ես, - ասաց կինը, - նախարարը իրավունք ունի կարծելու, որ իր ենթական հոգնած է:
– Ես հոգնած չեմ, - ասաց տղամարդը:
– Նա իրավունք ունի մտածելու, որ հոգնած ես: Հասկանո՞ւմ ես, նա նախարար է:
– Ինչո՞ւ պետք է ես հոգնած լինեմ, միայն այն բանի համար, որ այդպես է մտածում մի ոմն պաշտոնյա:
– Եթե չես ուզում, որ ինչ-որ մեկը կարծի, որ դու հոգնած ես, ինքդ նախարար դառնայիր, - խայթեց կինը:
– Ես թքած ունեմ նախարարի պաշտոնի վրա, - ջղաձգվեց տղամարդը:
– Աստված իմ, - ասաց կինը, - այս մարդը որպեսզի ուրիշին չսիրի, ինքն իրեն է ատում:
Պատմվածքը, որի դուռը 15 տարի առաջ կողպեցի, «Ընտանի կենդանի» էր վերնագրված: Այն ժամանակ նույնպես նախարարները ազատ ել ու մուտ էին անում մեր տները: Մեր ընտանեկան վեճերի մեջ նրանք դատավորի, երբեմն նաև` դահճի դերն էին ստանձնում: Երբ հարբած տուն էի գալիս և ամբողջ զայրույթս աշխատավարձի մնացորդի պես կնոջս երեսին շպրտում, նախարարը ուսերս գրկում էր և դեպի անկողին առաջնորդում: Թե ինչ քնքշությամբ էր նա կոշկակապերս արձակում, պատմելու բան չէ: Հետո նա կնոջս հետ հաշվում էր աշխատավարձի թերմացքը, քաջալերում էր նրան և դուրս գալիս՝ մեկ այլ հարբած ենթակայի տուն հասցնելու վճռականությամբ: Նրանց գործի բնույթն էր այդպիսին՝ մեր աշխատավարձի տերն էին ու ծառան: Մեծահոգությունը, որ այն ժամանակ մատուցվում էր Խորհրդային հասարակարգի սոուսի մեջ, կոմունիստական համեմունքով, նույնքան ախորժալի էր, որքան Ազատ-Անկախ (տեղ-տեղ նաև՝ միացյալ) Հայաստանի ազգային մեծահոգությունից հունցված ուտեստը: Եթե ասեմ, որ նախարարը որդուս ձեռքը բռնած ամեն առավոտ մանկապարտեզ էր տանում, բառացի կհասկանաք, ինձ կմեղադրեք կոմունիզմի կարոտախտին տրվելու մեջ: Ասելս այն է, որ թե առաջ, թե հիմա և թե` ապագայում նախարարները եղել են, կան ու կլինեն: Մենք ենք, որ փոխվում ենք: Այնքան արագ ենք փոխվում, որ նախարարները մեզնից գլուխ չեն հանում: Հիմա՛ էլ նրանք հարբած գրողի են փնտրում, որ ուղեկցեն տուն, բայց չեն գտնում: Չեն գտնում ոչ թե այն պատճառով, որ գրողները այլևս չեն հարբում, քավ լիցի: Այլ... որովհետև գրողները գաղտնի են պահում իրենց կոչումը, ինչպես նախկին ԿԳԲ-ականները, կամ ավելի նախկին չեկիստները: Չեմ ասում , որ չեկիստները ու գրողները նույն բանն են, պարզապես երկուսն էլ ամաչում են իրենց մասնագիտությունից: Հարցը պետական մոտեցումն է. չեկիստների ամաչկոտությունը գնահատվում է և խրախուսվում, գրողներինը՝ ոչ: Ինչո՞ւ է այդպես. երևի տարին չորային էր, կամ էլ համաշխարհային ֆինանսական ճգնաժամի ակունքները Սերվանտեսից են սերվել. Դոն Քիշոտն ու Սանչո Պանսան մսխել են համաշխարհային գանձարանի փողերը:
– Գնում եմ, - ասաց տղամարդը, - առողջարան եմ գնում:
– Առողջարա՞ն, - զարմացավ կինը, - հենց այդպե՞ս, միանգամի՞ց...
– Հենց հիմա:
– Իսկ նախարա՞րը, նա տեղյա՞կ է...
– Նախարարի հրամանով եմ հանգստանալու, - ասաց տղամարդը:
– Նախարարի հրամանով աշխատելու մասին լսել եմ, հանգստանալու մասին առաջին անգամ եմ լսում, - հեգնանքով խոսեց կինը:
– Նախարարը ասաց՝ հոգնած ես երևում, Հակոբ Արտաշեսի...
– Աստված իմ, - հեգնախառը ցավով ասաց կինը, - ամեն ինչ կրկնվում է: Քսան տարի առաջ և քսան տարի հետո, ամեն ինչ կրկնվում է: Աշխարհի բոլոր նախարարներին թվում է, որ դու հոգնած ես: Աստված ինչո՞ւ է քեզ այդպիսի հոգնած տեսքով ստեղծել:
– Նախարարն ասաց՝ երեք օրով Դիլիջան գնա, երեք օր առանց նախարարի ապրիր, թող ուղեղդ շնչի:
– Իսկ դո՞ւ:
– Ես ի՞նչ:
– Մենա՞կ էիք:
– Դահլիճում, կոլեգիայի նիստի ժամանակ:
– Եթե նախարարը հետին մտքեր չունի, ինչո՞ւ պետք է դահլիճում կոլեգիայի նիստի ժամանակ նման բաներ ասի:
– Նա շատ բարեհամբույր էր, ընդգծված քաղաքավարությամբ ասաց. «Հակոբ Արտաշեսի...» Միայն ինձ է այդպես դիմում:
– Որովհետև ամբողջ կյանքում «Հակոբ Արտաշեսի» ես, քո նման ուրիշը չկա... Բոլորի դեմքին լափելու, խժռելու վայրի բնազդն է շողում, իսկ քո դեմքին հոգնածությունը... Երեխայիս էլ քո պես ընտանի կենդանի ես մեծացնում:
– Ես քո ուզածն եմ, - սառը ասաց տղամարդը, այսպիսին էիր ինձ ուզում տեսնել, տեսա՛ր:
– Երեք օր առանց նախարա՛րի, - երգեցիկ ասաց կինը, - իսկ գուցե սա երկնային պարգև է, հա՞: Գուցե պատի՞ժ է...
– Տիգրանիկին հետս եմ տանելու, - ասաց տղամարդը, - միասին կշնչենք:
Միասին շնչելու գաղափարը իմն էր, նախարարը դրա մասին չգիտի: Չեմ ուզում, որ այդ մասին իմանա: Սովորաբար նախարարները չեն սիրում, երբ իրենց հրամանից դուրս ինչ-որ մեկը շնչում է: Թեկուզ այդ մեկը երեխա լինի, միևնույնն է, չեն սիրում: Հրամանի մարդ են՝ եթե այդպես է պահանջվում, այդպես էլ պետք է լինի: Չկարծեք, թե չարացած եմ նրանց դեմ, չէ՛: Եթե ես լինեի նախարար, նույնն էր լինելու: Բոլոր նախարարներն էլ նույն մարդկանց են ուզում տեսնել իրենց շրջապատում, նույն ժպիտները: «Հակոբ Արտաշեսի» անուն հայրանունը, որով պատմվածքի տղամարդուն էր մեծարում նախարարը, ամենքիս անուն հայրանունն է: Այնպես որ, եթե ամբոխի մեջ գոռաք. «Հակոբ Արտաշեսի» և ամենքը, կին թե տղամարդ, արձագանքնեն, չզարմանաք: Թե ժամանակ ունեք, նկարիչ Արմեն Սավայանի պատմությունը լսեք: Եթե շտապում եք, մեկ ուրիշ անգամ կպատմեմ: Կա՞րճ եք ուզում, կարճ կպատմեմ: Ուրեմն երբ մի անգամ էս նկարիչ Արմեն Սավայան անունով փառահեղ տղան իր արվեստակից ընկերների հետ ուտել-խմելիս են լինում, մի կարճլիկ արվեստաբան նրա ականջին շշնջում է. «Ախր Արմեն ջան, սրանք ով են, է՛, քո ճկույթն էլ չարժեն»: Էս նկարիչ Արմեն Սավայանը սաստում է նրան. «Սուս, արա, թե չէ...»: Քիչ հետո էս կարճլիկ արվեստաբանը նորից է շշնջում. «Արմեն ջան, դու հանճարեղ նկարիչ ես, սրանք «ճ» կլասի թուղթ ներկող են»: Արմեն Սավայան անունով փառահեղ տղան դատարկ շիշը բարձրացնում է, որ էս կարճլիկ քծնողի գլխին տա: «Արա, - ասում է նկարիչը, - գլխի չընկա, թե հետս ինչ կատարվեց: Հանգիստ շիշը սեղանին դրեցի: Արա, մեկ էլ զգացի, որ էդ շողոքորթությունը ինձ դուր է գալիս»: Այս է ամբողջ պատմությունը: Այնպես որ, ամենքս էլ մի երեք օրով Դիլիջանի առողջարանում օդ շնչելու կարիք ունենք, նախարարի հրամանով կամ առանց հրամանի:
– Խոսի՛ր, փոքրիկս, - երեխայի մազերը շոյելով ասաց կինը, որը անաղմուկ հայտնվել էր նրա կողքին:
– Թույլ կտա՞ք արտահայտվել, - մեծերին վայել լրջությամբ ասաց երեխան:
– Փոքրի՛կս, այդպես չի կարելի, խոսիր, ինչպես երեխաներն են խոսում:
– Իսկ ինչպե՞ս են խոսում երեխաները, - հարցրեց տղան:
– Բառերը չեն ընտրում, - ասաց կինը:
– Ես այդպես չեմ կարող, - ասաց երեխան, - հայրիկս արգելել է:
– Դու լավ տղա ես, արի միասին անտառ գնանք, - մտահոգ զննելով երեխային, ասաց կինը:
– Շնորհակալ եմ,- ասաց երեխան,- գնամ հայրիկից թույլտվություն վերցնեմ:
– Ո՞վ է հայրիկդ:
– Նախարարը հայրիկիս Հակոբ Արտաշեսի է ասում:
– Նախարա՞րը, - զարմացավ կինը, - ի՞նչ նախարար:
– Հայրիկս ամեն օր տեսնում է նախարարին:
– Մեծ բա՛ն... ես էլ ամեն օր ծառ եմ տեսնում:
– Ծառերը շատ են, իսկ նախարարները քիչ, - ասաց երեխան:
– Քի՞չն է լավ, թե շատը, - հարցրեց կինը:
– Չգիտեմ, - ասաց երեխան, - հայրիկս ասում է՝ շատերը ցանկանում են, բայց քչերին է հաջողվում: Հետո ծառերը խոսել չգիտեն:
– Քեզ ո՞վ ասաց, որ ծառերը խոսել չգիտեն, հայրիկիդ նախարա՞րը:
– Ես նախարարին չեմ տեսել, իսկ հայրիկն ամեն օր տեսնում է: Եթե ինձ խելոք պահեմ, հայրիկս խոստացել է նախարարին ցույց տալ:
– Նախարարի մո՞տ է քեզ տանելու:
– Չէ, հեռվից է ցույց տալու: Մի անգամ էլ մայրիկին է ցույց տվել:
– Եվ ի՞նչ:
– Մայրիկը ասում է՝ ուրի՛շ մարդ է երևում:
– Ինչի՞ց է երևում, որ ուրիշ մարդ է:
– Ամեն ինչ գիտի, - ասաց երեխան:
– Գիտի՞, թե ինչ է մտածում այս ծառը:
– Ծառի մասին հայրիկը ոչինչ չի ասել:
– Իսկ քո հայրիկը գիտի՞ ծառի մասին, - հարցրեց կինը:
– Իմ հայրիկը մինչև իմ ծնվելը գրքեր է տպել:
– Իսկ ինչո՞ւ քո ծնվելուց հետո չի գրում, - զարմացավ կինը:
– Չգիտեմ, - ասաց երեխան, - նա ասում է, որ երբ մեծանամ նախարար եմ դառնալու:
– Իսկ դու ի՞նչ ես մտածում:
– Ինչ հայրիկս է մտածում, այն էլ ես: Նա ասում է՝ եթե նախարար դառնամ, հավը ափիս մեջ ոսկե ձու կածի:
– Քո ինչի՞ն է պետք ոսկե ձուն:
– Հայրիկն ասում է՝ հավերը կչկչալով հերթի են կանգնում, որ նախարարի ափի մեջ ոսկե ձու ածեն:
– Գնա փոքրիկս, գնա թույլտվություն վերցրու հայրիկից, հետո հարցրու՝ արդյո՞ք անտառ գնալու արտոնություն շնորհել է իրեն նախարարը:
– Արտոնությունն ի՞նչ է, - շրջվելով հարցրեց երեխան:
– Երբ վերադառնաս, կասեմ, - ասաց կինը:
– Լսում եմ, - ասաց երեխան ու համաչափ քայլերով գնաց:
Հա, մոռացա ասել՝ վերջերս հայ-թուրքական հարաբերությունները առողջանալու միտում են գրանցել: Մեր պատմվածքին չի առնչվում, բայց հետաքրքիր փաստ է: Հայ և թուրք նախարարները հավասարների պես նստել են դեմ դիմաց և դարդերը իրար պատմել: Թուրք նախարարը ասել է, որ հոգնել է լսելուց, հայ նախարարն էլ խոստովանել է, որ խոսելուց է հոգնել: Երկու հոգնած հարևաններ միմյանց խոստացել են ՝ մեկը չխոսել, մյուսն էլ՝ չլսել: Հանճարե՛ղ դիվանագիտություն, որի արդյունքում «լռությունը ոսկի է» ժողովրդական ասացվածքը հայ և թուրք ժողովուրդների օրվա հացն է դարձել: Ոգևորված այդ հաջողությունից երկու նախարարները, գրեթե միաժամանակ, որոշել են իրենց ենթակաների հետ անուն հայրանունով խոսել: Թուրք նախարարը իր ենթակային դիմում է Ալի Մեհմեդօղլի պատվանունով, հայ նախարարը՝ (ճիշտ գուշակեցիք) Հակոբ Արտաշեսի: Այս երկուսը միմյանց հետ ոչ խոսում են, ոչ լսում: Երկուսն էլ հավասարաչափ օդ շնչելու կարիք են զգում. մեկը՝ Դիլիջանում, մյուսը՝ (Աստված չանի) Դիլիջանում: Գրողները ագռավ չեն, բայց ագռավի պես կռկռալ գիտեն: Համաշխարհային ֆինանսական ճգնաժամը գրող Սերվանտեսի օրացուցային խաղալիքն է և գրողը սիրով այն նվիրում է համայն աշխարհի նյութապաշտներին: Այնքա՛ն բան կա ասելու, բայց մի մոռացեք, որ վերջաբան կա: Եթե, իհարկե, այդպիսի բան ընդհանրապես կա:
– Բաց թող երեխայի ձեռքը, - չոր ու անսպասելի ասաց կինը, - և մի հուզվիր:
– Դուք ինձ ճանաչում ե՞ք, - զարմացավ տղամարդը:
– Մի հուզվիր, քեզ վտանգ չի սպառնում:
– Ի՞նչ վտանգ, - վախեցած հարցրեց տղամարդը և շրջվեց երեխայի կողմը, որն անհաղորդ ականջի բլթակի հետ էր խաղում: - Տիգրանիկ, գնա զբոսնելու:
– Լսում եմ, - ասաց երեխան:
– Ի՞նչ վտանգ, - կմկմալով կրկնեց տղամարդը:
– Ես վտա՞նգ ասացի, - իբր շփոթահար ասաց կինը:
– Այո, դուք ասացիք՝ վտանգ:
– Բերնիցս թռավ: Ուզում էի հարցնել՝ այս ի՞նչ է կատարվում աշխարհում, ստացվեց՝ վտանգ:
– Աշխարհո՞ւմ... չգիտեմ: Գուցե և ինչ-որ բան կատարվում է, ինչ իմանամ, գուցե արդեն կատարվել է:
– Երեխային հանգիստ թող, լսո՞ւմ ես, նրա հետ գործ չունես:
– Այսինքն, ինչպես թե գործ չունեմ... Նա իմ որդին է, - ապշահար ասաց տղամարդը:
– Ճիշտ այդպե՛ս, - հեգնեց կինը, - քո որդին է: Երբ մեծանա նրան կոչելու են Տիգրան Հակոբի:
– Դուք գիտեք իմ անո՞ւնը:
– Ոչ միայն... նաև հայրանունը գիտեմ՝ Հակոբ Արտաշեսի:
– Այդպես միայն նախարարն է ինձ կոչում, - վախեցած ասաց տղամարդը, - դուք...
– Ասացի, չէ՞, ձեզ վտանգ չի սպառնում:
– Ի՞նչ վտանգ:
– Ես վտա՞նգ ասացի, դարձյալ բերնիցս թռավ:
– Դուք ինձ ծաղրում եք:
– Նայիր անտառին, հետո նայիր աչքերիս մեջ ու անկեղծորեն ասա, դու այնտեղ ծաղր տեսնո՞ւմ ես:
– Չգիտեմ, - կմկմաց տղամարդը, - հազար տարի է ուրիշի աչքերի մեջ չեմ նայել:
– Ինչո՞ւ այդպես եղավ: Չէ՞ որ գրողը կյանքի ու մահվան արանքում տեղավորված մարդը չէ:
– Ի՞նչ իմանամ, - տխուր ասաց տղամարդը, - ի՞նչ իմանամ, թե որտեղ են ապրում գրողները:
– Անտառի մեջ, - ասաց կինը:
– Նա ասաց. «Հոգնած ես երևում, Հակոբ Արտաշեսի, երեք օրով Դիլիջան գնա, ուղեղդ թող շնչի և նայեց դահլիճին:
– Իսկ դահլի՞ճը:
– Դահլիճը արձագանքեց՝ թող շնչի...
– Իսկ դո՞ւ:
– Ես ի՞նչ... անուն հայրանունս որպես պարգև խլեցի նախարարի շուրթերից և երախտագիտությամբ արտաբերեցի. «Շնորհակալ եմ, պարոն նախարար»:
– Տխուր է, երբ գրողները դահլիճ են դառնում, - ասաց կինը:
– «Տխուր է, երբ գրողները դահլիճ են դառնում», - կրկնեց տղամարդը:
– Լսո՞ւմ եք, - հարցրեց կինը:
– Շների կլա՞նչը...
– Քո վնգստոցն է, - ասաց կինը, - խնամակալիդ ես կորցրել, ցավից վնգստում ես:
– Ուրիշներին խոցելը քեզ հաճո՞ւյք է պատճառում, - հարցրեց տղամարդը:
– Ուրիշի ցավը ինձ բալասան չէ, - ասաց կինը, - երեխային եմ խղճում:
– Հասկացա, - ասաց տղամարդը, - դու մենակ ես:
– Որտեղի՞ց հնարեցիր, որ մենակ եմ, - բորբոքվեց կինը, - իսկ այս անտա՞ռը, երկի՞նքը...
– Գիտե՞ս, - ասաց տղամարդը, - այն ժամանակ, երբ ես գրող էի, իմ մականունը «թռչուն» էր:
– Գեղեցիկ կանանց սրտե՞րն էի կտցահարում:
– Տնից տուն էի թռչում, սեղանից սեղան, բաժակից բաժակ, տողից տող, նաև՝ հրապույրից հրապույր:
– Հոյակապ է, - ասաց կինը:
– Ի՞նչը:
– Անկախությունը, սիրելիս, անկախությունը:
– Ընթրիքի ժամն է, - ասաց տղամարդը և ձեռքով որդուն մոտ կանչեց:
– Հայրիկ, ո՞վ էր այդ կինը, - հարցրեց երեխան:
– Ոչ մի կին էլ չկար, - ասաց հայրը, - ես էի, դու և մեկ էլ անտառը:
Ասելու բան չմնաց: Մնացածը կասեն Սանչո Պանսան և Դոն Քիշոտը, յուրաքանչյուրը իր բառապաշարով: Հայ և թուրք նախարարները համաշխարհային ֆինանսական և այլ ճգնաժամերից դուրս գալու ելք, խոսելով թե լսելով, հավանաբար, կգտնեն: Գրողների և չեկիստների հավերժական հակամարտությունը, որը մեր կյանքի առանցքն է, հավանաբար, կշարունակվի ստանալով նոր հնչերանգներ և ընդգրկելով նոր հարթություններ: Հաղթողներ և պարտվածներ չեն լինի՝ ամենքը կունենան նույն անուն հայրանունները, զորօրինակ՝ Հակոբ Արտաշեսի: Աստված երկար կյանք տա մեր նախարարներին, իսկ մեզ՝ երեք օր առանց նախարարի ապրելու բախտավորություն:
Похожие
Нарек Саркисян, погибший накануне в Сюнике, был из Севана
Америабанк предоставил бизнес-кредиты на сумму более 14 млрд драмов в сфере возобновляемой энергетики
Америабанк назван лучшим банком по обмену валюты в Армении по версии журнала Global Finance
Применение «умных» решений в финансовых компаниях: Америабанк – партнер саммита Silicon Mountains 2022
Америабанк назван банком года Армении в 2022 г. журналом The Banker
Ameria PhonePOS. Новое приложение для получения безналичных платежей с помощью смартфона
Google Pay и Google Wallet доступны для клиентов Америабанка
Америабанк. В авангарде банковского сектора Армении
Америабанк назван самым надежным банком Армении по версии журнала Global Finance
Успешно завершена крупнейшая программа по корпоративным облигациям на рынке ценных бумаг РА
Global Finance удостоил Америабанк наградой «Самый инновационный цифровой банк в Центральной и Восточной Европе 2022»
Америабанк удостоился награды Euromoney за превосходство как лучший банк в Армении в 2022г.
Безналичное лето: Возможность выиграть 22 путевки для клиентов Америабанка
Америабанк объявлен победителем в номинации «Лучший банк в области устойчивого финансирования 2022»
Америабанк получил награду «Сделка года 2021 – зеленая торговля» в рамках Программы содействия развитию торговли ЕБРР
Սոնայի ամուսինը հրաժարվել էր ընդունել Փաշինյանի ցավակցությունները, իսկ տղաների ծնողները մոռացել էին, թե ով է մեղավոր նրանց մահվան մեջ
Америабанк признан лучшим банком Армении в 2022г. по версии журнала «Global Finance»
Известны победители рекламных лотерей Америабанка «Живи по-армянски», «Живи с улыбкой» и «Живи без границ»
Америабанк признан лучшим инвестиционным банком Армении по версии Global Finance
Америабанк удостоился очередной награды Международной финансовой корпорации в сфере торгового финансирования
Америабанк привлек капитал второго уровня на сумму 15 млн евро от компании «Триодос Инвестмент Менеджмент»
Америабанк заключил новые кредитные договоры с responsAbility и ГФКП
Поколение Америя 14. Эксклюзивная возможность начать профессиональную карьеру в
Америабанке
Америабанк и Фонд международного развития ОПЕК заключили кредитное
соглашение на сумму 30 млн долларов США для развития устойчивой энергетики
и малого бизнеса в Армении
Банкоматы Америабанка и банка «HSBC Армения» будут обслуживать держателей карт двух банков по специальным тарифам
Коронавирус в Украине и мире: главные новости 24 марта
Мировая схватка с коронавирусом: Китай обнадежил прорывом
Зараженных намного больше: врач инфекционист обратилась к украинцам
Из Польши 20 марта поездами привезли более тысячи украинцев
В Житомире подтвердили первый случай коронавируса
Раскрыт главный секрет коронавируса
Самое популярное
Сегодня
За неделю
За месяц
Как женщины уничтожают мужественность в мужчинах
18-летний охранник на концерте Джастина Бибера затмил самого певца
Мелания Трамп продолжает выбирать черные наряды для дипломатических встреч
Юлия Ковальчук с короткой стрижкой стала похожа на голливудского актера
Tyga нашел замену Кайли Дженнер: что мы знаем о 24-летней модели и бывшей официантке Джордан Озуна
ПОСЛЕДНИЕ НОВОСТИ. АНАСТАСИЯ ЗАВОРОТНЮК
Турецкая газета впечатлена 120-миллионной яхтой Самвела Карапетяна
«Айоц Ашхар»: По факту аудиозаписи собрания компании САС заведено уголовное дело
«Жаманак»: Самый вероятный кандидат на должность губернатора Армавира – сын генерала Манвела Григоря...
«Айкакан Жаманак»: Министр юстиции Арпине Ованнисян желает получить мандат
Beeline – спонсор международного фестиваля авторской песни «Парус надежды-2017»
Звезда Шарля Азнавура будет установлена на Аллее славы Голливуда
Рейтинг Empire: кинолюбители назвали лучший фильм всех времен
Современное армянское кино будет представлено на кинофестивале в Турции
Дом Мэрилин Монро выставили на продажу за семь миллионов долларов